13/08/2026

EU – Armenia

Նոր արտոնություններ Սամվել Ալեքսանյանին

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը տրամադրված մաքսատուրքից ազատման արտոնությունը։

Նոր փոփոխության արդյունքում արտոնության ընդհանուր չափը կկազմի մոտ 113,8 մլն դրամ։

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծով՝ ընկերությանը թույլատրվում է ներդրումային ծրագրի շրջանակում լրացուցիչ հումք և նյութեր ներմուծել առանց մաքսատուրքի վճարման։ Ընկերությունն այժմ նախատեսում է ներմուծել ևս 85,4 մլն դրամի հումք։

Նախարարության հիմնավորմամբ՝ լրացուցիչ ներմուծման անհրաժեշտությունը պայմանավորված է ընկերության ստացած պատվերների ավելացմամբ։ Նոր հումքի ներմուծումը, ըստ նախագծի, անհրաժեշտ է արտադրական գործընթացն առանց ընդհատումների շարունակելու և պատվերների կատարման բնականոն ընթացքն ապահովելու համար։

Փոփոխությունների իրականացումից հետո ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 1,7 մլրդ դրամ։ Այդ ներմուծումների նկատմամբ կիրառվող մաքսատուրքից ազատման արտոնության ընդհանուր չափը կգնահատվի 113,8 մլն դրամ։