Եկեք խոստովանենք, որ, այնուամենայնիվ, շատ խորամանկ ու ճկուն իշխանություն ունենք: Ապա փորձեք հետ նայել անցած 8 տարիներին:
Հրապարակ թերթը գրել է․ Այսքան կորուստներ, սխալներ, վրիպումներ, հանցագործություններ եւ ապօրինություններ, որ այս իշխանությունն է արել, մեր պատմության նախորդ 30 տարում, միասին վերցրած, չի եղել:
Միեւնույն ժամանակ` սրանք ոչ միայն կարողացել են իշխանությունը պահել, այլեւ իրենց պարտությունները հաղթանակ ներկայացնել, կորուստները` ձեռքբերում, թշնամուն արված զիջումները` իրենց կամքով իրականացված որոշումներ, ինքնիշխանության կորուստը` ինքնիշխանության հաղթանակ եւ այլն:
Կարողացել են մեր անորոշ ապագան լուսավոր գույներով ներկայացնել, իսկ առջեւում թաքնված վտանգները քողարկել, նաեւ խաբել ու մոլորեցնել հանրությանը` այն աստիճանի, որ որոշ, անգամ ոչ այնքան հիմար մարդիկ կրկնում են այդ թեզերն ու արդարացնում կատարվածը: Կարողացել են այնպես անել, որ հանրային գիտակցության մեջ 20 տարի, 10 տարի առաջ պաշտոնավարած նախագահներին ավելի մեծ մեղքեր են վերագրում, քան այս կորուստների պատճառ դարձած վարչապետին:
Կարողացել են ամեն ինչ գլխիվայր շրջել, իրենց բոլոր մեղքերն ուրիշներին վերագրել, 10 օրով պաշտոնավարած Արցախի նախագահին Արցախը հանձնելու մեջ մեղադրել, իսկ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին զիջած ՀՀ վարչապետին անմեղ զոհ համարել:
Եվ այս բոլորը՝ «ճիշտ» քարոզչության, մանիպուլյատիվ հնարքների, իրականությունը գլխիվայր շրջված ներկայացնելու եւ պոպուլիզմի միջոցով: Անգամ այն զանգվածը, որը հասկանում է, թե ինչ է կատարվել այս տարիներին, եւ երազում է ՔՊ-ական իշխանությունների հեռացումը, ըստ էության, սկսել է ծառայել իրենց շահերին: Եթե նկատել եք` արմատական տրամադրված զանգվածը հիմա ավելի մեծ պահանջներ է ներկայացնում ընդդիմադիրներին, քան՝ իշխանավորներին:
Գուցե սա էլ է ՔՊ-ական «հմուտ քարոզչության» արդյունքում ձեռք բերված «հաջողություն», բայց փաստ է, որ իշխանամետ զանգվածը գովերգում է իշխանություններին եւ քննադատում ընդդիմությանը, հակաիշխանական զանգվածը չի գովերգում իշխանություններին, բայց քննադատում է ընդդիմությանը:
Մինչդեռ ընդդիմադիր հայացքներ ունեցող զանգվածի եւ մեր հանրության յուրաքանչյուր անդամի պարտականությունը, խնդիրը, առաքելությունը պետք է նույնպես լինեն այս իշխանություններին հեռացնելը, այլ ոչ թե դիտորդի նման կողքից ընդդիմությանը քննադատելը, ընդդիմությանը պահանջներ ներկայացնելը:

Բաց մի թողեք
Ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլեւ իրավաբանական տարրական գիտելիքի պակաս տեսանք
Մի կրակոցով` երկու նապաստակ
Որքանով ես եմ տեղյակ, քաղաքապետն այնքան էլ մեծ համակրանք չի վայելում