Որ այսօրվա տիտղոսակիր ընդդիմությունն իր որդեգրած մարտավարությամբ էականորեն տարբերվում է նախկին ընդդիմությունից, մասնավորապես ամենամեծ ընդդիմադիր ուժը` «Ուժեղ Հայաստանը», նախորդ առաջատարից՝ «Հայաստան» դաշինքից, տեսանելի դարձավ հենց առաջին շաբաթվա ընթացքում:
Հրապարակ թերթը գրել է․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ոճի մեջ՝ բարեկիրթ եւ կառուցողական դիրքերում է փորձում առայժմ մնալ եւ իր ղեկավարած ֆրակցիան էլ «ռինգ» չհանել, ինչը հանրության որոշ շրջանակների եւ հատկապես իշխանականների կողմից թուլության եւ կոմպրոմիսի գնալու տպավորություն է թողնում: Սակայն վերջին օրերի միջադեպի «իտոգը» պարզ դարձրեց, որ նոր ընդդիմության նոր ոճը թեպետ տարբերվում է, բայց «ուժեղները» չեն պատրաստվում կուլ գնալ իշխանականներին եւ թույլի ու տուժածի դիրքում տեղավորվել:
Երկու օր է՝ խորհրդարանը փոթորկվել է պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից եւ հատկապես` իշխանականներին ուղղված «սրիկայաբար» արտահայտությունից: ՔՊ «հրեշտակաց» ֆրակցիան, որն 8 տարի շարունակ ատելություն ու վիրավորանք է տարածել, իսկ իրենց առաջնորդ Փաշինյանն ամենավերջին բառերն է կիրառել բազմաթիվ հարգված անձանց, ինստիտուտների ու խմբերի նկատմամբ, մի քանի օր է՝ հուզված «ատչյոտ» է պահանջում Ղազարյանից ու նրա խմբակցությանը փորձում ներողություն պարտադրել: Նարեկ Կարապետյանի՝ միջադեպից րոպեներ անց զգուշավոր արձագանքն էլ ավելի է ոգեւորել ուսապարկերին ու վրդովեցրել հանրությանը: Հիշեցնենք, որ Կարապետյանը Էդգար Ղազարյանի «սրիկայաբար» արտահայտությունը խնդրահարույց էր համարել եւ խոստացել այն քննարկել խմբակցությունում: Բայց հանրության ակտիվ շրջանակներն այդ հայտարարությանը շատ վատ վերաբերվեցին, դա ընկալեցին որպես թուլության եւ կոմպրոմիսի գնալու քայլ եւ սկսեցին դաժանաբար քննադատել նրանց ու պաշտպանել Ղազարյանին, որը «մի բան էլ քիչ է ասել»:
Ընդդիմադիրներին, հեգեւորականներին, նախկին նախագահներին, դատավորներին, դիվանագետներին ամենավատ բառապաշարով որակումներ տված՝ «շնաբարո դուրսպրծուկներ», «կոշիկ լիզողներ», «ստահակ», «մատ էլ թափ կտամ, ուրիշ բան էլ թափ կտամ», «բռնելու ենք՝ շինենք», «կծեփեմ ասֆալտին», «կկզըցնեմ», «բոմժ կսարքեմ», «վեր ընգեք տեղներդ» եւ շատ ուրիշ վիրավորական արտահայտություններ թույլ տված Փաշինյանի թիմակիցները միջադեպից մեկ օր անց էլ չէին հանդարտվում` «սրիկայաբար» բառի մեջ աշխարհի մեղքերն ու աններելի վիրավորանք տեսնելով:
Երեկ առավոտյան նրանք կրկին ԱԺ նիստի մեկնարկին «ուժեղներին» սկսեցին պարտադրել, որ ներողություն խնդրեն, սակայն չհաջողեցին ու փորձեցին «ստրախ գանյատ անել»` Ռուբեն Ռուբինյանն ու մի խումբ ՔՊ-ականներ ցուցադրաբար հեռացան դահլիճից` իբր որ քննարկեն Էդգար Ղազարյանի ճակատագիրը, սակայն դա էլ «ուժեղներին» չսասանեց:
Օրվա երկրորդ կեսին Նարեկ Կարապետյանը խորհրդարանում լրագրողներին ճեպազրույց տվեց եւ ասաց, որ խմբակցության նիստում քննարկել են հարցը եւ հրապարակման ենթակա երկու որոշում կայացրել, այն է՝ Ղազարյանը ներողություն չի խնդրի, նրա տեղը դահլիճում փոխել են` սկզբում ՔՊ-ականների հարեւանությամբ էր նստում, միջադեպից հետո տեղափոխել էին շարքերի խորքը: Նարեկ Կարապետյանն ասաց, որ ոչ հրապարակային որոշում էլ են կայացրել, բայց չմանրամասնեց, թե ինչ: Տեղեկացանք, որ Ղազարյանին ասվել է, որ իր ելույթում զերծ մնա վիրավորական բառեր գործածելուց, սուր ելույթներ կարող է ունենալ, բայց առանց վիրավորական մակդիրների:
Ի դեպ, ՔՊ- ականները «վիզ էին դրել» նաեւ, որ Ղազարյանը վայր դնի մանդատը, սակայն այդ հարցն անգամ չեն քննարկել: Բայց այս պահին Ղազարյանի նկատմամբ կայացված մեղադրական վերդիկտ կա, եւ եթե հետագայում մեղադրական դատավճիռ լինի, ու այն ուժի մեջ մտնի, օրենքի ուժով նա կարող է զրկվել մանդատից: Մեղադրանքը միանգամայն անհեթեթ է ու քաղաքական եւ վերաբերում է ՍԴ դատավորների հետ կապված իբրեւ թե արատավոր տեղեկություններ տարածելուն: Հուսանք՝ դատական համակարգը կսկսի իր մեջ ուժ գտնել, եւ ոչ միայն Վեհափառի, այլեւ մյուս քաղաքական մեղադրանքներով դատավճիռներ չեն արձակվի, իշխանությունների ապօրինի ցանկություններն ի կատար չեն ածվի: Դա նաեւ բխում է դատավորների շահերից:

Բաց մի թողեք
Եթե մեզ տանեն կործանման, միաժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի
Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը
Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց