«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը, և որոշում է կայացվել, որը բաղկացած է 2 մասից: Մեկը հրապարակային է, մյուսը՝ ոչ:
Այս մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ շարունակելով. «Հրապարակային որոշումն այն է՝ Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրելու»:
Հիշեցնենք՝ ԱԺ հերթական նիստերի նախորդ օրը՝ օգոստոսի 13-ին, իրավիճակն ԱԺ դահլիճում լարվել էր Էդգար Ղազարյանի ելույթից հետո, որը ԱԺ պատգամավորներին ու իշխանությանը վիրավորել էր:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին, ասել էր, թե արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն ԱԺ դահլիճում խախտվում են: 10 օրվա ընթացքում 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն: Ռուբինյանը հավելել էր, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը կգա և ներողություն կխնդրի իր արտահայտության համար:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը արձագանքել էր, թե որպեսզի լինեն արդար, ինքն ու խմբակցությունը ինչ-որ չափով կիսում են մտահոգությունը, և խմբակցությունում տեղի կունենա նիստ, կքննարկվեն հետագա քայլերը:
Ռուբեն Ռուբինյանը խնդրել էր գնահատական տալ տեղի ունեցածին, Նարեկ Կարապետյանը արձագանքել էր. «Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակում դա բարեվարքության նորմի խախտում էր»:

Բաց մի թողեք
Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել
ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց
Հայտնի է Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը