18/08/2026

EU – Armenia

Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել

Շաբաթներ առաջ Գագիկ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգուց առգրավվեցին եւ Երեւանի կենդանաբանական այգուն ի պահ տրվեցին 4 վագր, 3 առյուծ (որից մեկը քնեցումից չարթնացավ), 9 կոկորդիլոս եւ 13 կարապ։

Հրապարակ թերթը գրել է․ Համացանցում առյուծի անկման միջադեպը բուռն քննարկումների ու քննադատության առիթ դարձավ։ Քննարկումների առանցքում էր նաեւ կաթնասուններին սթրեսի ենթարկելու հարցը, քանի որ դրանք մշտապես գտնվել են նույն անձի` նույն խնամողի խնամքին։ Երեւանի կենդանաբանական այգին, արձագանքերով քննարկումներին, Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու խնամողին հրավիրեց աշխատել այգում, որպեսզի նա մասնակցի կենդանիների խնամքի գործին։

Մեզ հետ զրույցում «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը նշեց, որ այդ անձի հետ արդեն համագործակցում են։ «Տվյալ խնամողին առաջարկություն արվել է ոչ թե այն պատճառով, որ այգին չունի համապատասխան մասնագետներ, այլ ուղղակի որ չստացվեր, որ տվյալ խնամողը զրկվում է աշխատանքից, կամ որպեսզի վստահ լինեին, որ կենդանիներն ունեն իրենց ծանոթ խնամող։ Այո, իրեն հրավեր արվել է, ինքը ներկայում համագործակցում է կենդանաբանական այգու հետ, բավականին հարմար գրաֆիկով` մեզ մոտ պայմանագրային աշխատակից է»։