ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը 2026 թվականի հուլիսի 24-ին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ բարձրաձայնելով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից «Օլիմպավան» մարզահամալիրի, իր գնահատմամբ, անհամաչափ և ոչ իրավաչափ կապարակնքման խնդիրը։
Դիմումով ներկայացվել են համապատասխան փաստերը և ընդգծվել, որ անընդունելի է ենթադրյալ հանցագործության վերաբերյալ նախաձեռնված հանրային վարույթի շրջանակում ամբողջ մարզահամալիրի կապարակնքումը, երբ հնարավոր էր սահմանափակվել միայն այն գրասենյակների կամ վարչական մասնաշենքի կապարակնքմամբ, որոնք անմիջականորեն առնչվում են քննության առարկային, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող փաստաթղթերի պահպանման վայրերով՝ չոտնահարելով մարզահամալիրում մարզվող երեխաների, մարզիկների և այլ անձանց իրավունքները։
Դիմումում, մասնավորապես, շեշտվել է, որ երեխաներից շատերը մարզահամալիրից օգտվում են բժիշկների ցուցումով և վճարովի հիմունքներով, ուստի դրա գործունեության ամբողջական դադարեցումը կարող է լրջորեն անդրադառնալ նրանց առողջությանն ու իրավունքների իրացման հնարավորությանը՝ պատճառելով առողջական և ֆինանսական վնասներ։
2026 թվականի օգոստոսի 7-ին Էդգար Հովհաննիսյանը կրկին դիմել է ՄԻՊ-ին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն իր նախորդ դիմումի հիման վրա ձեռնարկված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ։
Ի պատասխան՝ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացվել է, որ հարցն ուսումնասիրվել է, և համապատասխան հարցում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Միաժամանակ նշվել է, որ արդյունքների մասին դիմումատուին լրացուցիչ կտեղեկացնեն։
Սակայն անցել է ավելի քան 30 օր, և դիմումատուն այդպես էլ չի ստացել օրենքով նախատեսված համապատասխան պատասխանը։
Այս առնչությամբ անհրաժեշտ է հիշեցնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին Սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի պահանջները, համաձայն որի՝
Բողոքն ստանալուց և հաշվառելուց անմիջապես հետո Պաշտպանի սահմանած կարգով իրականացվում է բողոքի ուսումնասիրություն, որի հիման վրա Պաշտպանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
բողոքը քննարկման ընդունելու մասին.
բողոքը չքննարկելու մասին.
բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին.
բողոքն այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին։
Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշման օրինակը Պաշտպանն ուղարկում է բողոք ներկայացրած անձին սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում։
Այս պարագայում, բնականաբար, հարց է առաջանում՝ եթե օրենքը հստակ սահմանում է բողոքի վերաբերյալ որոշման կայացման և դրա օրինակը դիմումատուին տրամադրելու առավելագույն ժամկետը, ապա ի՞նչ իրավական հիմքով է քաղաքացին 30 օր անց շարունակում սպասել իր բողոքի վերաբերյալ պատշաճ պատասխանին։
Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ խոսքը ոչ թե երկրորդական կամ ձևական հարցի, այլ երեխաների, մարզիկների և այլ քաղաքացիների իրավունքների հնարավոր խախտման մասին է։ Մարզահամալիրի ամբողջական կապարակնքումը և դրա գործունեության դադարեցումը կարող են անմիջականորեն սահմանափակել բազմաթիվ անձանց իրավունքներն ու օրինական շահերը։
Անահիտ Մանասյանին հորդորում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել բացառապես օրենքի պահանջներով՝ ապահովելով քաղաքացիների դիմումների պատշաճ, օբյեկտիվ և ժամանակին քննությունը։
Հ.Գ. Հատկանշական է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակային ելույթներում իրեն ներկայացնում է որպես Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկը։ Սակայն վերոնշյալ հանգամանքներն առնվազն հարցեր են առաջացնում՝ արդյո՞ք ՄԻՊ-ի ինստիտուտն այս դեպքում պատշաճ կերպով է իրականացնում իր Սահմանադրական առաքելությունը։
Եթե մարդու իրավունքների պաշտպանության կոչված կառույցը չի ապահովում օրենքով սահմանված ժամկետների պահպանումը, ապա հասարակության մոտ իրավաչափորեն հարց է առաջանալ՝ ո՞ւմ և ինչպե՞ս պետք է դիմի քաղաքացին իր իրավունքների պաշտպանության համար, եթե նույնիսկ ՄԻՊ-ը չի կատարում օրենքով իրեն վերապահված պարտականությունը։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Բաց մի թողեք
ԱԺ-ում ընդունվել է կառավարության ծրագիրը. Փաշինյանը դեռ ․․․ կզացնում է
Ո՛չ նախագահ Քոչարյանին, ո՛չ նրա ընտանիքին հնարավոր չէ ընկճել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները չեն ներկայացել ԱԺ նիստին