27/08/2026

EU – Armenia

Զանգում-պահանջում է խզել կապերն Իրանի հետ. ի՞նչ անի Հայաստանը, եթե իրեն դիմեն

ԱՄՆ-Իրան պատերազմը ռազմադաշտից տեղափոխվում է ֆինանսատնտեսական դաշտ, ամեն դեպքում՝ նման «խաղակեսի» է անցել Սպիտակ տունը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ։

Հրապարակ թերթը գրել է․ Ինչպես հայտնի է, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի դեմ «տնտեսական Դ-օր»-ի (վճռորոշ հարձակման) եւ պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցների կիրառման մասին՝ ի կատարումն Թրամփի որոշման։ Նոր պատժամիջոցները կլինեն Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու արշավի մի մասը, որն ԱՄՆ նախագահը հայտարարել էր օգոստոսի 20-ին։ Ավելին, ամերիկացի առաջնորդը սպառնացել է «մեծ տնտեսական հետեւանքներով» ցանկացած երկրի համար, որը որեւէ աջակցություն կցուցաբերի Իրանին։

Ֆինանսական աննախադեպ «պատերազմ» հայտարարելուց ժամեր անց հայտնի է դարձել, որ Թրամփը հեռախոսազրույցներ է ունենում աշխարհի տարբեր երկրների առաջնորդների հետ, կոչ անելով նրանց՝ դադարեցնել Իրանի հետ բոլոր շփումները։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը․ «Նախագահը զանգահարում է համաշխարհային առաջնորդներին՝ Իրանի հետ համագործակցությունը դադարեցնելու կոնկրետ խնդրանքով»։ Այդուհանդերձ, նա չի մանրամասնել, թե որ պետությունների ղեկավարներին է զանգահարել Թրամփը։ «Մենք արդեն տեսնում ենք որոշ արդյունքներ, եւ ես վստահ եմ, որ նախագահը, ինչպես բոլորդ գիտեք, շատ համոզիչ է։ Իր զանգերից բացի, մենք այցելություններ եւ զանգեր ենք կատարում Պետդեպից եւ ֆինանսների նախարարությունից, որոնց ընթացքում հստակորեն փոխանցում ենք առաջնորդներին, երկրներին եւ կազմակերպություններին, թե ինչ ենք ակնկալում նրանցից եւ ինչ ժամկետներում։ Եվ ես կարծում եմ, որ եթե նրանք չարձագանքեն, դուք շատ շուտով կտեսնեք նրանց գործողությունների հետեւանքները»,- հավելել է Բեսենթը։

Այս համատեքստում ուշագրավ է նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի մեկնաբանությունը, որի պնդմամբ՝ Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ հարվածների վերսկսումը, սակայն տնտեսական ճնշումը համարում է Թեհրանի վրա ազդելու ամենաարդյունավետ գործիքը։ Վիսկոնսին նահանգի Օշկոշ քաղաքում լրագրողների հետ զրույցում Հեգսեթը հերքել է ենթադրությունը, որ Իրանի դեմ ամերիկյան հարվածները «հետաձգված են»․ «Ոչ։ Եթե մեզ անհրաժեշտ լինեն կինետիկ հարվածներ, մենք կիրականացնենք դրանք։ Եթե Իրանն այնքան հիմար լինի, որ գերագնահատի իր հնարավորությունները կամ բախվի ԱՄՆ զինված ուժերին, մենք կանենք այն, ինչ պետք է»։ Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ տնտեսական ճնշումն այժմ ամենամեծ վնասն է հասցնում Իրանին։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն չի բացառում Հորմուզի նեղուցում կամ Իրանի մոտակայքում հարվածների հավանականությունը։ Նրա խոսքով, Թեհրանն ունի «միայն մեկ ընտրություն»՝ համաձայնել միջուկային բանակցություններին, ինչպես ձգտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թեհրանի արձագանքն արդեն հայտնի է։ Իրանի կառավարությունը նախապես պատրաստվել է ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր խստացմանը եւ նոր սահմանափակումների սահմանմանը՝ մշակելով դրանց հետեւանքները նվազագույնի հասցնելու ծրագիր։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ էկոնոմիկայի նախարար Սեյեդ Ալի Մադանիզադեն․ «Երկրի կառավարությունը նախապես պլանավորել է, թե ինչպես դիմակայել ԱՄՆ պատժամիջոցներին, եւ լիովին պատրաստ է նոր սահմանափակումներին»։ Նա նշել է, որ «կաբինետն ունի երկամյա տնտեսական զարգացման ծրագիր, եւ այն հաշվի է առնում բոլոր համապատասխան հարցերը»։ Նրա կարծիքով, «Վաշինգտոնը չի կարողանա հասնել իր նպատակներին՝ կտրելով Իրանի տնտեսության զարկերակները»։ Միեւնույն ժամանակ, նախարարը խոստովանել է, որ «պատերազմն ազդել է արդյունաբերության, մասնավորապես՝ մետաղագործական գործարանների շահագործման վրա»։ «Բայց մենք վերականգնել ենք դրանք եւ շարունակում ենք պաշտպանել երկիրը»,- հայտարարել է Մադանիզադեն։

Իրանի էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն «կրկին կձախողվի» Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելիս։ «Միաբեւեռ աշխարհն ավարտվել է, եւ նրանք կրկին կզգան դա։ Նրանք կտեսնեն, որ չեն հաջողի»,- ընդգծել է Մադանիզադեն։ Նախարարը նաեւ հայտարարել է, որ «Իրանի թշնամիները մտադիր են տնտեսական ահաբեկչություն իրականացնել երկրի դեմ», սակայն Թեհրանն ունի սեփական հակազդեցությունները։ «Եվ մենք գիտենք, թե ինչպես խաղալ այս խաղը։ Աշխարհի երկու խոշորագույն երկրները մերժել են Իրանին ուղղված այս ամերիկյան տնտեսական հարվածը, եւ շատ ուրիշներ չեն ընդունի այն ո՛չ պաշտոնապես, ո՛չ էլ ոչ պաշտոնապես»,- բացատրել է իրանցի նախարարը։

Թե ինչպիսին կլինեն ԱՄՆ-Իրան առճակատման ու դրա շրջանակում Թրամփի վարչակազմի՝ համաշխարհային հանրությանը ներկայացվող հերթական շանտաժի հետեւանքները, առայժմ դժվար է ասել։ Միաժամանակ, կարելի է ուրվագծել այն երկրների ցանկը, որոնք կարող են ականջալուր լինել ԱՄՆ նախագահի՝ Իրանի հետ կապերը խզելու հորդորին, բայց կարեւորն այստեղ Հայաստանի մոտեցումն է։

Հաշվի առնելով, որ մեր երկիրն ավանդական սերտ հարաբերություններ, ֆինանսատնտեսական փոխառնչություններ ունի հարեւան ու բարեկամ Իրանի հետ, չի բացառվում, որ Թրամփը դիմի նաեւ Հայաստանին։ Իհարկե, վաղուց գաղտնիք չէ, որ Թեհրանի հետ հարաբերություններում, ինչպես մեր մյուս բնական դաշնակիցների դեպքում, պաշտոնական Երեւանը լուրջ բացթողումներ ունի ոչ միայն արտաքին ձախողված քաղաքականության, այլեւ՝ Արեւմուտքի նկատմամբ կույր ու աղետաբեր հակվածության պատճառով։ Եթե Ռուսաստանի պարագայում Եվրոպայի եւ Արեւմուտքի շանտաժը տակավին հակառուսական խոսույթի, հայտարարությունների մակարդակում է, Իրանի դեպքում հարցը դրված է ուղիղ, եւ այստեղ չի փրկելու փաշինյանական հայտնի անատամ ու լողացող դիվանագիտության «շպագատը»։ Այստեղ պետք է հստակ ու աներեր կանգնել երկու ոտքի վրա եւ աներկբա հայտարարել՝ Իրանը մեր դարավոր ու բարեկամ երկիրն է, եւ ոչ մի սակարկություն նրա դեպքում ընդունելի չէ։