27/08/2026

EU – Armenia

Լուկաշենկոն բաց տեքստով Վատիկանին մեղադրել է ՌԴ նախագահ Պուտինին «խաբելու» մեջ

Վատիկանի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում։ Նախօրեին այդ մասին հայտնել է Սուրբ աթոռի Vatican News-ը։

Ըստ այդմ, արքեպիսկոպոս Գալագերը «չորսօրյա հագեցած հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության իշխանությունների և Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցիչների, Ռուսաստանի կաթոլիկ համայնքի եպիսկոպոսների հետ»։

Վատիկանի և Մոսկվայի պատրիարքարանի միջեւ հարաբերությունները գրեթե խզվել են 2022թ․-ից, երբ Ռուսաստանը Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» է սկսել։ Ըստ «Նեզավիսիմայա գազետա»-ի, հարաբերությունները «ավելի բարդացել են Կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետի օրոք»։

Հայտնի է, որ օգոստոսի 10-ին Հռոմի Լևոն պապը Ռուսաստանին և Ուկրաինային պատերազմին վերջ տալու և «դիվանագիտության համար տեղ բացելու» կոչ է ուղղել։

Վատիկանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Յուրմաշը այդ առթիվ ասել է, որ Սուրբ աթոռի «հռչակագրած չեզոքությունը իրականում խաբուսիկ» է։ Նրա գնահատմամբ՝ Վատիկանը «միանշանակորեն պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, իսկ միջազգային ասպարեզում դիվանագիտական բոլոր հնարավոր խողովակներոով նրան օգնություն է ցուցաբերում»։

Իր հերթին Վատիկանում Ռուսաստանի դեսպան Իվան Սոլտանովսկին հայտարարել է, որ Սուրբ աթոռը «չի պաշտպանում Ռուսաստանի քաղաքական և դիվանագիտական մեկուսացման ուղեգիծը և Մոսկվայի հետ բաց երկխոսությունը պահպանում» է։

Արքեպիսկոպոս Գալագերը Մոսկվա քառօրյա այցը, նրա հանդիպումների ժամանակացույցը վկայում են, որ Վատիկանը, իրոք, Ռուսաստանի իշխանությունների և Մոսկվայի պատրիարքարանի հետ երկխոսությունը պահպանում է։ Այլ բան է, թե այդ առաքելությունը ի՞նչ արդյունք կունենա։

Այս առումով չափազանց կարեւոր է հիշել, որ արքեպիսկոպոս Գալագերի Մոսկվա այցից մոտ մեկ շաբաթ առաջ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն բաց տեքստով Վատիկանին մեղադրել է ՌԴ նախագահ Պուտինին «խաբելու» մեջ։

Ըստ նրա, 2022թ․ մարտի կեսերին Ռուսաստանը զորքերը «Կիևից դուրս է բերել՝ հավատալով Վատիկանին»։ Հատկանշական է, որ Սուրբ աթոռի դիվանագիտական ծառայության ղեկավարի մոսկովյան հանդիպումների մեկնարկը համընկել է ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ռետկլիֆի ՌԴ մայրաքաղաք կարճատեւ այցին։ Հռոմի Լևոն պապը Կաթոիլ եկեղեցու ամերիկյան ծագումով առաջին հովվապետն է։