01/09/2026

EU – Armenia

Ում է ընդունել ԳՇ պետը․ մանրամասներ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը, որը գլխավորել է քոլեջի հրամանատար Մանիշ Կումար Գուպտան։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանական ոլորտում իրականացվող փոփոխությունները և Զինված ուժերի զարգացմանն ուղղված գործընթացները։ ԳՇ պետը ներկայացրել է Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով նաև դրանց շրջանակում իրականացվող Զինված ուժերի կերպափոխման գործընթացին։

Հանդիպումը հնարավորություն է տվել հնդկական կողմի ներկայացուցիչներին ծանոթանալու Հայաստանի պաշտպանական համակարգում իրականացվող փոփոխությունների նպատակներին և ընթացքին։

Քննարկման ավարտին Էդվարդ Ասրյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին՝ ներկայացնելով համապատասխան պարզաբանումներ բարձրացված թեմաների վերաբերյալ։