Սեպտեմբերի 1-ին երեխան առաջին անգամ մտնում է ոչ միայն դպրոց։ Նա առաջին անգամ մտնում է պետության կազմակերպած աշխարհ։
Այստեղ է նա սովորում ոչ միայն կարդալ ու հաշվել, այլ ապրել ուրիշների հետ, ընդունել կանոնը, կասկածել, հարցնել, պատասխանատվություն կրել, պաշտպանել սեփական կարծիքը և հարգել ուրիշինը։ Այդ պատճառով դպրոցի որակը, ի վերջո, պետության որակն է։
Հայաստանի համար սա հատկապես կարևոր է։ Մենք չունենք մեծ շուկա, ծով, նավթ կամ ժողովրդագրական հսկայական պաշար։ Մեր հիմնական ռազմավարական ռեսուրսը մարդն է։ Հետևաբար կրթությունը մեզ համար սոցիալական քաղաքականության հերթական ոլորտը չէ։ Այն տնտեսական մրցունակություն է, ազգային անվտանգություն և պետական ինքնիշխանություն։
2026–2031 թվականների կառավարության ծրագրի կրթական տրամաբանությունն այս առումով կարևոր փոփոխություն է առաջարկում։ Դպրոցը պետք է դադարի լինել պարզապես գիտելիք փոխանցող հաստատություն և դառնա կարողություններ ձևավորող միջավայր։ Պետությունը շարունակում է դպրոցների կառուցումն ու վերակառուցումը, ուսուցիչների ատեստավորումը և վարձատրության բարձրացումը, կրթական բովանդակության փոփոխությունը։ Բայց այս ամբողջ քաղաքականության արժեքը որոշվելու է մեկ հարցով՝ ինչպիսի՞ մարդ է դպրոցը տալիս Հայաստանին։
Ուսուցիչների ատեստավորման շուրջ վեճն էլ հենց այստեղ պետք է դիտարկել։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը ուսուցչից պահանջել է առաքելություն՝ դրա դիմաց հաճախ առաջարկելով ցածր վարձատրություն և ցածր հասարակական կարգավիճակ։ Այդ պայմանագիրը պետք է ավարտվի։ Ուժեղ ուսուցիչը պետք է բարձր վարձատրվի, բայց բարձր վարձատրությունը նշանակում է նաև բարձր պահանջ։
Դպրոցը նախ և առաջ երեխայի համար է։ Ուստի մասնագիտական բարձր չափանիշը ուսուցչի դեմ ուղղված քաղաքականություն չէ։ Դա երեխայի կրթության իրավունքի պաշտպանությունն է։ Պետությունը չի կարող միաժամանակ հայտարարել, որ կրթությունն իր ռազմավարական առաջնահերթությունն է, և հանդուրժել միջակությունը այնտեղ, որտեղ ձևավորվում է հաջորդ սերունդը։ Բայց այսօր դպրոցին ներկայացվող պահանջը շատ ավելի բարդ է դարձել։
Արհեստական բանականությունը մի քանի տարվա ընթացքում կկարողանա կատարել այն աշխատանքի մեծ մասը, որի վրա կառուցված էր ավանդական դպրոցը՝ տեղեկություն գտնել, թարգմանել, գրել, հաշվել, ծրագրավորել, համադրել։
Ուրեմն դպրոցի խնդիրը այլևս չի կարող լինել պարզապես երեխայի գլուխը տեղեկությամբ լցնելը։ Որքան խելացի է դառնում մեքենան, այնքան կարևոր է դառնում մարդու մեջ պահպանել այն, ինչ մեքենան չունի՝ դատողություն, խիղճ, պատասխանատվություն, երևակայություն, կարեկցանք, ազատ ընտրության կարողություն։
Սա է նոր դպրոցի մեծ հակասությունը. այն պետք է լինի անհամեմատ ավելի տեխնոլոգիական և միաժամանակ՝ անհամեմատ ավելի մարդկային։ Հայաստանի հանրակրթության նոր չափորոշչի առանցքում հենց այդ պատճառով գիտելիքի կողքին դրված են հմտությունը, դիրքորոշումը և արժեքը։ Սա ձևակերպումների փոփոխություն չէ։ Սա պետության պատկերացման փոփոխություն է քաղաքացու մասին։
Մեզ պետք չէ պարզապես լավ տեղեկացված շրջանավարտ։ Մեզ պետք է մարդ, որը կարող է տարբերել փաստը քարոզչությունից, ազատությունը՝ կամայականությունից, հայրենասիրությունը՝ մեկուսացումից, իշխանությունը՝ պետությունից։ Մարդ, որը կարող է համագործակցել աշխարհի հետ՝ առանց կորցնելու իրեն։
Այստեղ կրթությունը դառնում է նաև արտաքին քաղաքականություն։ Հայաստանի եվրոպական ընտրությունը միայն համաձայնագրերի, շուկաների կամ սահմանների մասին չէ։ Եվրոպական քաղաքական մշակույթը կառուցված է ինքնուրույն մտածող անհատի, արժանապատվության, օրենքի, պատասխանատվության և ազատության վրա։ Այդ արժեքները հնարավոր չէ ներմուծել մաքսակետով կամ ընդունել խորհրդարանի քվեարկությամբ։ Դրանք ձևավորվում են ընտանիքում և դպրոցում։
Հետևաբար Հայաստանի եվրոպականացումը, տեխնոլոգիական արդիականացումը և անվտանգության ամրապնդումը վերջում հանդիպում են նույն դասասենյակում։ Մենք սովոր ենք պետության ուժը չափել բանակով, տնտեսությամբ և դաշնակիցներով։ Բայց 21-րդ դարում պետության ուժը չափվում է նաև նրանով, թե ինչ է կատարվում ութ տարեկան երեխայի գլխում։
Կարո՞ղ է նա մտածել։ Կարո՞ղ է հարց տալ։ Կարո՞ղ է չհավատալ առաջին լսածին։ Կարո՞ղ է ստեղծել։ Եվ կարո՞ղ է իր ազատությունը համատեղել ուրիշի ազատության հետ։ Եթե կարող է՝ այդ երեխան արդեն Հայաստանի անվտանգության համակարգի մաս է։ Սեպտեմբերի 1-ի գլխավոր հարցը, հետևաբար, այն չէ, թե քանի երեխա այսօր առաջին անգամ մտավ դպրոց։ Գլխավոր հարցն այն է, թե տասներկու տարի հետո ով է դուրս գալու այնտեղից։
Տեխնոլոգիայի սպառո՞ղ, թե ստեղծող։ Քարոզչության թիրա՞խ, թե քննադատաբար մտածող քաղաքացի։ Պետությունից մշտապես պահանջող մա՞րդ, թե պետության համար պատասխանատվություն ստանձնող քաղաքացի։ Հայաստանի ապագայի ամենակարևոր սահմանը այսօր անցնում է ոչ թե քարտեզի վրա։ Այն անցնում է դասասենյակով։

Բաց մի թողեք
Ինչ ուղերձ է հղել Գարեգին Բ-ն
Ուսումնական գործընթացում անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին. իրազեկում
Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու