03/09/2026

EU – Armenia

Հայուհին Էդինբուրգում իր ղեկավարից դատարանով 22 հազար դոլար է ստացել․ ո՞րն է պատճառը

Աբխազիայից հայազգի փորձնակը բրիտանական հարկային ծառայությունում աշխատանքի ժամանակ իր ղեկավարից դատական կարգով բռնագանձել է 14 հազար ֆունտ ստեռլինգ (18,8 հազար դոլար)՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, և 2 506,95 ֆունտ ստեռլինգ (3 378 դոլար) որպես տոկոսներ՝ կատակի համար, թե իրեն կարող են «գաղտնալսել» որպես ռուսաց լեզվի կրող։

Պատմությունը բրիտանական և համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել է բրիտանական առաջատար պարբերականում և Անձնակազմի և զարգացման թագավորական ինստիտուտի պաշտոնական People Management ամսագրում հրապարակումից հետո։

Էդինբուրգի դատարանը ճանաչել է, որ աղջիկը (գործի նյութերում նա նշված է որպես «միսս X») իր ղեկավարի կողմից ենթարկվել է ուղղակի ռասայական խտրականության և դիտավորյալ թշնամական վերաբերմունքի։

Պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել գերատեսչությունում նրա աշխատանքի հենց սկզբում։ Հարկային ծառայության ուսումնական կենտրոնում ճանաչողական շրջայցի ժամանակ աղջիկը նկատել է, որ իր պայուսակից ընկել է մետաղական ճարմանդը, և վերադարձել է այն գտնելու։ Ղեկավար Դամիան Ռոբսոնը (գործում նշված է DR սկզբնատառերով) գնացել է նրա հետևից և բարձրաձայն հայտարարել, որ այդ դետալը կարող է «գաղտնալսող սարք» լինել «ռուսալեզուների» համար (նա անգլերեն խոսում էր «ռուսական» առոգանությամբ)։

Բացի այդ, հետագայում, երբ կինը ամուսնալուծությունից հետո ոստիկանության և իրավաբանի խորհրդով փոխել է իր (հայկական– խմբ․) ազգանունը, նրա ղեկավարը սկսել է հարցուփորձ անել նրա ծագման, ընտանիքի մասին և գործընկերների ներկայությամբ ստիպել է բացատրել ազգանվան փոփոխության պատճառը։

Միևնույն ժամանակ դատարանը վճռել է, որ Բրիտանիայի հարկային ծառայության՝ աշխատակիցների նախկին ազգանունները ներքին տեղեկատվական համակարգում պահելու պրակտիկան կարող է հատկապես ուժեղ ազդել հայկական ծագում ունեցող աշխատողների վրա, որոնք ամուսնալուծությունից հետո փոխել են ազգանունը։

Դատարանն արձանագրել է նաև փորձաշրջանի արհեստական երկարաձգումը․ ղեկավարը ստիպել է նրան կրկնակի փորձնակություն անցնել, այնինչ նույնպիսի իրավիճակում գտնվող այլ ազգությունների երկու այլ փորձնակների պարագայում դա չի արվել: