03/09/2026

EU – Armenia

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին. ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել

ՀՀ ներքին գործերի նախարարությունը միացել է ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավին և կառավարությանը ներկայացրել ՔՊ-ի մի շարք կին պատգամավորների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը հավանության է արժանացել գործադիր մարմնի նիստի ժամանակ։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասել է, որ Աննա Հակոբյանի սկսած լայնամասշտաբ արշավը նպատակ ունի արգելելու բռնությունը ընտանիքում, ընթացիկ դեպքերի համար քննություն իրականացնել, ընտանեկան բռնության նկատմամբ անհանդուրժողականություն ձևավորել հասարակության մեջ։

Նախարարի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունները ենթադրում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես տուժողի քրեական պաշտպանություն ու բռնարարի պատասխանատվություն։

«Այսպիսով՝ առաջարկում ենք տուժողի պաշտպանության ուժեղացում, բացառել հաշտության պրոցեսը և բռնարարին պատասխանատվության ենթարկել, բացառել տուժողի կրկնակի հարցաքննությունը, արգելել բռնարարի տնային կալանքը, մանավանդ երբ նա տուժողի հետ միևնույնն տանն է ապրում նոր տրավմայից խուսափելու համար։ Կապահովվի նաև բռնարարի ռեաբիլիտացիա»,- հայտարարել է Սարգսյանը։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ոստիկանը հենց ժամանի դեպքի վայր, իր կրծքին ամրացված կունենա տեսախցիկ, որպեսզի հետագա վարույթի համար անհրաժեշտ փաստեր, ապացույցներ հնարավոր լինի հավաքել։