Միացյալ Նահանգները մտադիր է կառուցել եւ ներդրումներ կատարել Հայաստանում՝ TRIPP-ի առաջմղման շրջանակում։ Սա արդեն միայն խաղաղության գործընթացին քաղաքական աջակցություն չէ՝ խոսքը Հայաստանի տարածքում ամերիկյան տնտեսական ներկայությունը նյութական ենթակառուցվածքի, կապիտալի և երկարաժամկետ շահերի վերածելու մասին է։
Խաղաղության մասին ամերիկյան խոսույթն այս ձևակերպմամբ ստանում է ավելի նյութական բովանդակություն։ Դիվանագիտական ներգրավվածության կողքին հայտնվում են ենթակառուցվածքը, կապիտալը և երկարաժամկետ տնտեսական մասնակցության մտադրությունը։
2025 թվականի Անկախության օրվա ուղերձում Թրամփը խոսում էր ռազմավարական գործընկերության, TRIPP-ի և տնտեսական օգուտների մասին։ Այս տարվա բառապաշարն ավելի առարկայական է՝ կառուցել, ներդրումներ կատարել Հայաստանում։ Ձևակերպումը ֆինանսական պարտավորության չափ կամ ժամանակացույց չի սահմանում, սակայն արձանագրում է ամերիկյան քաղաքականության ուղղությունը։ Վաշինգտոնը Հարավային Կովկասի խաղաղության օրակարգը ավելի հստակ է կապում տնտեսական ներկայության հետ։
TRIPP-ի ձևավորվող կառուցվածքն այս խոսքին արդեն տալիս է ինստիտուցիոնալ հիմք։ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը նախատեսում է TRIPP Development Company-ի ստեղծում՝ ամերիկյան 74 և հայկական 26 տոկոս մասնակցությամբ։ Ամերիկյան բաժնետիրոջ ստեղծումը նախատեսվում է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի՝ DFC-ի համակարգում։ Նախագծերի շրջանակում նշված են երկաթուղին, ավտոճանապարհը, էներգետիկ ենթակառուցվածքները, օպտիկամանրաթելային կապը և այլ հաղորդակցություններ։ Փաստաթուղթը նախատեսում է նաև ամերիկյան աջակցություն ֆինանսավորման ներգրավմանը։
Այստեղ արդեն փոխվում է խաղաղության տնտեսագիտական իմաստը։ Երկարաժամկետ քաղաքական ներգրավվածությունը լրացուցիչ ամրություն է ստանում սեփականության, պայմանագրերի, կապիտալի և ենթակառուցվածքների միջոցով։ Ճանապարհը ստեղծում է շահերի շղթա՝ պետություններից ու ֆինանսական հաստատություններից մինչև փոխադրողներ, ապահովագրողներ, էներգետիկ ընկերություններ և տեղական բիզնես։ Խաղաղությունը մտնում է հաշվեկշիռների, մատակարարման շղթաների և ներդրումային որոշումների աշխարհ։
Եվրոպական պատմությունը նման մեխանիզմի հայտնի նախադեպ ունի։ 1950 թվականի Շումանի ծրագիրը Ֆրանսիայի և Գերմանիայի հետպատերազմյան հարաբերությունները կապեց ածխի և պողպատի համատեղ տնտեսական կառավարման հետ։ Հետագա եվրոպական ինտեգրման հիմքում տնտեսական շահերի միահյուսման գաղափարն էր՝ նախկին մրցակցության վերադարձի գինը նյութապես բարձրացնելու նպատակով։ Հարավային Կովկասի պատմությունն ու ինստիտուցիոնալ միջավայրը տարբեր են։ Զուգահեռը հենց մեխանիզմի մեջ է․ տնտեսական փոխկապակցվածությունը քաղաքական պայմանավորվածությանը կարող է տալ ոչ միայն գործնական բովանդակություն, այլև փոխադարձ շահերի վրա հիմնված ավելի ամուր հենարան։
Հայաստանի համար խնդիրը միայն ներդրումների ընդհանուր ծավալը չէ։ Ոչ պակաս կարևոր է, թե ինչ կառուցվածք կունենա այդ կապիտալը և ինչ հետք կթողնի տնտեսության մեջ։ Որքա՞ն միջոց կուղղվի շինարարությանը, էներգետիկային, թվային ենթակառուցվածքներին ու լոգիստիկային։ Ի՞նչ բաժին կհասնի հայկական ընկերություններին՝ պատվերների, ծառայությունների և նոր աշխատատեղերի տեսքով։ Կստեղծվե՞ն պահեստային և բաշխիչ կենտրոններ, սպասարկման հանգույցներ, արտադրական գոտիներ ու արտահանման նոր կարողություններ։ Կընդլայնվի՞ հարկային բազան, և կփոխվի՞ Հայաստանի դիրքը միջազգային ներդրողի ռիսկերի ու հնարավորությունների հաշվարկում։
Ի վերջո հենց այս չափելի արդյունքներն են որոշելու, թե «ներդրում Հայաստանում» ձևակերպումը կմնա քաղաքական խոսույթի մաս, թե կվերածվի երկրի տնտեսական կառուցվածքը փոխող իրականության։
TRIPP-ի աշխարհաքաղաքական կշիռը ձևավորվում է հենց այս նյութական հիմքի վրա։ Շրջանակային համաձայնագիրը նախագիծը տեղավորում է ավելի լայն համակարգի մեջ՝ այն կապելով Տրանսկասպյան առևտրային ուղու, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, Հայաստան-Թուրքիա կարգավորման և ԱՄՆ-ի երկարաժամկետ ներգրավվածության հետ։ Այդ համատեքստում Հայաստանը կարող է դառնալ Կասպից ավազանից և Կենտրոնական Ասիայից դեպի արևմտյան շուկաներ շարժվող հոսքերի կարևոր հանգույց։
Սակայն այդ դիրքի իրական արժեքը կչափվի ոչ թե քարտեզի վրա զբաղեցրած տեղով, այլ տնտեսական արդյունքով՝ Հայաստանի տարածքով անցնող բեռնահոսքերի ծավալով, սակագների մրցունակությամբ, մաքսային համակարգի արագությամբ ու կանխատեսելիությամբ և, ամենակարևորը, նրանով, թե այդ հոսքերից որքան արժեք կմնա Հայաստանի տնտեսության ներսում։
Թրամփի ուղերձը ամենևին ներդրումային պայմանագիր չէ։ Դեռևս հրապարակված չեն ոչ ներդրումների հստակ ծավալը, ոչ շինարարության ժամանակացույցը, ոչ էլ ֆինանսավորման ամբողջական կառուցվածքը։ TRIPP-ի կորպորատիվ ձևավորումն էլ ավարտված չէ։ Օգոստոսին Հայաստանի կառավարությունը հայտնել էր շրջանակային համաձայնագրի վավերացման ընթացքի և զարգացման ընկերության ստեղծման ավարտական փուլի մասին, իսկ սեպտեմբերի 17-ին արդեն քննարկվում էին այդ ընկերության կանոնադրությունն ու բաժնետիրական համաձայնագիրը։ Այսինքն՝ քաղաքական հանձնառությունը ձևակերպված է, սակայն դրա ֆինանսական և ինստիտուցիոնալ ճարտարապետությունը դեռ կառուցման փուլում է։
Հենց այս տարբերակումն է առանցքային։ ԱՄՆ նախագահի ուղերձը ներդրում չէ, բայց արդեն հստակ քաղաքական ազդակ է այն մասին, թե որ ուղղությամբ կարող է շարժվել ամերիկյան կապիտալը։ Վաշինգտոնի ներգրավվածությունը Հայաստանի խաղաղության գործընթացում այլևս չի սահմանափակվում միայն դիվանագիտական աջակցությամբ․ այն կապում է երկրում կառուցելու, ներդրումներ կատարելու և երկարաժամկետ տնտեսական ներկայություն ձևավորելու մտադրության հետ։
TRIPP-ի գլխավոր փորձությունն այժմ քաղաքական ձևակերպումներից չափելի տնտեսական արդյունքի անցնելն է։ Ճանապարհներ, էներգետիկ կապեր, ներդրումներ, աշխատատեղեր, հարկային եկամուտներ և նոր շուկաներ․ հենց այս արդյունքներով է ժամանակի ընթացքում չափվելու «կառուցել և ներդրումներ կատարել Հայաստանում» խոստման իրական արժեքը։

Բաց մի թողեք
Իրավունքը պաշտպանում է ոչ թե գողական կամ քրեական հեղինակությունը, այլ Հանրապետությունը
Բանակի արդիականացման ամենակարևոր չափանիշը առօրյա ծառայության որակն է
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումներն իրականացվում են Փաշազադեի պարտադրանքով