25/09/2026

EU – Armenia

Իրավունքը պաշտպանում է ոչ թե գողական կամ քրեական հեղինակությունը, այլ Հանրապետությունը

Սեպտեմբերի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հաղորդեց քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող երկու անձի ձերբակալության մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանցից մեկը դիմել էր մյուսին ընտանեկան վեճի պատճառով նախկին փեսային պատժելու խնդրանքով։

Հետագա իրադարձությունները հասել էին խմբային վիճաբանության, հայհոյանքների ու փոխադարձ հարվածների։ Քրեական վարույթը շարունակվում է, և ներգրավված անձանց մեղավորությունը կարող է հաստատել միայն դատարանը։

Այս պատմության ամենաանհանգստացնող մասը փողոցային կռիվը չէ։ Շատ ավելի ծանր է դրա նախորդող գործողությունը։ Մարդը ընտանեկան վեճը լուծելու համար դիմում է քրեական աստիճանակարգության ներկայացուցիչին։ Այդ դիմումը ենթադրում է այլընտրանքային հեղինակություն, այլընտրանքային դատարան, այլընտրանքային պատիժ։ Պետական իրավակարգի կողքին շարունակում է գործել ստվերային իրավակարգ։

Դրա համար էլ «գողական աշխարհը» սովորական կազմակերպված հանցավորություն չէ։ Այն հավակնում է սեփական կանոնների, սեփական դատավորների, սեփական պատժամիջոցների և սեփական հեղինակությունների համակարգ ունենալ։

Պետության համար խնդիրը սկսվում է հենց այդ հավակնությունից։ Իրավական պետությունում հարկադրանքի և արդարադատության իրավունքը չի կարող բաժանվել պետության ու քրեական հիերարխիայի միջև։ Քաղաքացին չի կարող մի վեճով դիմել դատարան, մյուսով` «օրենքով գողի»։

Հայաստանի օրենսդրությունն արդեն հստակ գնահատական է տվել այս երևույթին և այն դիտարկում է որպես պետական ու հասարակական կարգի դեմ ուղղված լուրջ սպառնալիք։ Գործող Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը, ստանալը կամ պահպանելը պատժում է վեցից տասներկու տարվա ազատազրկմամբ։

Օրենսգիրքը կարգավիճակի բովանդակությունն էլ նկարագրում է բավական մանրամասն։ Խոսքը հրահանգներ տալու, քրեական հավաքներին մասնակցելու, գումարներ հավաքագրելու, անօրինական օգուտ տնօրինելու և այդ համակարգի նպատակներին ծառայող գործողությունների մասին է։ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելը, դրան մասնակցելը և նման անձի ազդեցությունից օգտվելու նպատակով նրան դիմելը նույնպես առանձին հանցակազմեր են։

Հետևաբար Հայաստանի հիմնական խնդիրը նոր արգելք գրելը չէ։ Օրենքը կա։ Հարցը դրա կիրառման անխուսափելիությունն է։ Նույն անունների շուրջ տարիների ընթացքում կրկնվող ձերբակալությունների, կալանքի, գրավի և ազատ արձակման պատմությունները հանրության մեջ ստեղծում են վտանգավոր տպավորություն։

2020 թվականին Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը ձերբակալվել էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և դրա ազդեցությունն օգտագործելու կասկածանքով։ Հետագայում նա ազատ էր արձակվել գրավով։ 2025-ին նրա նկատմամբ ևս կալանքի միջնորդություն էր ներկայացվել, որը դատարանը մերժել էր։

Զապի՝ Անդրանիկ Սողոյանի նկատմամբ 2021-ին քրեական հետապնդումը դադարեցվել էր հանցակազմի բացակայության և բավարար ապացույցների բացակայության հիմքերով։ Այս դրվագները բացում են խորը խնդիր՝ օրենքի խստությունը արդյունք չի տալիս, եթե քննությունը չի ապահովում ամուր ապացուցողական հիմք, վարույթները ձգձգվում են, իսկ դատական պրակտիկան մնում է անհետևողական։

Քրեակատարողական համակարգում առաջընթաց կա, սակայն խնդիրը լուծված համարելու հիմքեր դեռ չկան։ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն 2024 թվականի զեկույցում արձանագրել է քրեական ոչ պաշտոնական հիերարխիայի ազդեցության նկատելի նվազում և դա կապել նաև քրեական ենթամշակույթի դեմ օրենսդրական խստացումների ու ազդեցիկ քրեական հեղինակությունների մեկուսացման հետ։ Միաժամանակ զեկույցը փաստում է, որ այդ համակարգը շարունակում է գոյություն ունենալ, հատկապես Նուբարաշենի և Արթիկի քրեակատարողական հիմնարկներում, իսկ ստորին ոչ պաշտոնական կարգավիճակ ունեցող դատապարտյալների նկատմամբ շարունակում են արձանագրվել ճնշման, շորթման և շահագործման դեպքեր։

Ուրեմն օրենքը որոշ արդյունք տվել է։ Հաջորդ փուլը պահանջում է համակարգային ճնշում ամբողջ ենթամշակույթի վրա։ Վրաստանը այս ճանապարհով գնաց շատ ավելի կոշտ։ Նրա Քրեական օրենսգիրքը «քրեական աշխարհի» անդամակցության համար սահմանում է յոթից տասը տարվա, «օրենքով գող» լինելու համար` իննից տասնհինգ տարվա ազատազրկում։

Պատժելի են նաև քրեական հավաքներին մասնակցությունը, քրեական աշխարհին աջակցությունը և «գողական» հեղինակությանը վեճ լուծելու համար դիմելը։ Վրացական մոտեցման տրամաբանությունը պարզ էր։ Պետությունը հարվածեց ոչ միայն առանձին հանցագործություններին, այլ ամբողջ հիերարխիայի գոյության մեխանիզմին։

Իտալիան մաֆիայի դեմ պայքարում ընտրեց նույնքան կարևոր երկրորդ ուղղությունը։ Քրեական պատասխանատվությանը միացվեցին գույքի բռնագրավումը և տնտեսական ցանցերի քանդումը։ Մաֆիական կազմակերպության անդամակցությունն ինքնուրույն ծանր հանցագործություն է, իսկ ղեկավարների համար պատիժներն ավելի խիստ են։

Իտալական փորձի առանցքային դասը փողի մասին է։ Քրեական հեղինակության իրական հենարանը միայն վախը չէ։ Այն սնվում է փողից, բիզնես կապերից, հովանավորչությունից և ազդեցության փակ ցանցերից։ Այդ ենթակառուցվածքի քանդմամբ թուլանում է նաև քրեական հեղինակության հասարակական ազդեցությունն ու վերարտադրվելու կարողությունը։

Հայաստանի համար այստեղ կա առավել խոր խնդիր։ Երկիրը կրթությունը կարող է հայտարարել զարգացման գլխավոր ռազմավարություն, դպրոցներում խոսել քաղաքացիական պատասխանատվության, իրավունքի և արժանապատվության մասին։ Այդ ամբողջ աշխատանքը կորցնում է ուժը, երբ դեռահասը իր շրջապատում տեսնում է մի մարդու, որի հեղինակության աղբյուրը կրթությունը, աշխատանքը կամ ծառայությունը չէ, այլ վախ առաջացնելու և ուրիշների ճակատագրերը տնօրինելու կարողությունը։

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը հենց այդ պատճառով ոստիկանության նեղ գործը չէ։ Դա կրթության, բանակի, բանտային համակարգի, դատարանի, համայնքի և հանրային մշակույթի խնդիր է։ Պետության խնդիրը քրեական աշխարհի ներկայացուցիչներին պարզապես մեկուսացնելը չէ։

Անհրաժեշտ է վերացնել այն միջավայրը, որը նրանց տալիս է հեղինակություն, ազդեցություն և միջնորդի դեր։ Հասարակությունը չպետք է ունենա որևէ վեճ, խնդիր կամ հարաբերություն, որի լուծման համար ավելի արդյունավետ համարվի քրեական հեղինակությանը դիմելը, քան պետական ինստիտուտին։

Սա արդեն իրավակարգի հարցից ավելի մեծ խնդիր է։ Այն վերաբերում է պետության հեղինակությանը։ Քանի դեռ «գողական խոսքը» որևէ միջավայրում կշիռ ունի, օրենքի խոսքը լիարժեք իշխանություն չունի։ Իսկ պետությունը ամուր է այնքանով, որքանով իր քաղաքացին վստահ է, որ իր անվտանգությունը, արժանապատվությունն ու իրավունքը պաշտպանում է ոչ թե գողական կամ քրեական հեղինակությունը, այլ Հանրապետությունը։