13/10/2026

EU – Armenia

Զելենսկու՝ Թրամփի հետ կապված երկընտրանքը. հակադարձե՞լ, թե՞ զիջել

ԱՄՆ նախագահին հակադրվելը կարող է Ուկրաինային զրկել կենսական նշանակություն ունեցող ռազմական աջակցությունից, սակայն զիջելը կարող է է՛լ ավելի վտանգավոր լինել։

Վլադիմիր Զելենսկին իրավացիորեն զայրացած է։

Ուկրաինացիների համար ծանրագույն այս ամսին՝ սաստիկ ցուրտ ձմռան նախաշեմին, Ռուսաստանից միլիոնավոր տոննա դիզելային վառելիք ձեռք բերելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի «շատ մեծ և կարևոր գործարքը» տեղի ունեցավ ամենաանհարմար պահին։

Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու և դիզելային վառելիքի ներկրումը թույլատրելու՝ ԱՄՆ նախագահի ծրագիրը ցնցող հարված դարձավ ուկրաինացիների մեծ մասի համար, ովքեր դիմակայում են ռեակտիվ անօդաչու սարքերի և բալիստիկ հրթիռների տարափին, մինչդեռ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն աճում է։

Զելենսկու համար հարցն այն է, թե որքանով նա կարող է իրեն թույլ տալ զայրույթ դրսևորել։

«Նրա դժգոհության արտահայտումը հասկանալի է, սակայն դա ունի նաև բացասական կողմեր», — նշել է Թիմ Ուիլասի-Ուիլսին՝ բրիտանացի նախկին դիվանագետ և Թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտի (RUSI) փորձագետ։

Ուկրաինայի նախագահն անմիջապես Թրամփի գործարքը որակեց որպես «թույլ որոշում» և «նվեր Պուտինին», որը կֆինանսավորի Ռուսաստանի պատերազմը։ Ավելին՝ նա հաստատեց ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ անօդաչու սարքերով նոր հարվածներ հասցնելու որոշումը, ինչը դրդեց Թրամփին կոչ անել ուկրաինացիներին՝ փոխարինել Զելենսկուն որպես առաջնորդ։

Զելենսկին ոչ մի նշան ցույց չի տալիս, որ պատրաստ է կատարել Թրամփի հրամանը՝ «անպայման դադարեցնել» Ռուսաստանի էներգետիկ ոլորտին հարվածներ հասցնելը։ Սա շարունակությունն է այն գործընթացի, որի ընթացքում նա այս տարի կորցրել է համբերությունը՝ կոշտացնելով հռետորաբանությունը թե՛ քննադատների, թե՛ դաշնակիցների հանդեպ, քննադատելով եվրոպացի առաջնորդներին աջակցության հարցում դանդաղկոտության համար, բանավեճի մեջ մտնելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ և բացահայտորեն կասկածի տակ դնելով պատերազմի վ Ուիլասի-Ուիլսին ենթադրում է, որ Զելենսկին հնարավոր է՝ հաշվարկում է, թե Թրամփը կարող է թուլացած դուրս գալ հաջորդ ամիս կայանալիք միջանկյալ ընտրություններից, հատկապես որ որոշ հանրապետականներ արդեն իսկ տարաձայնություններ են դրսևորում դիզելային վառելիքի գործարքի հարցում։ Սակայն Ուկրաինայի ղեկավարը ռիսկի է դիմում՝ դրդելով Թրամփին դադարեցնել ԱՄՆ-ի կողմից տրամադրվող կենսական նշանակության հետախուզական աջակցությունը կամ ճնշում գործադրել Իլոն Մասկի վրա՝ անջատելու SpaceX-ի Starlink ինտերնետային ծառայությունը, որից մեծապես կախված է Ուկրաինայի բանակը։

Զելենսկին, հնարավոր է, թերագնահատում է, թե «որքան վտանգավոր կարող է լինել վիրավոր Թրամփը» Ուկրաինայի համար, զգուշացրել է Ուիլասի-Ուիլսին։

Թրամփի վարչակազմը նաև սպառնացել է դադարեցնել այն ծրագիրը, որի միջոցով դաշնակիցները ԱՄՆ զենք են գնում Ուկրաինայի համար, հաղորդել է Financial Times-ը երկուշաբթի օրը։ Դա կհանգեցնի մատակարարումների մեծ խափանումների և կստիպի Կիևին ավելի շատ հույսը դնել իր եվրոպացի դաշնակիցների վրա, որոնք արդեն իսկ դժվարանում են վերազինվել։

Սակայն Զելենսկին անսասան է։ Նա պնդում է, որ Ուկրաինան կդադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները միայն այն դեպքում, եթե Մոսկվան դադարեցնի իր օդային ռմբակոծությունները։ «Ցանկացած դեէսկալացիայի քայլ պետք է լինի փոխադարձ», – գրել է նա Telegram-ում։

Նա աջակցություն ունի անսպասելի կողմից՝ ընդդիմադիր օրենսդիրներից, որոնք սովորաբար նրա ղեկավարության խիստ քննադատներ են։

Նույնիսկ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն, նրա դաժան քաղաքական մրցակիցը, պաշտպանել է Զելենսկիին Թրամփի՝ նրան փոխարինելու կոչից։

«Եթե որևէ մեկին նոր առաջնորդ է պետք, դա Ռուսաստանն է», – ասել է Պորոշենկոն մեկնաբանություններում։ «Ինձ համար գլխավոր հարցը պարզ է. Արդյո՞ք մենք ավելի մոտ ենք լիակատար և անվերապահ հրադադարին։ Սա միակ տեսանկյունն է, որի միջոցով պետք է գնահատվի ցանկացած քայլ»։

Ընդդիմադիր պատգամավոր Միկոլա Կնյաժիցկու խոսքով՝ Զելենսկուն փոխարինելու վերաբերյալ Թրամփի կոչերը, որքան էլ տարօրինակ է, ամրապնդում են ուկրաինացի առաջնորդի դիրքերը երկրի ներսում։

«Զելենսկու համար ավելի լավ քարոզարշավ իրականացնող չկա, քան Դոնալդ Թրամփը», – հավելել է նա։ – «Նման յուրաքանչյուր բախումից հետո Զելենսկու վարկանիշը բարձրանում է թե՛ Ուկրաինայում, թե՛ մեր դաշնակիցների շրջանում՝ հատկապես Եվրոպայում»։

Սակայն, ըստ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով նախկին երկու ղեկավարների խորհրդատու Նատալի Տոչիի, Կիևին կարգավորման մղելու Թրամփի կարողությունը նվազել է։ Նա պնդում է, որ արդեն իսկ կրճատելով ամերիկյան աջակցության մեծ մասը՝ Թրամփը թուլացրել է Ուկրաինայի և Եվրոպայի վրա ազդելու իր լծակները։ Նա դեռ կարող է զգալի վնաս հասցնել՝ դադարեցնելով հետախուզական տվյալների փոխանակումը, սակայն փորձագետը կասկածում է, որ Թրամփը դա կանի անժամկետ կամ կդադարեցնի զենքի վաճառքը։ «Եթե խոսքը գումարի մասին է, չեմ կարծում, թե նա կդադարեցնի վաճառքը», – ասել է նա։

Մինչդեռ Կիևում մտավախություն ունեն, որ Մոսկվայի հետ գործարք կնքելու Թրամփի ձգտումը տեղի կունենա Ուկրաինայի հաշվին։

Ընդդիմադիր հայտնի պատգամավոր և փոխվարչապետի նախկին պաշտոնակատար Իվաննա Կլիմպուշ-Ցինցաձեն Պուտինի կողմից փոխզիջման գնալու հեռանկարը քիչ հավանական է համարում։ «Նա պատրաստ չէ դադարեցնել պատերազմը կամ նույնիսկ համաձայնել հրադադարի», – ասել է նա։

«Իմ պատկերացմամբ՝ բոլոր այն «գործարքները», որոնք, իբր, քննարկվել են ԱՄՆ բանակցողների և ռուսական կողմի միջև, վերաբերել են բացառապես Ուկրաինայի կապիտուլյացիային և, ըստ էության, որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն երկրի գոյության դադարեցմանը»։

Սա, հավանաբար, բացատրում է Զելենսկու բացահայտ զայրույթը։ Նա գիտի, որ Թրամփի հետ հարաբերությունները սրելն իր գինն ունի։ Սակայն նույնքան վտանգավոր է հաճոյանալ ԱՄՆ նախագահին, ով, կարծես, գնալով ավելի պատրաստակամ է գործարքների գնալ Պուտինի հետ։ Ուկրաինայի համար ոչ մի տարբերակն էլ լավը չէ։