19/10/2026

EU – Armenia

Հայաստանից արտահանված կանաչ թեյը կոչնչացվի, իսկ մենք այն խմո՞ւմ ենք

Օրերս լրահոսում հայտնված տեղեկությունը, թե Հայաստանից ԵՄ երկիր ներկրված կանաչ թեյի մեջ անթույլատրելի քիմիական նյութեր են հայտնաբերվել, հերթական սառը ցնցուղը դարձավ հայ սպառողներիս համար, քանի որ արտահանվող սննդամթերքը նաև հայկական շուկայում է իրացվում։

Մի կողմից իրացման կետերում հայ սպառողի առողջության համար ռիսկային մթերքի գոյությունն է մտահոգիչ, մյուս կողմից՝ Հայաստանի միջազգային հեղինակության վարկաբեկումը սննդամթերքի ոլորտում առկա իրավիճակով պայմանավորված։

Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը հայտարարել է, որ Հայաստանից ներկրված կանաչ թեյի 57,6 կգ քաշով խմբաքանակում Եվրամիությունում արգելված թունաքիմիկատ է հայտնաբերել՝ տոլֆենպիրադ։ Լաբորատոր հետազոտություններով պարզվել է, որ թեյի բաղադրության մեջ ևս երկու թունաքիմիկատի՝ լամբդա-ցիհալոտրինի և թիամեթոքսամի պարունակությունը գերազանցում է առավելագույն թույլատրելի մակարդակը։ Ինչպես տեղեկացնում է գերատեսչությունը՝ խախտումները հայտնաբերվել են անմիջապես սահմանային հսկողության ընթացքում, այնուհետև լաբորատոր հետազոտություններով դրանք հաստատվել են։ Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ թեյի խմբաքանակը կամ կոչնչացվի, կամ կուղարկվի Եվրամիության տարածքից դուրս երրորդ երկիր։ Հայտնաբերված խախտումների մասին տեղեկությունն արդեն փոխանցվել է սննդամթերքի և կերերի անվտանգության վերաբերյալ Եվրամիության արագ ահազանգման համակարգին։ Այդ համակարգի միջոցով ԵՄ երկրների վերահսկիչ մարմինները տեղեկացվում են անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին։

Թեև ՍԱՏՄ սահմանային վերահսկողության բաժնի պետ Արթուր Մամիկոնյանի հավաստմամբ՝ խնդրահարույց թեյը, որում ԵՄ երկրում չթույլատրվող թունաքիմիկատ են հայտնաբերել, հայկական ծագման չէ, բայց դա իրավիճակը չի փրկում, քանի որ այնուհանդերձ տվյալ երկրում Հայաստանից ներկրված ապրանքի մասին է խոսվում, և մեր երկրի անվան հետ է կապվում խնդիրը. կարմիր լույսը ԵՄ վերահսկիչ մարմիններում Հայաստանի համար է վառվել, ոչ թե այն երկրի, որում տվյալ թեյն արտադրվել է։ Բացի դա, Հայաստանից դեպի այլ երկիր արտահանված թեյն անկասկած նաև տեղական շուկայում է վաճառվում ու սպառվում հայաստանցիներիս կողմից։

ՍԱՏՄ-ից տեղեկացրին, որ երեք երկրների արտադրության թեյ է Հայաստանից Լատվիա արտահանվել, և այս պահին դեռ հայտնի չէ, թե ո՞ր երկրի արտադրանքում են վտանգավոր թունաքիմիկատներ հայտնաբերվել, այս պահին փորձաքննություն է իրականացվում։ Թեև կասկած կա, որ Չինաստանից Հայաստան ներկրված և այստեղ փաթեթավորված թեյի մեջ կարող են անթույլատրելի նյութեր հայտնաբերված լինել։ ՍԱՏՄ-ում չհստակեցրին նաև՝ նույն թեյը Հայաստանո՞ւմ էլ է իրացվում՝ ասելով, որ այս պահին հստակ ոչինչ չգիտեն և չեն կարող պատասխանել մեր հարցադրումներին՝ ո՞վ է Չինաստանից թեյ ներմուծող տնտեսվարողը, տեղական շուկայում նույն թեյը վաճառվո՞ւմ է, թե ոչ, ի՞նչ ապրանքանիշով է թեյն իրացվում, արտահանվող թեյի նախնական ստուգումներ իրականացվե՞լ են, թե ոչ՝ անթույլատրելի նյութերի առկայությունը հայտնաբերելու համար։

ՍԱՏՄ-ն ավելի ուշ հանդես կգա հաղորդագրությամբ, բայց այս պահին Հայաստանից Լատվիա արտահանված թեյի մասին հայտնի է միայն այն, ինչ լատվիական կողմն է մեզ տեղեկացրել։ Ահա այդպիսի «օպերատիվությամբ» են աշխատում տեղական կառույցները, մինչդեռ Լատվիայում ապրանքը դեռ սահմանը չհատած՝ հնարավոր է եղել կանխել դրա մուտքն այնտեղի սպառման շուկաներ, իսկ մեզանում առանց խոչընդոտի ներմուծվել է, հերիք չէ, դեռ փաթեթավորվել է ու ով գիտի՝ արդեն քանի սպառողի սեղանին հայտնվել։