07/11/2026

EU – Armenia

Եթե միակ սեփականատերն ինքն է, յուրացման մասին խոսելն ավելորդ է

Նիկոլ Փաշինյանն անհիմն է համարում ընդդիմադիր ուժերի պնդումները, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի ու եւս 35 անձի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի, կապված է նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության հետ։ Այս մասին նա խոսել է լրագրողների հետ հինգշաբթի օրվա ճեպազրույցում։

«Եթե Հայաստանի իրավապահ մարմինները, իմանալով, որ լինելու են նման շահարկումներ, գործընթաց են սկսել, ուրեմն առնվազն որոշակի ծանրակշիռ հիմք ունեն։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն բավականին երկար ժամանակ՝ մոտ 30 եւ ավելի տարի, երբ կոնկրետ դեպքի մասին է խոսվում, թալանը քողարկվում է, ինչ-որ տերմիններ են հնչում՝ Ադրբեջան, Ալիեւ, Թուրքիա եւ այլն։ Այսինքն՝ մենք այդ միտումը տեսնում ենք։ Եթե 64 միլիարդի չարաշահումը եղել է, ի՞նչ, ուրեմն։ Հայաստանի իրավապահ համակարգն ի՞նչ պետք է անի՝ իհարկե, պետք է գործողություններ ձեռնարկի։ Դա ժողովրդի պահանջն է եւ պայմանը։ Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիեւն այդտեղ, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել։ Մենք, ի վերջո, մեր, այսպես կոչված, բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք։ Եվ կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է, որ այդ ըմբռնումը, ի վերջո, տեղի ունենա»,- ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք․ Քննչական կոմիտեն նոյեմբերի 4-ին Սամվել Կարապետյանի ու եւս 35 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, վստահված գույքը հափշտակելու եւ փողերի լվացման գործով։ Ըստ ՔԿ-ի՝ ընկերությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 64 միլիարդ 585 միլիոն դրամ։ Այս մեղադրանքի շրջանակներում Սամվել Կարապետյանը նոյեմբերի 5-ին մեկ ամսով կալանավորվել է։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը իրավաբանները համարում են խնդրահարույց, կողմնակալ: Եթե անգամ ՀԷՑ-ում չարաշահումներ են եղել, ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանը` սեփականատերն այդ ամենի հետ: Վերջապես, Կարապետյանն ումի՞ց է փող գողացել` ինքն իր հիմնարկի՞ց: Վերջին տարիներին բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ են եղել Երեւանի քաղաքապետարանում, նախորդ տարվա հոկտեմբերին ձերբակալվեց Մանկավարժական համալսարանի ռեկտորը: Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ պետք է մեղադրանքներ առաջադրվեին ու կալանավորվեին նաեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը, ի դեպ, Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը նաեւ ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր: Իսկ ԱՆԻՖ-ով 60-70 միլիոն դոլարի յուրացում է կատարվել:

Փաստաբան Հայկ Ալումյանը Հրապարակ թերթի հետ զրույցում նկատել է. «Եթե խոսքը քրեական պատասխանատվության մասին է, ապա անձը կարող է պատասխանատվություն կրել բացառապես այն դեպքում, երբ իմացել է, թե ինչ է տեղի ունենում, սակայն համապատասխան միջոցներ չի ձեռնարկել՝ այն կանխելու համար, կամ դեռ ավելին` իմանալով, թե ինչ է տեղի ունենում, նպաստել է այդ պրոցեսին: Կոնկրետ եթե Սամվել Կարապետյանի մասին ենք խոսում, ապա թեպետ ես մեղադրանքների մանրամասներին չեմ տիրապետում, սակայն այն կարծիքին եմ, որ սա կապված է Կարապետյանի քաղաքական ակտիվության հետ: Սամվել Կարապետյանին քրեական հետապնդումների են ենթարկում, որովհետեւ նա ընդդիմադիր ուժի ղեկավար է: Ինչո՞ւ եմ այս կարծիքին՝ մի պարզ պատճառով․ նախքան Կարապետյանի քաղաքական գործունեություն ծավալելը, նրա դեմ որեւէ պրոցես չէր ընթանում, որեւէ մեկը չէր խոսում ՀԷՑ-ի մասին: Նման զուգադիպությունների, համընկնումների ես չեմ հավատում: Ինչ վերաբերում է գումարների յուրացմանը, ապա Կարապետյանը չէր կարող ինքն իրենից գումար հափշտակել, եթե կազմակերպության սեփականատերը միայն մեկ անձ է, տվյալ պարագայում` Սամվել Կարապետյանը, ապա ոչ մի պարագայում նրա կողմից գումարների դուրսգրումը չի կարող դիտարկվել որպես յուրացում: Ես առնվազն խիստ տարօրինակ եմ համարում այս ամենը: Մարդը եթե անգամ իր հիմնարկից գումարներ է դուրս բերել, եթե միակ սեփականատերն ինքն է, ապա յուրացման մասին խոսելն ավելորդ է»: