07/11/2026

EU – Armenia

Ընդդիմության հայտարարությունից հետո ոտքի են ելել նաև երիտասարդական շարժումները

Ընդդիմադիր ուժերի համախմբման և միասնական պայքարի մասին հայտարարությունը լուրջ ալիք է բարձրացրել երիտասարդական շրջանակներում՝ ոտքի հանելով նաև Արցախի երիտասարդներին ու տարբեր երիտասարդական շարժումներին։

​«Հրապարակ»-ի հետ զրույցում վերլուծաբան Արշակ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Արցախի երիտասարդական կառույցները այդ ազգային համախմբմանը միացնելու ուղղությամբ։

​«Ազգային համախմբման մասին հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց օպերատիվ կերպով կապ ենք հաստատել բազմաթիվ երիտասարդական կառույցների ղեկավարների հետ, ձեռք ենք բերել հստակ պայմանավորվածություններ և ցանկն արդեն փոխանցել ենք «Ուժեղ Հայաստան» շարժմանը»,- նշեց Աբրահամյանը։

​Վերլուծաբանի փոխանցմամբ՝ երիտասարդության տրամադրվածությունը վճռական է․ «Մեր տրամադրվածությունը հետևյալն է` եթե Հայրենիքը փրկելու համար ձևավորվում է պայքարի ճակատ, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ նույնպես մենք պետք է ունենանք մեր ուրույն դերը այդ ամենի ընթացքում»։

​Հիշեցնենք, որ ընդդիմադիր դաշտի միավորման և ազգային համախմբման գործընթացը տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տանը։ Ընդդիմադիր ուժերն իրենց համատեղ հայտարարությամբ ամրագրել են 4 հիմնական կետեր՝ ազգային համախմբում, Սահմանադրության փոփոխման մերժում, պետական ինքնիշխանության պաշտպանություն և ազգային իշխանության ձևավորում։