22/11/2026

EU – Armenia

Կարճ՝ Փաշինյանական նարատիվների մասին. Քարտեզ

Ուրեմն տեսեք, թե նա ինչ է ասում. «Եթե խոսում եք Արևմտյան Հայաստանի մասին, ուրեմն ինչ-որ մեկին իրավունք եք տալիս խոսելու «արևմտյան Ախադրբեջանի» մասին»։

Նախ արձանագրենք, որ իր այս արտահայտությունը բացարձակ ստի և մանիպուլյացիայի դասական օրինակ է, որը իդեալական տեղավորվում է Հայաստանի «հպարտ քաղաքացիների» շարունակական մենթալ անասնացման գործընթացի տրամաբանության մեջ։

Ավելին՝ այն ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանում, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանի» ալիևյան նարատիվի առաջմղման տրամաբանության մեջ։

Փաստացի, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը գիտակցաբար նույն հարթության վրա են դնում հայերի պատմական Հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, որի տարածքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, և արհեստածին «արևմտյան ադրբեջան» անվանումով բացարձակապես ապօրինի, հակագիտական ու կեղծ թուրքական հորինվածքը։

Տեսեք. հայերը հիշում են Արևմտյան Հայաստանը, որովհետև այն մեր պատմական Հայրենիքի անբաժանելի մասն է, որտեղ հայ ժողովուրդը ենթարկվել է զանգվածային բնաջնջման։

Իսկ ադրբեջանցիների մեծամասնությունը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 14-ը նույնիսկ չէր լսել «արևմտյան ադրբեջանի» մասին։

Կարճ՝ Փաշինյանական նարատիվների մասին

Հենց սա էր թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը՝ համեմատական մանիպուլյացիաների միջոցով Արևմտյան Հայաստանն ու այսպես կոչված «արևմտյան ադրբեջանը» դնել նույն իրավական հարթության վրա։

Եվ նրանց դա չէր հաջողվում այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանն ինքը՝ կամովին, առանց քաղաքական ու պատմական և ի վերջո մարդկային խղճի որևէ խայթի, չարեց դա։
Փաստացի նա պատմական իրականությունը՝ Արևմտյան Հայաստանը, քաղաքական առումով հավասարեցրեց բացարձակապես արհեստական ու կեղծ քաղաքական կոնստրուկտի՝ «արևմտյան ադրբեջանին»՝ դրանով իսկ նպաստելով ադրբեջանի տարածքային նկրտումների լեգիտիմացմանը։

Իսկ հիմա ինքներդ ձեզ մի պարզ հարց տվեք. ինչո՞ւ է Փաշինյանի համար այդքան կենսական կարևորություն ներկայացնում այն, որ Հայաստանը հրաժարվի գործող Սահմանադրությունից և ընդունի նորը, որը, ըստ էության, սպասարկելու է «արևմտյան ադրբեջանի» տրամաբանությունն ու քաղաքական օրակարգը։

Արման Աբովյան