ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ (e-draft.am), ըստ որի՝ յուրաքանչյուր մարզում ստեղծվելու է միասնական բժշկական կենտրոն:
Մինչ տիկին նախարարը փորձում է այն ներկայացնել որպես կառավարման արդյունավետության բարձրացում, «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը հակառակն է պնդում. «Երբ բժշկական կենտրոնները գտնվում էին մարզպետարանների ենթակայության տակ, մինչեւ 10 հոգանոց վարչություն էր աշխատում, որոնք ղեկավարում էին, այն էլ ղեկավարում էին մեթոդաբանական խնդիրները, ֆինանսական կոմպոնենտը մարզերի վրա դրված չէր:
Նախարարը շատ լավ գիտակցում է, որ երբ բերեց այդ բոլոր բժշկական կենտրոնները դարձրեց նախարարության ենթակայության տակ, ինքը չի կարող կառավարել այդ հիմնարկները: Ինքը անկեղծ է եղել, այդպես էլ հիմնավորման մեջ գրել է, որ ադեկվատ ղեկավարելու նպատակով է դա անում:
Երկրորդ խնդիրը, որ ուզում են լուծել՝ նախընտրական է: Վեց ամիս ամբողջ հանրապետության մարզերը ԲԿ-ների տնօրենները կգտնվեն կախվածության մեջ եւ խոստումների դաշտում՝ հասկանալի պատճառներով: Վեց ամիս հետո մենք արդեն ունենալու ենք ընտրությունների փուլը, դրանից հետո կհասկանան ինչ են անում: Ամենակարեւորը դրանից հետո է, իրենք բժշկական խոշորագույն կենտրոնում, որը ստեղծվելու է միլիարդների բյուջեներով, իրենց յուրանիններին կտեղավորեն աշխատանքի:
Արդեն հստակ գրված է իրավական ակտի մեջ, որ կարող է գործադիր տնօրենը լինի այնպիսի մարդ, որ չունի բժշկական կրթություն, եւ այդ մարդիկ կղեկավարեն այդ հսկայական կենտրոնները:
Օրինակ, եթե 5 մարզային բժշկական կենտրոններից մեկի տնօրենն էր լինում ոչ ադեկվատ, մենք տեսնում էինք հստակ ցուցանիշներով, որ մեկ տարածաշրջանի առողջապահական թվերի վատթարացում, այս դեպքում արդեն ամբողջ մարզի վրա կանդրադառնա այդ իրավաբանական անձի վատ աշխատանքը»:
ԲԿ-ների տնօրենները հրաժեշտ կտա՞ն իրենց պաշտոններին. «Եթե այսօր ԲԿ-ի տնօրենները մրցույթային կարգով էին ընտրվում, կային որոշակի չափանիշներ, հասկանալի չի, որ այս պարագայում գործադիր տնօրենը ինչ կարգով է նշանակվելու ենթակառուցվածքի գլխավոր բժիշկ, այդպես են դրել անունը: 52 ԲԿ-ների բոլոր տնօրենները պետք է հրաժեշտ տան իրենց պաշտոնին:
Ճիշտն ասած, արդեն տեղեկատվություն ունեմ, որ համարյա բոլորին խոսք են տվել, որ իրենք են դառնալու գործադիր տնօրեն, սակայն ես պետք է հավատացնեմ, նաեւ Ձեր միջոցով, որ իրենցից ոչ մեկը չի լինելու գործադիր տնօրեն, այդ պաշտոնները արդեն իսկ ստեղծված են ընտրյալ մարդկանց համար»:
Սպասարկման հետ կապված ազգաբնակչությունը ի՞նչ խնդիրների կբախվի. «Նախ ազգաբնակչությունը արդեն իսկ մեծ խնդիրներ ունենալու է մինչեւ այս միավորումը, այս ապահովագրական օրենքի ներդրման հետ կապված, իսկ սրա հետ կապված բավականին խնդրահարույց է լինելու սպասարկումը այն առումով, որ մենք մարզերից ունենալու ենք «բարեփոխման» արդյուքում կադրային արտահոսք:
Այսօր ԲԿ-ների տնօրենները, որոնք հիմնականում տեղացիներ են, հատկապես հեռավոր մարզերում, նրանք իրենց անձնական ամբիցիաների, անձնական կապերի շնորհիվ մայրաքաղաքից տանում են բժիշկներ, խնդրում են համայնքապետերին բնակարանով ապահովել, որպեսզի այդ բժիշկներին մոտիվացնեն մնան եւ աշխատեն մարզում: Նաեւ որոշում են ինչքան վճարել այդ բժշկին:
Այս դեպքում, քանի որ նրանք էլ որոշումներ կայացնողներ չեն լինելու, եւ որոշումը կայացվելու է չգիտեմ որտեղ նստած մի իրավաբանական անձի կողմից, ունենալու ենք բժիշկների արտահոսք եւ ազգաբնակչության հասանելիության առողջապահական խնդիրներ»:






Բաց մի թողեք
Եվրախորհրդարանը ԵՄ-ից միջոցներ է խնդրում արտասահմանում ֆինանսավորումների համար
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀՀ-ում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը