25/12/2025

«88» սուպերմարկետը «Սիթի»-ին տվեց անցավ տոպրակների թանկացման հարցում

«88» սուպերմարկետը տոներից առաջ կտրուկ թանկացրել է պոլիէթիլենային տոպրակների գինը: Եթե նախկինում դրանք 30 դրամ էին, ապա այժմ միանգամից կրկնակի թանկացել են:

Հրապարակ թերթը գրել է․ Այս մասին տեղեկացանք Շիրակի փողոցում գտնվող «88»-ի աշխատակիցներից:

Նրանք չկարողացան բացատրել, թե ինչու է խանութը հանկարծ որոշել գերշահույթ ստանալ հասարակ ցելոֆանի հաշվին: Նախկինում այս սուպերմարկետի տեղում «Սան ֆուդ»-ն էր, որի ղեկավարությունը կոշտ հարկային ստուգումից հետո որոշեց փակել այն: Բնակիչները գոհ են սպասարկման մակարդակից, սակայն դժգոհ են ապրանքների բարձր գներից եւ որակից:

Մարի Ա․-ն «Հրապարակին» հայտնեց, որ նախկինում այստեղից ամանորյա մսաբլիթների խմոր է գնել: «10 հատն արժեր 400 դրամ, հիմա 10 հատն արժի 800 դրամ, բայց որակը սարսափելի է: Գնեցի թանկ-թանկ, տարա տուն, փաթաթեցի, միանգամից կոտրվեցին»,- ասում է գնորդը, որը տարածքի բնակիչ է: Ի դեպ, պիտակի վրա արտադրողի կոորդինատները ներկայացված չեն, իսկ խանութին բողոքելիս ստանում ես պատասխան՝ մեղավորն արտադրողն է, ոչ թե մենք:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանին հարցրինք, թե ինչով է պայմանավորված պոլիէթիլենե տոպրակների գների կրկնակի ավելացումը, ի՞նչն է փոխվել, որ թանկացրել են: ««88» սուպերմարկետը, փաստորեն, ռեկորդ է սահմանել: «Սիթիի» գներից անցան: 50 դրամ «Սիթի»-ում էր: Ոչ մի բանով պայմանավորված չէ:

Ըստ էության, պետությունը, անունը դնելով բարեփոխում, պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումն արգելեց, որպեսզի մշակվեր մի ընթացակարգ, որ քաղաքացիները հրաժարվեին դրանցից, անցնեին այլընտրանքային ձեւերին:

Չաշխատեց, որովհետեւ զարգացած չէր ենթակառուցվածքը, չկային այլընտրանքներ, արդյունքում բիզնեսի համար լրացուցիչ շահույթի հնարավորություն առաջացավ: Կարող է սահմանել 30, 50, 60, 100: Հսկողություն որեւէ մեկը չի կարող սահմանել, որովհետեւ նույն բիզնեսը կպտտվի, կասի՝ դուք չէի՞ք ասում՝ ձրի չտաք, թանկ դրեք էդ տոպրակը: Եվ հերթական անգամ տուժեց սպառողը»:

Ըստ Պիպոյանի, սա նաեւ այն իրավիճակի հետեւանքն է, երբ կառավարության նիստում են հրահանգներ հնչում, թե որ բիզնեսը կարող է աշխատել, որը` ոչ: «88» սուպերմարկետը պատկանում է իշխանության բարեհաճությունը վայելող գործարար Նարեկ Նալբանդյանին: Խանութների այս ցանցի անունը կապում են նաեւ վարչապետի կնոջ հետ, որը պարբերաբար հերքում է այդ լուրերը՝ պնդելով, թե որեւէ առնչություն չունի այս ցանցի հետ, բայց ոչ ոք առանձնապես դրան չի հավատում: