18/08/2026

EU – Armenia

Կիրանցում ագրոզբոսաշրջությունը զարգանում է ․․․ թղթի վրա

Սահմանազատման անվան տակ 2024-ին Ադրբեջանին հանձնվեցին Կիրանցից շուրջ 15 հեկտար հող, միջպետական ավտոճանապարհի մի հատված եւ այդ ճանապարհի Կիրանցի կամուրջը։

Հրապարակ թերթը գրել է․ Հողերի հանձնումից Կիրանցի բնակիչների դժգոհությունը զսպելու, նրանց ուշադրությունը շեղելու համար այդ ժամանակ գործարկվեց դպրոցի նոր շենքը, Կիրանցի կենտրոնում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցին նորոգվեց, պաշտոնապես հայտարարվեց Կիրանցում եւ Տավուշի մարզում ագրոզբոսաշրջության ծրագրի մեկնարկի մասին։ Այդ ծրագրի վերաբերյալ Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի եւ Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի միջեւ կնքված 2025-2029թթ․ Ապակենտրոնացված համագործակցության համաձայնագրի շրջանակում, Ֆրանսիայում Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2026թ․ հունվարին մեկնարկել է առաջին ծրագիրը՝ «Ագրոզբոսաշրջության ռազմավարության իրականացումը՝ որպես Տավուշի մարզպետի աշխատակազմի եւ Օ-Դը-Սեն դեպարտամենտի ապակենտրոնացված համագործակցության բաղադրիչ»։

Ծրագիրը մշակվել եւ ներկայացվել է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից, որը կիրականացվի «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագրային գործողությունների հիմնական ուղղություններն են՝ ստեղծել Տավուշի մարզի ագրոզբոսաշրջության ցանց, աջակցել ագրոզբոսաշրջային տնտեսություններին մեթոդական, ֆինանսական եւ հաղորդակցության գործիքներով, նպաստել Տավուշի մարզի այցեվայրերի կառավարման կազմակերպության կարողությունների զարգացմանը։ Ծրագրի նախնական տարբերակը քննարկվել է դեռեւս 2024թ․ մայիսին՝ Օ-դը-Սեն դեպարտամենտի պատվիրակության՝ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կարեւորվել են նաեւ սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացման հնարավորությունները»։

Օգոստոսի 6-ին նոր հարցում եմ արել մարզպետ Հ․ Ղալումյանին․ «Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի հետ համագործակցությամբ ստեղծվել է Տավուշի ագրոզբոսաշրջության զարգացման ցանց։ Տավուշում ագրոզբոսաշրջությունը զարգացնելու համար ի՞նչ կոնկրետ, որոշակի աշխատանքներ են կատարվել»։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակում ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի եւ Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի համատեղ ջանքերով իրականացվող ծրագրով ստեղծվել է Տավուշի ագրոզբոսաշրջության ցանց, որտեղ ներգրավված են մարզի 48 տնտեսվարողներ հիմնականում Իջեւանի, Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններից։ Չնայած կան նաեւ մասնակիցներ Դիլիջանի տարածաշրջանից, սակայն ծրագրի շրջանակում առաջնահերթություն է տրվել մյուս 3 տարածաշրջաններին՝ մարզի համաչափ զարգացում ապահովելու եւ սահմանամերձ բնակավայրերի գործարար միջավայրի համար նոր գործընկերություն առաջարկելու նպատակով։ Տավուշի ագրոզբոսաշրջության ցանցի ստեղծումը նպատակ ունի տարածքային եւ համայնքային մակարդակում խթանել հայ-ֆրանսիական գործարար կապերը, ներդնել փոքր ու միջին բիզնեսին հասանելի եւ Ֆրանսիայում կիրառելի միջազգային չափանիշներ ագրոզբոսաշրջության ոլորտում, ստեղծել գործարար կապեր Տավուշի մարզի եւ Ֆրանսիայի համայնքների գործարարների միջեւ։

Տավուշի ագրոզբոսաշրջության ցանցի զարգացման կարեւոր ուղղություններից է կայուն զարգացման սկզբունքների ներառումը, կանաչ տնտեսության մոտեցումների կիրառումը, կենսաբազմազանության (COP 17) օրակարգի առաջնահերթությունների ներդրումը։ Ագրոզբոսաշրջության կայուն այցելավայրերի կառավարումը համարվում է ծրագրի թիրախային ուղղություններից, եւ նպատակ կա այս ծրագիրը դիտարկել որպես պիլոտային եւ ներդնել նաեւ այլ մարզերում։ Տավուշի ագրոզբոսաշրջության ցանցն ունի ռազմավարական զարգացման խորհուրդ եւ գործադիր կառավարման մարմին, որտեղ ներկայացված են ներկայացուցիչներ հայկական եւ ֆրանսիական կողմից։ Հատուկ ուշադրություն է դարձվել մարզի ագրոզբոսաշրջության ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնք հանդիսանում են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներ կամ ղեկավարվում են կանանց կողմից։ Կիրանցի սահմանազատված հատվածն ունի ծրագրի կողմից առաջնահերթություն, եւ Կիրանցից ու հարակից բնակավայրերից ցանցի մեջ ներգրավված են մի շարք բիզնեսներ։ Տավուշի ագրոզբոսաշրջության ցանցը բաց է նոր մասնակիցների համար, եւ այն միտված է՝ ստեղծել տեղական մակարդակում գործարար նոր միջավայր՝ միջազգային համագործակցությամբ»։

Ագրոզբոսաշրջության ծրագրի նախնական տարբերակը քննարկվել է դեռեւս 2024թ․ մայիսին, անցած ավելի քան 2 տարում ծրագրի առաջնահերթություններն են սահմանվել՝ ստեղծվել են Տավուշի ագրոզբոսաշրջության ցանց, դրա ռազմավարական զարգացման խորհուրդ եւ գործադիր կառավարման մարմին։ Տավուշում ագրոզբոսաշրջությունը, փաստորեն, զարգանում է թղթի վրա, գործնական, շոշափելի արդյունքներ դեռ չկան: