23/12/2024

Պատգամավորներին պարտադրել են մասնակցել կուսակցության տարածքային խորհուրդների ձեւավորմանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը դժգոհություն է հայտնել, որՔՊ-ական պատգամավորները կտրվել են ժողովրդից, իրականությունից, ուստի վարչությունը որոշում էընդունել, որ պատգամավորները պարտադիր պետք է  մասնակցեն կուսակցության տարածքային կազմակերպության խորհուրդների ձեւավորմանը, պետք է պարտադիր թեկնածություն առաջադրեն: Իսկ կընտրվեն, թե` ոչ, դա էլկլինի նրանց աշխատանքի գնահատականը:

«Հրապարակ» թերթը գրում է. Բանն այն է, որ լրանում է կուսակցության կանոնադրությամբ առաջադրված տարածքային խորհուրդների երկամյա ժամկետը, եւ մինչեւ աշուն պետք է նոր խորհուրդներ ձեւավորվեն: Այդ աշխատանքներն արդեն մեկնարկել են, երեկ Շենգավիթում է ՔՊ-ն նորացվել, եւ փակ ընտրությունների արդյունքում ՏԿ խորհրդի կազմում, ի թիվս այլոց, ընտրվել են ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Հռիփսիմե Հունանյանը:

Ի դեպ, թեկնածուների մեջ է եղել նաեւ Հայկ Ցիրունյանը, ում չեն ընտրել։ Նշենք, որ, չնայած արձակուրդում գտնվելու փաստին, ընտրություններին անձամբ Փաշինյանն էլ է մասնակցել՝ կարեւորելով տեղերում խրամատավորման եւ առաջիկա ընտրություններին պայքարի հարցը»: