24TV-ի տաղավարում քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, անդրադառնալով ՀՀ-ում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությանը, պնդել է, որ այն չի կանխարգելել ՀՀ-ի վրա ադրբեջանական հարձակումները։
https://fip.am/ «Քանի՞ անգամ են մեր վրա հարձակվել վերջին 3 տարվա ընթացքում, քանի՞ անգամ՝ Սոթք, Ջերմուկ, էդ վերջին գյուղը (նկատի ունի Ներքին Հանդ,-խմբ․), որ չորս զինվոր մահացավ․․ ․Քանի՞ անգամ են մեզ վրա հարձակվել, ի՞նչ արեցին եվրոդիտորդները, պարզ չէր որ մեզ վրա հարձակվել են։ Ասում են (ԵՄ դիտորդները,- խմբ․)՝ մեզ ռուսները չեն թողել (Ներքին Հանդ,- խմբ․), հետո ասեցին, չէ, այդպես չի եղել»,- նշել է Խաչիկյանը։
Երբ են տեղի ունեցել ադրբեջանական ներխուժումները
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացրել Հայաստանի դեմ՝ ներխուժելով ու բռնազավթելով ՀՀ ինքնիշխան տարածքներ։
Նման առաջին հարձակումը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 12-ին, երբ ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժեցին Սյունիքի մարզի Սև Լճի հատված, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրեր ու դիրքավորվեցին այնտեղ։
Արդեն 2021 թվականի նոյեմբերի 14-ին ադրբեջանական ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ, ինչի հետևանքով Հայաստանի ԶՈՒ չորս մարտական դիրքեր հայտնվեցին շրջափակման մեջ։
2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի տարածքում ևս Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումներ տեղի ունեցան․ ՀՀ ՊՆ-ն հայտնել է չորս հայ զինծառայողի վիրավորվելու, ավելի ուշ՝ 1 նույնականացված զոհի, 12 գերեվարվածի (7 պայմանագրային, 5 ժամկետային զինծառայողներ) մասին։
Վերջին լայնամասշտաբ ներխուժումը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին․ հայկական կողմի մարդկային կորուստները, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցեցին 220-ը, ավելի քան 20 հոգի գերեվարվեց, վիրավորվեցին 293-ը։ Ըստ տարբեր տվյալների, մոտ 150 քմ կմ տարածք օկուպացվեց հակառակորդի կողմից, վնասվեցին մեծ թվով քաղաքացիական ենթակառուցվածքներ։
ԵՄ դիտորդները ՀՀ-ում տեղակայվել են Բաքվի ռազմական ներխուժումներից հետո
Ադրբեջանի կողմից 2022 թ․ սեպտեմբերին սանձազերծված ագրեսիայից շաբաթներ անց ՀՀ-ում տեղակայվեց ԵՄ առաջին քաղաքացիական առաքելությունը․ որոշումը կայացվել էր Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպման ընթացքում։ Նույն թվականի հոկտեմբերի 20-ից արդեն եվրոպացի 40 քաղաքացիական դիտորդներ երկու ամսով տեղակայվեցին Հայաստանում՝ դեկտեմբերի 19-ին ավարտելով իրենց գործունեությունը։
ԵՄ երկրորդ առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարից՝ 2 տարի ժամկետով․ այդ ամբողջ ընթացքում ադրբեջանական կողմը նոր ներխուժումներ ՀՀ տարածք չի իրականացրել։ Միևնույն ժամանակ, եղել են սահմանային միջադեպեր, որոնցից մեկը՝ 2023-ի ապրիլին, Սյունիքի Տեղ գյուղում, մյուսը՝ մայիսին, Գեղարքունիքի Սոթք համայնքում։ Վերջին միջադեպը գրանցվել է Ներքին Հանդում։
Հատկանշական է, որ քաղաքագետը շրջանցում է 44-օրյա պատերազմից հետո ՀՀ արևելյան սահմաններին տեղակայված ՌԴ սահմանապահների հանգամանքը՝ չանդրադառնալով ՀՀ ներխուժումների ընթացքում վերջիններիս անգործության փաստին։
Հակասող տեղեկություններ՝ Ներքին Հանդում դիտորդների մուտքի վերաբերյալ
Փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ բացեցին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը չորս զոհ ունեցավ։
Միջադեպից հետո Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, պատասխանելով հարցին, թե ինչ էր անում ԵՄ առաքելությունը միջադեպի ընթացքում, նշել է․ «Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ»։
Ռիտերի այս պնդումը հաստատել է նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ խոչընդոտվել է բնակավայրի մոտ տեղակայված ռուս սահմանապահների կողմից։
Գրիգորյանի և Ռիտերի պնդումներին հակասող հայտարարություն արեց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ «հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում ռուս սահմանապահները եվրոպացի դիտորդներին չեն խոչընդոտում»։
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի տարածքում մի երկրի ներկայացուցիչներ խոչընդոտում են մեկ այլ կառույցի ներկայացուցիչների, նշել է․ «Հնչել է ահազանգ ու այդ ահազանգը քննվում է՝ հասկանալու համար, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը, կա՞ նման խոչընդոտ, թե՞ չկա նման խոչընդոտ, ու այդ քննության արդյունքներով որոշակի եզրակացություններ կարվեն»։
Այսպիսով, քաղաքագետը մանիպուլացնում է՝ ԵՄ դիտորդական առաքելության վրա բարդելով վերջին երեք տարում ադրբեջանական ներխուժումները չկանխարգելելու կամ համարժեք չարձագանքելու պատասխանատվությունն այն դեպքում, երբ դիտորդները ՀՀ սահմանին են տեղակայվել Բաքվի ագրեսիայի վերոհիշյալ բոլոր դեպքերից հետո։
Միևնույն ժամանակ, Ներքին Հանդ դիտորդների մուտքը խոչընդոտելու վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները հակասական են․ մի կողմից այն հաստատում են ԱԽՔ-ն և ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը, մյուս կողմից այն հերքում է ԱԱԾ-ն, իսկ վարչապետն էլ հայտարարում է «ահազանգի հիման վրա տարվող քննության մասին»:
Նանե Մանասյան; https://fip.am/
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել