11/07/2025

ՆԳՆ ոստիկանությունից մեկնաբանել են դպրոցականների առևանգման մասին շարունակվող ահազանգերը

Համացանցում շարունակվում են տեղեկություններ տարածվել այն մասին, թե դպրոցներից երեխաների առևանգման փորձերը շարունակվում են: Նշվում է, որ նման փորձեր եղել են ոչ միայն Երևանում, այլ մարզերում ևս:

Մեկնաբանելով չդադարող ահազանգերն ու անհանգստությունը՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«ՆԳՆ ոստիկանությունում նման բովանդակությամբ ո՛չ ահազանգ է եղել, ո՛չ էլ ձերբակալված կա»,- հայտնեցին կառույցից:

Նշենք՝ Նաիրի Հոխիկյանն է «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել, թե, իբր, «երեխաների որսի մասշտաբները մեծանում են»:

Ըստ նրա՝ Հայաստանի տարբեր վայրերում փորձեր են կատարվում երեխաներին դպրոցներից ու մանկապարտեզներից առևանգելու։ Այդպիսի փորձ կանխվել է Երևանում, երկու օր առաջ էլ, Հոխիկյանի պնդմամբ, նման առևանգման փորձ եղել է Տավուշի մարզի Կիրանց գյուղում, որը կրկին կանխվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել էր առևանգել երկու անչափահասի։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, կալանավորվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել էր քննչական բաժին: