23/12/2024

Ո՛չ անմեղության կանխավարկած են հաշվի առնում, ո՛չ մի բան: Մարդը ո՞նց է վաղը Հայաստանում ապրելու

Հանրային տարածքում շարունակում են քննարկել Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի սկանդալը, երբ դասի ժամին ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին դասասենյակ, աշակերտների աչքի առաջ գետնին տապալել ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանին, հարվածներ հասցրել, ապա կալանավորել:

Հրապարակ թերթը գրել է․ Նրան մեղադրում են աշակերտների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Կատարվածից հետո արդեն մի քանի օր է, ինչ աշակերտներն ու ուսուցիչները ուշքի չեն գալիս, փոխարենը դպրոցի տնօրենի ԺՊ է նշանակվել՝ իբրեւ ստեղծված քաոսը հաղթահարելու համար: ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը երկար տարիներ է, ինչ նույն դպրոցում հոգեբան է աշխատում: Նա «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածը դպրոցի տնօրենի մրցույթի հետ է կապված, իսկ ֆիզիկայի ուսուցիչը երբեւիցե նման արարքներով աչքի չի ընկել, հակառակը` դպրոցի ամենասիրված մանկավարժներից է:

– ԱԱԾ-ի ձեռքում, ասում են, տեսանյութ է հայտնվել, որտեղ ֆիզիկայի ուսուցիչը շոյում է աշակերտների գլուխը: Ըստ ԱԱԾ-ի, փաստորեն, գլուխը սեռական օրգան է, իսկ գլուխ շոյելը՝ սեռական բռնություն: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել, տեղյա՞կ եք մանրամասներից: Դպրոցում ի՞նչ են կարծում կատարվածի մասին:

– Ոչ մի կոնկրետ բան ոչ ոք չգիտի: Փաստաբանի խոսքը լսեցինք, նրանք, հավանաբար, ծանոթանալով նյութերին, եկել են այն եզրակացության, որ ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, իսկ այն, ինչ եղել է, ես կապում եմ դպրոցում տնօրեն նշանակելու հետ: Հենց նույն օրը դպրոցի փոխտնօրենին, որը տնօրենի միակ թեկնածուն էր, հրավիրել են Երեւանի քաղաքապետարան, չեն ընդունել նրա զարգացման ծրագիրը` համարել են սխալ եւ նոր տնօրենի ԺՊ են նշանակել: Դպրոցի տնօրենի կոմպետենցիայի մեջ չմտնող հարցեր են տվել, որոնք ԱԺ-ի կոմպետենցիային են վերաբերում: Իմ կարծիքով` դեպքերն այսպես դասավորվեցին, որ հաջորդ օրը նոր տնօրեն նշանակեն այլ դպրոցից: Հավանաբար, իրենց թեկնածուին նշանակելու համար ուզում են ասել՝ տեսեք, նման դեպքեր են լինում, իբր թե դպրոցը վատ է կառավարվում, եւ նոր տնօրեն են կարգում: Մարդու տարիների վաստակն ու ամեն ինչ մի կողմ են դնում: Եթե կոնկրետ փաստ չներկայացնեն, ոչ մեկը չի հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ինչպե՞ս են աշակերտի գլուխը շոյելը դիտարկել անառակաբարո գործողություն: Անհնար է, որ մանկավարժը կոնտակտ չունենա աշակերտի հետ, դա բացառված բան է:

– Դուք՝ որպես դպրոցի հոգեբան, երբեւէ շոյե՞լ եք աշակերտների գլուխը:

– Անհնար է դպրոցում երեխաների հետ նման կոնտակտ չունենալը` փաթաթվել, գլուխ շոյել եւ այլն: Երեխաները կարող են լաց լինել եւ այդ պահին ծնողի` մոր կարիքն ունենալ, բայց այդ պահին մայրը դպրոցին մոտ չլինի, ու, ի՞նչ, պետք է նման դեպքերում ասել, որ ուսուցիչն անառակաբարո գործողություննե՞ր է կատարում: Սա նաեւ հիմք է, որ հերթական կոնվենցիան բերեն, խրճկեն ու առաջ տանեն: Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ մի հիմար գիրք հրատարակվեց` «Իմ մարմինն անձնական է», որ իբրեւ ծնողը նույնպես չպետք է երեխային ձեռք տա եւ այլն: Վերացնում են նաեւ երեխաներին սիրելու, գուրգուրելու ցանկությունը: Այն, որ մայրը երեխային կրծքով կերակրում է, դա էլ կարող են համարել շոյանք ու նման հազար ու մի բան: Մարդկանց ուղեղի մեջ չի տեղավորվում, թե սրանք ինչ փչացածության աստիճան ունեն: Ես հիշում եմ, որ 2020 թվականին Լանզարոտեի կոնվենցիա խցկեցին, եւ նախքան այդ Լյուսի Քոչարյանը սկսեց նմանատիպ պատմություններ պատմել, որ իբրեւ Հայաստանում շատ են նման դեպքերը: Տեսնելով, որ հանրության կողմից կոնվենցիաները չեն ընդունվում եւ ընկալվում, սկսել են նորից նմանատիպ քայլեր անել: Հերթը հասել է դպրոցներին: Ասում են, որ Ավինյանի քրոջ ընկերուհին է մեր դպրոցի տնօրենի ԺՊ-ն, գուցե լավ մարդ է, ոչինչ չունեմ ասելու, բայց իրականությունը դա է: Այն, որ դեռահասության շրջանում թմրանյութեր են իրացվում, էներգետիկ ըմպելիքներ, դա այս իշխանություններին չի հետաքրքրում, չի հետաքրքրում, որովհետեւ դա իրենց ներքին բիզնեսն է, բայց գոյություն չունեցող բաներից խիստ մտահոգվում են եւ ոչնչացնում մարդուն, զրոյացնում դպրոցի վարկանիշը: Հետագայում անգամ եթե ուսուցիչն արդարացվի, այդ մարդու կյանքը կործանվեց, ոչ ոք ներողություն էլ չի խնդրելու: Հանրությանն էլ հետաքրքիր չի լինելու, թե ինչ կլինի մարդու ճակատագրի հետ: Ո՛չ անմեղության կանխավարկած են հաշվի առնում, ո՛չ մի բան: Մարդը ո՞նց է վաղը Հայաստանում ապրելու: