Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Մարդու վերարտադրողականության հայկական ասոցացիայի 22-րդ համաժողովը, ինչն էլ առիթ հանդիսացավ հանդիպելու ու հարցազրույց ունենալու «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության կենտրոնի հիմնադիր և տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանի հետ։
Պարոն Համբարձումյան, ներկայացրեք խնդրեմ, թե ինչ եք քննարկել 22-րդ համաժողովում, որին ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նաև ելույթ է ունեցել ․․․
Այն մեր ամենահագեցած, հետաքրքիր, բազմաբովանդակ համաժողովներից ստացվեց։ Պատճառն այն էր, որ մեզ էին հյուրընկալվել ոլորտի համաշխարհային մեծանուն բժիշկներ, ովքեր հիմնադիրներն են վերարտադրողական գիտական բժշկության, ի դեմս Ռենե Ֆրիդմանի – Ֆրանսիայից, Ռամի Վակիմի – Մեծ Բրիտանիայից, Վալերի Զուկինի – Ուկրաինայից և Զիոն Բեն Ռաֆայելի – Իսրայելից։ Նրանք այս ոլորտի ավանգարդներն են՝ բոլոր մանրամասնություններով։ Իսկ բուն համաժողովը ոլորտի առաջընթացն արձանագրելու ու առաջ ընթանալու ուղիները նախանշելու նպատակ էր հետապնդում։
Այո, մեր համաժողովը պատվել էր ՀՀ առողջապահության նախարար տիկին Ավանեսյանը, ով իր ելույթում նաև կարևորեց ոլորտն ու Մարդու վերարտադրողականության հայկական ասոցացիայի գործունեությունը, ասաց՝ ինչեր ենք արել ու ինչեր դեռ պետք է անենք ․․․ Մեր նպատակն է ոլորտը զարգացնել Հայաստանում, օրենսդրական դաշտն ապահովել, ինչը արվել է անցած հինգ տարիների ընթացքում։ Ամենակարևորը՝ ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացնում անպտղության խնդիրներ ունեցող ընտանիքներին ․․․
Համաժողովում մենք լսեցինք նաև բազմաթիվ հյուրերին՝ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իսրայելից, Ուկրաինայից, ծանոթացանք նրանց փորձերին, արդյունքներին, ինչպես նաև ելույթներ ունեցան մեր բժիշկները, ներկայացրեցին իրենց գործունեության ժամանակ պատահած հետաքրքիր դեպքերն ու փորձը, գիտական աշխատանքները։
Մինչ համաժողովը՝ Առողջապահության ազգային ինստիտուտի ամսագրի հերթական համարը նվիրված էր Վերարտադրողական բժշկությանը, 25 գիտական հոդվածներ ենք հրապարակել, որոնցից 12-ը արտասահմանյան երկրների մասնագետների հեղինակածն են։
Այնպես որ, Հայաստանում Վերարտադրողական բժշկությունը վերելքում է, մեր ասոցացիան, կենտրոնը, շատ այլ կենտրոններ էլ կան՝ շատ լավ ու արդյունավետ աշխատում ենք, նորերն են բացվում, գիտական ուղղությունն է խթանվում, ես շատ մեծ ուշադրություն եմ դարձնում, արդեն չորրորդ տարին է, որ հատկապես այս ոլորտում մասնագիտացած շրջանավարտներ ունենք, ովքեր համալրում են ոլորտի բժիշկների թիմը, շատերն աշխատում են հենց մեր կլինիկայում։
Վերարտադրողական բժշկությունն ինքնին շատ կարևոր է, որովհետև ընտանիքն առանց երեխայի այլ է, յուրաքանչյուր նոր երեխայի ծնունդով պայմանավորված՝ բոլորովին այլ։ Նաև՝ գենոֆոնդի խնդիրն է լուծվում ․․․
Դուք բժշկական գիտությունների դոկտոր եք, Ձեր գիտական պաշտպանության թեզը հատկապես Վերարտադրողական բժշկության ոլորտով է։
Այո, իհարկե, պարոն Ռենե Ֆրիդմանը իմ ուսուցիչն է, նաև՝ իմ ավագ ու լավ ընկերը։ Դեռևս Փարիզում՝ իր մոտ եմ ուսանել ու սկսել աշխատել գիտության այս ոլորտում։ Առաջին հրապարակումները տասնամյակներ առաջ հենց այս ոլորտում էին։ Այնուհետև տեղափոխվել եմ Հարվարդի ու Բոստոնի համալսարաններում մասնագիտանալու, աշխատելուց հետո՝ 13 տարի անց, վերադարձա Հայաստան և այստեղ ամենն ամփոփեցի դոկտորական պաշտպանությանս մեջ։ Այնպես որ, նաև իմ գիտական կոչմանս հասնելը երկարատև աշխատանքի և ուսանելու արդյունք է՝ Ֆրանսիայում մեկնարկած ու Միացյալ Նահանգներում շարունակած։
Ձեր կողմից ղեկավարվող Երևանի Պտղաբերության կենտրոնի ու թերևս նաև ասոցացիայի հերոսական աշխատանքի արդունքում է նաև, որ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո զավակներ կորցրած ընտանիքներում լսվում է նոր մանկանց ճիչը, այդ մարդկանց, ընտանիքներին ապրելու հույս ու լույս շնորհում ․․․ Նվիրական աշխատանք է, ինչպես է այն ձեզ հաջողվում ․․․
Նախ՝ մեծ աշխատանք ծավալեցինք, քարոզչություն, որ այսպիսի բժշկագիտական մակարդակի հնարավորություն կա, ինչը նորություն էր ինչպես մեր, այնպես էլ՝ համաշխարհային փորձի առումով, որի արդյունքում այդպիսի պացիենտներն, ովքեր մեծ դեպրեսիաներ են ապրել, սթրեսներ, ընկճվել ․․․ դիմեցին մեզ։
Այս փորձը նաև միջազգային կոնֆերանսներում զեկուցումների նյութ է ու ներկայացվում է մեր կողմից, մասնագետներն ապշած են, յուրօրինակ է։ Եվրոպական զարգացած երկրներում 44 տարեկանից բարձր զույգերը մայրանալու, նոր երեխա ունենալու հարցում անհույս են համարվում, իսկ մեզ մոտ՝ մինչև անգամ 53 տարեկանների հետ, ունեցել ենք դրական արդյունք։
Միայն իմ ղեկավարած «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության կենտրոնում չեն կատարվել փորձառությունները, հանրապետությունում 5 – 6 կենտրոններ են նպաստել այդպիսի ընտանիքներում նոր երեխա ծնվելու արդյունքին։
Մենք 200 զույգեր ենք ընդունել մեր՝ Պտղաբերության կենտրոնում, որոնցից 120 երեխաներ են ծնվել կամ մոտ ժամանակներս կծնվեն։ Սա շատ մեծ հաջողություն ու շատ դրական արդյունք է, որովհետև այդպիսի ընտանիքների հետ նվիրական աշխատանքից իսկապես կարողացանք պատվով դուրս գալ։
Բայց նորից շեշտեմ՝ ՀՀ կառավարությունը եթե ֆինանսապես չօգներ այդպիսի ընտանիքներին ու կլինիկաներին, ապա թերևս շատ քչերը ինքնակամ դիմեին ու նման՝ դրական, արդյունք ունենային։ Դեռևս սպասում ենք, գուցե էլի դիմողներ կլինեն, որոնց բոլորին պատրաստ ենք օգնել՝ պետական ֆինանսավորումն էլ կլինի՝ և դեղորայքի, և լաբորատորիայի, և ձվաբջիջների, և անգամ փոխնակ մայրերի հարցերում։ Արտերկրում՝ իմ ելույթներում, երբ ներկայացնում եմ այս ամենը՝ չեն հավատում, որ պետությունը փոխնակ մորը ֆինանսավորում է այդպիսի ընտանիքների համար նոր երեխա ծննդաբերելու համար։ Սա յուրօրինակ փորձ ու ներդրում է՝ միջազգային մակարդակով։
Իսկ այժմ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներից կան, որ սպասում են նոր փոքրիկի։
Այո, որովհետև շատ անգամ առաջին փորձից չի ստացվում, երկրորդին տրամադրվելն ու դիմելը կրկնակի դժվար է, էլ չեմ խոսում երրորդ ու ավելի փորձերի մասին, բայց կան հղի կանայք ու կան դեռ փորձողներ ․․․
Բացի այդ, ՀՀ կառավարությունն ինչով է օգնում, նպաստում բժշկագիտության այս ոլորտին։
Մի շարք օրենքներ ընդունվեցին, որի արդյունքում անպտուղ զույգերը՝ սկզբում մինչև 35, այնուհետև՝ 38 տարեկաններ, հիմա մինչև անգամ 40 տարեկան, կարող են դիմել մեզ՝ հետազոտվել, բուժվել, արտամարմնային բեղմնավորում կատարել։ Յուրաքանչյուր զույգի՝ ամուսինների համար ՀՀ կառավարությունը հատկացնում և 2 – 2,5 մլն դրամ։
2 տարի ու ավելի երեխա չունեցող ընտանիքների համար այդ ծառայություններն անվճար են։ Այս ամենը նպաստում է, որ երեխա չունեցող կանայք մայրանան։
Բացի այդ՝ մեր Մայրությունը միայնակ չի լինում կարգախոսի ներքո, նպաստում ենք, ըստ հաշվարկների, մեր հանրապետությունում 40-ից մինչև 53 տարեկան 30 հազար միայնակ ու անզավակ կանայք մայրանան։ Նրանք անպտուղ չեն, պարզապես անձնական կյանքերը չեն ստացվել, ընտանիք չունեն, սակայն հնարավորություն են ստանում դոնորական ճանապարհով մայրանալ, ինչը ևս ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից։
Ստացվում է, որ մեր հանրապետությունում տարեկան մոտ 40 հազար ծնունդներ են լինում, մինչդեռ 30 հազար կանայք կան, որոնց մեծ մասը կարող է երեխա ունենալ առանց մեծ գումարների ներդրման։ Պարզապես՝ զուգընկեր չունեն, չի ստացվել, կամ՝ չեն ուզում, մինչդեռ գենեֆոնդի համար հսկայական ռեսուրս կորչում է։ Պետության կողմից կարևորվում է այս ամենը։
Նաև ԶԼՄ-ներիցդ, հանրության մենթալիտետից է շատ բան կախված, որ խոսակցությունները չլինեն կամ քիչ լինեն, թե հարևանը, ծանոթն ինչ կասի, ինչպես մայրացավ միայնակ կինը, շատ անգամ նման խոսակցություններից խուսափելու համար է, որ նման կանայք չեն դիմում Պտղաբերության կենտրոն։
Եվս ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, այս տարվա օգոստոսից նորություն ունենք, ոչ միայն առաջին, այլև՝ երկրորդ ու հաջորդիվ երեխաների համար ընտանիքները կարող են դիմել ու +1 երեխա ունենալ։ Միայն թե պետական ֆինասավորումը մեկ – երկու փորձերի համար են, մինչդեռ միջազգային փորձում մի քանի անգամ փորձերի դեպքում է երբեմն դրական արդյունք արձանագրվում։
Իսկ վիճակագրությունն այս ոլորտում՝ դրական արդյունք արձանագրելու համար, որքան է, Ձեր կենտրոնի օրինակով, դիցուք, դիմողների քանի տոկոսն են մայրանում։
Միշտ տարիքն է կարևոր․ մինչև 35 տարեկանների շրջանում ցուցանիշները բարձր են՝ 40 – 45 տոկոս, 40 և ավելի տարիքի դեպքում՝ 10 – 15 տոկոս է։ Հայաստանում միջին ցուցանիշը շատ դրական է՝ բարձր, ես գոհ եմ։ Եվրոպական կոնսորցիումի խումբ կա, որի անդամ եմ, այնտեղ ցուցանիշները շատ ավելի ցածր են։
Պարոն Համբարձումյան, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ծրագիրն անվանում ունի, ինչպես նախկինում, երբ կար Արագիլ ծրագիրը, թե՝ այն ոչ պետական էր։
Արագիլը պետական ծրագիր չէր, պարզապես հասարակական հիմնադրամ էր ստեղծվել, գումարները մեծ չէին, բայց այդ տարիների համար գոնե ինչ որ բան արվեց, երեխաներ ծնվեցին։ Նոր էինք սկսում ամեն ինչ, առաջին զարթոնքն էր, հիշեցումը, որ սա խնդիր է, որը պետք է կարևորել։ Հիմա անհամեմատ ավելին է, հարյուրապատիկ ավելին ․․․
Ձեր կոչը, խորհուրդն այն ընտանիքներին, որտեղ երեխա չունեն ու գուցե չգիտեն ինչ անել ․․․
Նախ՝ ՀՀ կառավարությունն ամեն բան արել է, եթե ամուսնությունից 2 տարի է անցել ու երեխա չունեք, ապա պետական ֆինանսավորմամբ դիմեք Պտղաբերության կենտրոն, որտեղ կհետազոտվեք, դեղորայք կստանաք, գործողություններ կկատարվեն ․․․ և այլն։
Սակայն իմ խորհուրդը 35 և ավելի տարիքի նոր ամուսնացած ընտանիքիներին՝ երկար մի սպասեք, եթե 6 ամիս է անցել ու հղիություն չկա, ապա միանգամից դիմեք բժիշկի, որովհետև 38, 40 տարեկանից հետո արդեն շատ բաներ անվերադարձ կորած են լինում, որի պայմաններում չենք կարողանում օգնել։
Ավելի երիտասարդ տարիքում ամուսնացեք, իսկ եթե 35 տարեկան ու ավելի եք, ապա դիմեք Պտղաբերության կենտրոն, ոչ թե գինեկոլոգներին, ովքեր շատ հաճախ ասում են լավ է, կունենաք, որի արդյունքում բաց է թողնվում թանկագին ժամանակը։
Շարունակությունը՝ հաջորդիվ ․․․
Բաց մի թողեք
Մեկ շաբաթ առաջ նշանակված Հոգեբուժարանի տնօրենը ձերբակալվել է․ Լուսանկար
Կոտայքի մարզում՝ մայրը ծննդաբերելուց հետո փորձել է սպшնել իր երեխային
«Մարգարյան» ծննդատունն այսուհետ կղեկավարի Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը․ Լուսանկար