Թուրքական TAI-ն ընդգրկված է համաշխարհային ռազմարդյունաբերական հարյուր ընկերությունների ցանկում: Բավական է ասել, որ այնտեղ է նախագծվել «հինգերորդ սերնդի» Kaan կործանիչը, որ, ինչպես աղբյուրներն են հայտնում, 2028թ. կդրվի սերիական արտադրության:
Հոկտեմբերի 24-ի ուշ երեկոյան Թուրքիայի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում, որտեղ էլ Էրդողանը խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության, ներքին գործերի նախարարների, ԶՈՒ ԳՇ պետի, Ազգային հետախուզության ծառայության տնօրենի, անվտանգության և արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդականի մասնակցությամբ:
Գլխավոր ուղերձը, որ հնչեցրել է Թուրքիայի նախագահը, ոչ մի նորություն չի պարունակում. Էրդողանը կրկնել է այն, ինչ ասում է առնվազն 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ ահաբեկչության դեմ պայքարում ոչ մի զիջում չի լինի, և մենք թույլ չենք տա մեր սահմաններին մոտ ահաբեկչական պետություն ստեղծել։
Անկարայում «ահաբեկչությունը» տեղի է ունեցել նույն օրը, երբ ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգում կազմակերպվել է Էրդողանի արյան վրեժի հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենի թաղման արարողությունը: Մոտ մեկ տասնամյակ Թուրքիայի նախագահը Միացյալ Նահանգներից պահանջել է Գյուլենի արտահանձնումը, բայց մերժում ստացել: Ընդ որում՝ նրան չեն ընդառաջել ոչ միայն դեմոկրատ Օբաման և Բայդենը, այլև հանրապետական Թրամփը:
Էրդողանը հենց այդպես էլ ներկայացնում է, որ անկախ Սպիտակ տան տիրոջ կուսակցականությունից, Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցության մեծացմամբ շահագրգռված չեն: Անկարայի «ահաբեկչությունը» գնահատվում է աշխարհաքաղաքական այդ ենթատեքստով:
«Քրդական բանվորական կուսակցությունը չէր կարող TAI մուտք գործելու հնարավորության մասին տեղեկություն ունենալ»,- ադրբեջանական «Թուրան» գործակալությանը ասել է Թուրքիայում բնակվող վերլուծաբան Խալեդին Իբրահիմլին. Նա վստահ է, որ քուրդ ահաբեկիչներին օգնել են գերտերությունների հատուկ ծառայությունները:
Իբրահիմլիի կարծիքով՝ Իսրայելը ձգտում է ամբողջովին տիրանալ Գոլանի բարձունքներին, ինչը հնարավորություն կտա, որպեսզի Իրաքի հյուսիսը կապվի Սիրիայի հետ, իսկ այդ տարածքները վերահսկում են քրդական զինված կազմավորումները: Այդ դեպքում Իսրայելն ընդհուպ կմոտենա Թուրքիայի հարավային սահմաններին:
Սիրիայի հյուսիսի քրդական փաստացի ինքնավարությունը գործում է Միացյալ Նահանգների հովանու ներքո: Վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ անոնսավորվել է Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպում, բայց Էրդողան-Ասադ բանակցություններ այդպես էլ չի հաջողվում կազմակերպել:
Եթե փորձենք իրավիճակից եզրակացության հանգել, ապա, թվում է, երկու տարբերակ կա. կամ Անկարայի «ահաբեկչությունը» թուրքական MIT-ն է կազմակերպել, որպեսզի Էրդողանը Իրաքի և Սիրիայի հյուսիսում քուրդ ահաբեկիչների դեմ հատուկ ռազմական գործողություն սկսելու հիմնավորում ունենա և միջազգային ճնշումներին հակադարձի, կամ որևէ երկրի հատուկ ծառայությունը Թուրքիայի նախագահին հասկացրել է, թե Մերձավոր Արևելքում և առհասարակ միջազգային քաղաքականության մեջ որն է նրա իրական տեղը և դերը:
Այս իմաստով արժե, թերևս, նկատել, որ Անկարայի «ահաբեկչությանը» նախորդած մեկ-երկու ամիսների ընթացքում թուրքական կողմը մի քանի անգամ տեղեկություն է տարածել Թուրքիայի տասնյակ բնակավայրերում «Մոսադի» գործակալներ ձերբակալելու մասին, իսկ TAI «զինված գրոհը» տեղի է ունեցել, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենը Կատարի վարչապետ ալ-Թանիի հետ քննարկում էր Գազայում հրադադարի և պատանդների փոխանակման բանակցությունների վերսկսման հնարավորությունը:
ՀԱՄԱՍ-ի հետ բոլոր շփումներն իրականացվել են ԱՄՆ-ի, Իսրայելի և Եգիպտոսի հատուկ ծառայությունների ղեկավարների մակարդակով: Թուրքական MIT-ն ինչո՞ւ է դուրս մնացել ԱՄՆ մերձավորարևելյան դիվանագիտության «պահունակից»:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թոււրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ: Ըստ տեղեկության՝ քննարկվել է նաև Հարավային Կովկասի հարցերն ու խաղաղության հեռանկարները: Բլինքենն այցելել էր Իսրայել, որպեսզի քննարկեր Գազայում հրադադարի հնարավորությունը:
Մինչ Գազայում հրադադարը, հոկտեմբերի 23-ին, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանն այցելել էր Կազան՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու, Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման ենթարկվեց ավիատիեզերական հայտնի ընկերությունը: Էրդողանը Կազանից ոչ հապշտապ, սակայն նախատեսվածից շուտ վերադարձավ Անկարա: Մի կողմ թողնենք կոշտ հայտարարությունները, որ արել է Էրդողան այդ ահաբեկության առնչությամբ: Էականն այն է, թե ի՞նչ է հասկացել նա, ի՞նչ է պարզել:
Այդ մասին քննարկումներն արդյո՞ք եղել են Բլինքեն-Ֆիդան հեռախոսազրույցի քննարկման առարկա: Թե՛ մերձավորարևելյան վարքագծի, թե՛ կովկասյան վարքագծի առումով շատ կարևոր է, թե՛ Անկարայում անկասկած նշանային հարված հանդիսացած ահաբեկությունից ինչ է հասկացել Էրդողանը:
Նրա համար կարծես թե բավականին դժվար է դառնում միաժամանակ երկու աթոռի վրա նստած խաղալը: Այն, ինչը թվում էր բավականին հարմարավետ, սկսել է թերևս ոչ միայն չաշխատել, այլև խանգարել: Թուրքական աղբյուրը, օրինակ, հայտնել է, որ Հնդկաստանը դեմ է ԲՐԻԿՍ-ին Անկարայի անդամակցությանը՝ Պակիստանի հետ վերջինիս հարաբերության պատճառով:
Սակայն, ըստ ամենայնի՝ դա առիթն է, այլ ոչ թե բուն պատճառը: Իսկ բուն պատճառը թերևս այն է, որ երկու աթոռի վրա խաղացող, երկդիմի քաղաքականության «վարպետ» Էրդողանը կորցրել է իր այդ մեթոդաբանության պահանջարկը: Հավանաբար հենց այդ է նաև պատճառը, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը նրբորեն փորձում է տարածություն պահել «ավագ եղբորից» կամ «քաղաքական կնքահորից»:
Վերադառնալով Բլինքեն-Ֆիդան հեռախոսազրույցին, մասնավորապես դրանում Կովկասի հարցերի քննարկմանը՝ կարևոր է իմանալ, թե դրանում ի՞նչ տեղ է ունեցել Վաշինգտոնի վերջին առաջարկը, որ ԱՄՆ նախագահի օգնական Կարպենտերն օրեր առաջ փոխանցել է Փաշինյանին ու Ալիևին՝ ԱՄՆ նախագահի ուղեկցող նամակով:
Ի՞նչ դեր է այդ հարցում ԱՄՆ վերապահում Էրդողանին, որին Անկարայի ահաբեկչությունը ժամանակից շուտ «հետ բերեց» Կազանից:
Բաց մի թողեք
Ռուսաստանը պարտվում է, այժմ տարածաշրջանի տերն ու տիրականը Թուրքիան է. The Telegraph
Մակրոնի խորհրդավոր զանգը Իվանիշվիլիին
Թեհրանը բացահայտ հասկացնում է Իսրայելին, որ «վառոդամանը չի դատարկվել»