22/11/2024

Ովքեր են հեռանում Գյումրու քաղաքապետարանից․ պաշտոնյաներն ազատման դիմումներ են գրել

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 28-ին «Բալասանյան» դաշինքը ունեցած 14 մանդատը վայր դնելու արձանագրություն է ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Այսինքն՝ փաստացի Գյումրին չունի քաղաքապետ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքապետարանի լրատվության բաժնի պատասխանատու Սոնա Առաքելյանն ասաց, որ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել հայեցողական պաշտոններ զբաղեցնող համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Մենուա Մկրտչյանը, համայնքի ղեկավարի օգնականներ Արամ Շաբոյանը, Ռոբերտ Եգորյանը, համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը, Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Լյովա Սիմոնյանը, «Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բալասանյան» դաշինքի ցուցակից, սեփական դիմումների համաձայն, դուրս էին եկել տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, դաշինքի ցուցակում գտնվող ավագանու անդամի թեկնածուներ Հովսեփ Մարտիրոսյանը, Մենուա Մկրտչյանը, Հասմիկ Սամսոնյանը, Հովիկ Հակոբյանը:

Եվս մեկ թեկնածու է մնացել դաշինքի ցուցակում, որը ավագանու անդամ չէ և ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետև վերադարձել աշխատանքի և հրաժարական ներկայացրել: