22/11/2024

Թուրքիայում ավելի ու ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները

Նույնիսկ համեմատաբար «ճշտախոս» ու մտավորական համարվող թուրքերն են ընդունում, որ Թուրքիայում ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները:

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինքնին հասկանալի է, որ տնտեսական լրջագույն խնդիրներ ունեցող Թուրքիայում, այն էլ՝ էրդողանյան իշխանության հանգամանքը նկատի ունենալով, դժգոհությունները փորձելու էին ուղղորդել և ուղղորդում են դեպի այլ ազգերի նկատմամբ ատելության հուն:

Ի մասնավորի, «Ալֆա-նյուզի» «Իրական Թուրքիա» ծրագրին տված հարցազրույցում նման հատկանշական օրինակ բերեց թուրք գրող Քադիր Աքընը՝ նշելով, որ օրերս թուրքական կառավարությունը, տնտեսական ճգնաժամից ելնելով, հայտարարել է, որ նրանք, ովքեր 100 հազար լիրայից ավելի գումար ունեն բանկային քարտերի վրա, պետք է նոր հարկ վճարեն տարեկան 750 լիրայի չափով՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու համար:

Դա բողոքի ալիք բարձրացրեց, և ինչպես պատմում է թուրք գրողը, կառավարությունը հետքայլ արեց, բայց ազգայնական կուսակցության նախագահը հայտարարեց, որ նա, ով չի ցանկանում, որ այդ հարկը կիրառվի, կա՛մ հայ է, կա՛մ հույն է, կա՛մ քուրդ: Քադիր Աքընը հաստատեց, որ այժմ թշնամանքի վիճակ է թե՛ հայերի, թե՛ հույների, թե՛ քրդերի նկատմամբ: Այստեղ, թերևս, պետք է նկատել, որ Թուքիայում մի քանի տասնյակ հազար հայեր են մնացել, որոնց, իհարկե, թուրքերը կարող են «չեզոքացնել» հաշված ժամերի ընթացքում: Նույնը՝ հույների հետ կապված: Քադիր Աքընի նախնիները 100 տարի առաջ ցեղասպանության են ենթարկել բնիկ հայերին ու հույներին: Ի դեպ, նաև՝ քրդերի միջոցով: Իսկ հիմա քրդերի հարցն են ցանկանում լուծել: Հետաքրքրականն այն է, որ նշված գրողը՝ Քադիր Աքընը, ինչպես հարցազրույցի ժամանակ էլ նշեց, հավատում է, որ հնարավոր է հայ-թուրքական խնդիրները երկխոսության միջոցով կարգավորել, լուծել, ապա հասնել հայ և թուրք ժողովուրդների… բարեկամության:

Ըստ որում, նրա խոսքից ակնհայտ է դառնում, որ հրաշալի տեղյակ է, թե ինչեր են եղել, տեղյակ է թե՛ Հայոց ցեղասպանությանը, թե՛ իր քաղաքացիության երկրի ու իր ազգի գործած աններելի ոճիրներին, բայց հրապարակավ, իհարկե, խուսափում է արծարծել այդ թեմաները: Օրինակ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նա արտահայտվում է զուտ պատմական կոնտեքստում, ասենք՝ «պատմաբանները թող քննեն»-ի տարբերակով:Այսինքն՝ «լայթս» հակահայկական է: Ի վերջո, թուրք գրող է, ու հազիվ թե կարելի էր նրանից ավելին ակնկալել: Բայց նաև նշում է, որ՝ այո, Թուրքիան է փակել հայ-թուրքական սահմանը, և իր երկրի ղեկավարությունից պահանջում է բացել այդ սահմանը: Հարկավ, սա տարբերվում է պաշտոնական Անկարայի մոտեցումներից, բայց… թուրքը մնում է թուրք:

Ինչ վերաբերում է «պաշտոնական Անկարային», ապա Էրդողանը, ինչպես տեղեկանում ենք մեր գործընկերների պատրաստած բավականին օգտակար հաղորդաշարի այս թողարկումից, հայտարարել է, թե «հայերի կողմից օկուպացված Ղարաբաղի ազատագրումից հետո Հարավային Կովկասում խաղաղության հասնելու եզակի հնարավորություն է ստեղծվել»: Եթե վերծանենք, ապա նա նկատի ունի, որ Հայաստանը, որպես պետություն« ոչնչացնելու իրական ու վերջնական հնարավորություն է ստեղծվել Թուրքիայի համար: Ոչ պակաս հատկանշական է, որ Թուրքիայում «լավ լուրերի» են սպասում Փաշինյանի հետ շփումներից: Հասկանալի է՝ թուրքերի համար լավ: Իսկ այն, ինչ թուրքի համար լավ է, հայի համար մահացու է: