ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետական քարտուղարի պաշտոնում կնշանակի սենատոր Մարկ Ռուբիոյին: Թուրքական turkgazetasi-ն անդրադարձել է ԱՄՆ ապագա պետքարտուղարի քաղաքական հայացքներին և Թուրքիայի ու նախագահ Էրդողանի հանդեպ վերաբերմունքին:
Պարբերականն առանձնացրել է Ռուբիոյի «հակաթուրքական» գործունեության մի քանի էական դրսեւորումներ: Նա պաշտպանել է «1915թ. իրադարձությունները հայոց ցեղասպանություն ճանաչելու բանաձևը», Ռուբիոն քննադատել է նախագահ Թրամփին, երբ վերջինս մտադիր էր Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմագործողությանն ընդառաջ այդ շրջանից դուրս բերել ամերիկյան սոտարաբաժանումները և հասել է իր նպատակին:
Թուրքական լրատվամիջոցի տեղեկացվածությամբ՝ Ռուբիոն դեմ է արտահայտվել Ֆեթհուլլա Գյուլենի արտահանձմանը, մի շարք հանդիպումներ է ունեցել գյուլենականների հետ և Էրդողանին քննադատել քաղաքական ընդդիմախոսներին ահաբեկչության մեջ մեղադրելու և նրանց հետապնդելու բռնապետական հակումների համար:
Ռուբիոն Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ամենասուր հակասություններն ունեցել է 2019թվականին՝ կապված ռուսական C 400 համակարգի գնման գործարքի և Ստամբուլի քաղաքապետի ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու, քվեարկության երկրորդ փուլ նշանակելու հետ: Սենատորն Էրդողանին մեղադրել է Ստամբուլի բնակչության ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու մեջ և աջակցություն հայտնել քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուին: Վերջինս կրկնական քվեարկության արդյունքներով դարձյալ հաղթել է:
Turkgazetesi-ն նշում է նաև Ռուբիոյի նպաստ Թուրքիայի երկու հայտարարություն: Առաջինը նա արել է 2015թ. և ողջունել Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը: Ռուբիոն ԱՄՆ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Թուրքիայի հակաօդային պաշտպանությունն ամրապնդվի և կատարելագործվի: Թուրքիայի հասցեին Ռուբիոն դրվատական է արտահայտվել նաև ռուս-ուկրաինական պատերազմի առաջին փուլում, երբ թուրքական «Բայրաքտար» ԱԹՍ-ները զգալի վնաս են հասցրել Ռուսաստանի զրահատանկային զորքերին և թիկունքային ծառայություններին:
Թուրքական պարբերականը չի կանխատեսում, թե Մարկ Ռուբիոն պետքարտուղարի պաշտոնում Թուրքիայի հանդեպ քաղաքական ինչ վերաբերմունք կդրսևորի: Իրոք, շատ դժվար է կանխատեսել, թե գործադիր իշխանության շատ պատասխանատու պաշտոնյան ինչպես կդրսևորի իրեն:
Ակնհայտ է, երևի, որ պետքարտուղար Ռուբիոն չի ունենա արտահայտվելու այն ազատությունը, որ նրան տալիս էր սենատորի կարգավիճակը: Անորոշ է նաև՝ նա՞ է որոշելու ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, թե՞ նախագահ Թրամփը: Ամեն դեպքում թուրքական պարբերականը, կարծես, ակնարկում է, որ Թրամփի ընտրությամբ ուրախ լինելու առիթներ Թուրքիան չունի: Այդ մասին նաև Էրդողանն է ակնարկել՝ խորհուրդ տալով սպասել մինչև եկող տարվա հունվար:
Բաց մի թողեք
Փլուզվող հարաբերությունների և կառուցակարգերի պայմաններում, երբ հինն այլևս գրեթե «ավերակ» է
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Հայաստանում արձանագրվում է պետական և համայնքային ծառայությունների՝ քաղաքացիներին մատուցման որակի շոշափելի անկում