27/12/2024

Էլ ո՞ւմ է պետք Սահմանադրական դատարանը, երբ անգամ ԲԴԽ-ն չի կատարում նրա որոշումները

Սահմանադրական դատարանը մեր իրականության մեջ վաղուց արդեն գործադիրի ենթակայության հիմնարկ է դարձել, որն իր որոշումները հարմարեցնում է իշխանության շահերին կամ էլ այնքան է երկարաձգում դիմումների քննությունը, որ դրանք կորցնում են իրենց ակտուալությունը։

Հրապարակ թերթը գրել է․ Օրինակները բազմաթիվ են։ 2021 թ. փետրվարի 22-ին լրացել է Դիլիջանի երկարամյա համայնքապետ Արմեն Սանթրոսյանի լիազորությունների ժամկետը։ Օրենքով՝ նա պետք է նշանակվեր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն Նիկոլ Փաշինյանը ԺՊ նշանակեց ավագանու անդամ Դավիթ Սարգսյանին, որը նախկինում բենզալցակայանում «զապրավշչիկ» է աշխատել ու իր կենսագրության բլանկում «սեռ»-ի դիմաց գրել էր «արու»։ Սահմանադրությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարն ու ավագանին ընտրվում են համայնքների կողմից, մինչդեռ նախորդ տարի իշխանությունների թեթեւ ձեռքով փոփոխություններ կատարվեցին Ընտրական օրենսգրքում, եւ ամրագրվեց, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքներում ավագանին է ընտրելու համայնքի ղեկավար։ Օրենքի անցումային դրույթներում էլ ամրագրեցին համայնքապետերի ԺՊ-ների ինստիտուտը: Դիլիջանի արդեն նախկին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը եւ մի քանի նախկին համայնքապետեր` Տաշիրի, Թումանյանի, Արթիկի, դիմեցին ՍԴ՝ վիճարկելով իրենց ԺՊ չնշանակելու որոշումը։ ՍԴ-ն այնքան ձգձգեց որոշումը, որ ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին` մարտին ներկայացված դիմումը քննվեց նոյեմբերին, ՍԴ-ն մերժեց համայնքապետերին՝ օրինականացնելով ՏԻՄ-երի ուզուրպացումը գործադիրի կողմից։

2021 թ. փետրվարի 25-ին ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց վարչապետի հրաժարականի պահանջով, որը Փաշինյանը որակեց «ռազմական հեղաշրջման փորձ» եւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության առաջարկով դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս զգուշավոր անձնավորություն էր` նախ հետ վերադարձրեց առաջարկը, իսկ երկրորդ անգամ դիմեց ՍԴ՝ «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։ Նախագահի դիմումը ՍԴ-ն մի քանի ամիս ձգեց, եւ երբ արդեն Օնիկ Գասպարյանը վաղուց ազատված էր պաշտոնից եւ քրեական հետապնդման էր ենթարկվում, մերժեց նախագահի դիմումը։

Մոտավորապես նույն վիճակն է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված։ Արդյոք Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը. ՍԴ-ն 2 տարի է՝ չի տալիս այս հարցի պատասխանը։ Դատախազությունն ու դատարանն այդ օրենքի հիման վրա բռնագանձումներ են անում, մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները դեռ 2022-ի սկզբից վիճարկում են այն։ Բարձր դատարանը կասեցրել է քննությունը եւ որոշում չի կայացնում։ Հիշեցնենք․ օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին, ուժի մեջ մտել՝ մայիսի 23-ին: Մոտ 3 տարի ասում են` քննություն է գնում։

2021 թ. մարտի 26-ին հակասահմանադրական ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դատախազությունը ցանկանում էր այդ նույն գործողությունները վերաորակել որպես պաշտոնեական դիրքի չարաշահում կամ պաշտոնեական անփութություն, սակայն ՀՀ քրեադատավարական օրենսգիրքը թույլ չէր տալիս դա անել։ Ահա ինչու հուլիսին ՍԴ-ն որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը՝ ըստ էության, հնարավորություն ստեղծելով, որպեսզի հակասահմանադրական հոդվածով առաջադրված մեղադրանքը վերաորակվի մեկ այլ հոդվածով, որը հակասահմանադրական չէ։ «Իմ տպավորությամբ՝ այս գործն այս վիճակում ուղղակի գցել են առաջին ատյանի դատարանի «գրպանը», այս վիճակից օրինական լուծում ուղղակի չկա»,- իր գործով ստեղծված «աբսուրդային» իրավիճակն այսպես է մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանը։

Այժմ Քոչարյանի գործով լիակատար խառնաշփոթ է տիրում։ Ռոբերտ Քոչարյանն իրեն չի համարում մեղադրյալ եւ դատերի ժամանակ չի նստում ամբաստանյալի աթոռին՝ պատճառաբանելով, որ չկա մեղադրանք, չկա հոդված։ Անգամ չեն ներկայանում դատերին, սակայն վերջին նիստին դատարանը որոշում կայացրեց Ռ. Քոչարյանին, Արմեն Գեւորգյանին, Սեյրան Օհանյանին եւ Յուրի Խաչատուրովին բերման ենթարկել:

«Վերջին մի քանի տարվա ընթացքում ՍԴ-ն կորցրել է իր դեմքը, չի պատկերացնում իր գործառույթները, Սահմանադրության տրամաբանությունը»,- ասում է Երեւանի նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանը։ Ըստ նրա՝ ՍԴ-ն այն աստիճանի է կորցրել իր դերը, որ անգամ այնպիսի մարմին, ինչպիսին է ԲԴԽ-ն, կարող է մի կողմ դնել ու չկատարել բարձրագույն դատարանի որոշումները։ «Այս երկրի բարձրագույն դատարանն ընդունել է որոշում` նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի մասով։ Հիշո՞ւմ եք՝ ՍԴ-ն կայացրել է որոշում, որ ԲԴԽ որոշումը՝ դատավորի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ, օրինաչափ չէ, եւ ԲԴԽ-ն պետք է լսի դատավորին, հնարավորություն տա նրան՝ ներկայացնել իր դիրքորոշումը։ Եվ ի՞նչ է անում ԲԴԽ-ն, բացարձակ չի հետեւում ՍԴ որոշման տրամաբանությանն ու օրենքի ուժին եւ նույն ձեւով խախտում է դատավորի լսված լինելու իրավունքը՝ որոշելով, որ Դավիթ Հարությունյանի կարգապահական գործը չի վերանայի։ Սա նշանակում է, որ ԲԴԽ-ն բացարձակ չի կատարում ՍԴ որոշումները։ Սա երկրի սահմանադրական արդարադատության տապալումն է, սա վերջին կետն է։ Այնուամենայնիվ, ՍԴ-ն մնում է ՍԴ, որի որոշումները պարտադիր են բոլոր մարմինների, այդ թվում՝ ԲԴԽ-ի համար, բայց ինքը բացահայտ ցույց է տալիս, որ ՍԴ որոշումներն այս երկրում որեւէ արժեք չունեն, եւ այս խախտումը կատարում է Բարձրագույն դատական խորհուրդը։ Ի՜նչ ուշացած գործերի մասին է խոսքը, երբ ՍԴ որոշումը բացահայտ չի կատարվում։ Էլ ո՞ւմ է պետք Սահմանադրական դատարանը»,- ասում է նախկին դատավորը։

Հիշեցնենք․ Ալեքսեյ Սուքոյանն ու եւս 7 դատավոր նույնպես դիմել էին ՍԴ՝ բողոքարկելով իրենց լիազորությունների դադարեցման որոշումները, սակայն բարձր դատարանը նրանց դիմումները չի ընդունել վարույթ։