13/12/2024

Վրաստանի ՆԳՆ–ն ընդդիմության գրասենյակներից առգրավել է պիրոտեխնիկա, մոլոտովի կոկտեյլներ

Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում և երկրում անկարգությունների ընթացքում ձերբակալված քաղաքացիների տներում՝ առգրավելով մեծ քանակությամբ պիրոտեխնիկա, «Մոլոտովի կոկտեյլներ» և այլ իրեղեն ապացույցներ:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեն։

Ոստիկանությունը դեկտեմբերի 4-ի առավոտյան սկսել է քննչական գործողություններ իրականացնել «Ջիութեբի» շարժման, «Դրոա» և «Գիրչի» կուսակցությունների, ինչպես նաև նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական կազմակերպության գրասենյակներում: Քննչական գործողություններ են իրականացվել ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Վրաստանի շրջաններում։

«Խուզարկությունների ժամանակ գրասենյակներում և ձերբակալվածների տներում առգրավել են սաղավարտներ, հակագազեր, մեծ քանակությամբ պիրոտեխնիկա, համակարգչային տեխնիկա, «Մոլոտովի կոկտեյլներ», ներկեր, տարբեր հեղուկներ, որոնց համար նշանակվել են փորձաքննություններ»,-ասել է Կուպատաձեն:

Նրա խոսքով՝ երեկոյի դրությամբ անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է յոթ մարդ։

Պաշտոնյան նշել է, որ հանցավոր խմբերի ագրեսիվ և ապակառուցողական գործողությունների հետևանքով տուժել է ավելի քան 150 ոստիկան, ցույցերի մասնակից և ԶԼՄ-ների ներկայացուցիչ, վնասվել են քաղաքային ենթակառուցվածքները: