12/12/2024

Հայաստանը՝ միջնորդավորված կամ ուղիղ, ինչ կարող է առաջարկել Վրաստանին

Մալթայում, որտեղ կայանում է ԵԱՀԿ նախարարական ժողովը, դրան մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի Մակա Բոճորիշվիլիի հետ:

Դա նախարարների առաջին հանդիպումն է, որովհետև Վրաստանի նախարարը նշանակվել է Վրաստանի խորհրդարանի ընտրությունից հետո: Արարատ Միրզոյանի և Մակա Բոճորիշվիլիի հանդիպման մասին հաղորդագրության մեջ կա ուշագրավ ձևակերպում՝ կապված ԵՄ հետ հարաբերությանը:

«Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին մտքեր են փոխանակել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերը»: Հանգամանքը ուշագրավ է նրանով, որ հայտնի է Վրաստանի ու ԵՄ միջև ներկայիս բարդ փոխհարաբերությունը:

Ավելին, Վրաստանի իշխանությունն օրեր առաջ հայտարարեց, որ մինչև 2028 թվականը օրակարգից հանում է Վրաստանի ԵՄ անդամության թեկնածության բանակցության հարցը: Ընդ որում, այդ հայտարարությունը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում դարձավ հետընտրական դժգոհության նոր ալիքի պատճառ:

Եվրամիության ու Թբիլիսիի հարաբերության լարվածության ներկայիս պայմաններում Հայաստանի ու Վրաստանի ԱԳ նախարարները ի՞նչ «մտքեր են փոխանակել»:

Հնարավո՞ր է, որ Երևանը ունենա այսպես ասած հաղորդակցության որևէ առաջարկ, կամ Երևանի միջոցով այդպիսի առաջարկ արվի Թբիլիսիին:

Թե՞ այստեղ զուտ Երևանի շահագրգռությունն է, քանի որ Վրաստանի ու ԵՄ հետ հարաբերության արգելափակումը, ըստ էության, կարող է իր անդրադարձն ունենալ նաև Հայաստանի վրա, թե ընդհանուր եվրոպական քաղաքականության համատեքստում, թե նաև, օրինակ, Հայաստան որոշակի մատակարարումների, այդ թվում՝ Ֆրանսիայից գնված ռազմական տեխնիկայի:

Երևանի համար այդ իմաստով շատ կարևոր է, որ Վրաստանի ու ԵՄ հարաբերության մեջ առաջացած խութերը և բարդությունները գոնե այդ իմաստով չազդեն Հայաստանի համար կարևոր մատակարարումների վրա, որոնք, ընդ որում, իրականացվում են միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխան:

Այլ կերպ ասած, Վրաստանն այդ իմաստով որևէ կերպ չի ներգրավվում Հայաստանի որևէ անիրավ մտադրության կամ հավակնության շրջանակ: Ավելին, այդ առնչությամբ խնդիրներ առաջանալու պարագայում հենց դա կլինի Հայաստանի հանդեպ անիրավություն, միջազգային իրավունքի շրջանակում Հայաստանի հնարավորությունների սահմանափակում:

Արարատ Միրզոյանը վրացուհի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-ԵՄ հարաբերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ քայլերը, ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Երեւանն ըստ ամենայնի Թբիլիսիին հավաստիացրել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերության օրակարգը Վրաստանի համար չի պարունակում իր քաղաքականության համեմատ որևէ ռիսկային կամ հակոտնյա հեռանկար և չի հակասում հայ-վրացական այն ռազմավարական գործընկերության ոգուն, որի վերաբերյալ հռչակագիր Երևանն ու Թբիլիսին ստորագրել են ընթացիկ տարվա հունվարին: