Ադրբեջանի վարչապետ Ասադովը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում է, որտեղ գումարվել է այսպես կոչված «իսլամական ութնյակի» գագաթաժողովը: Բաքվի մամուլը հայտնում է, որ նա հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի, Թուրքիայի և Իրանի նախագահների, ինչպես նաև Պակիստանի վարչապետի հետ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան լիովին աջակցում է «իսլամական ութնյակին» անդամակցելու Ադրբեջանի ցանկությանը: Ադրբեջանը վերջին շրջանում առևտրատնտեսական բավական սերտ կապեր է ձևավորել Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, և «իսլամական ութնյակին» անդամակցության հայտը լիովին ներգրվում է Իլհամ Ալիևի աշխարհաքաղաքական ընտրությանը:
Այս առումով պետք է նկատել մեկ այլ, ոչ պակաս կարևոր, միտում. ադրբեջանական փորձագիտական հանրությունը չի թաքցնում, որ Բաքուն Ռուսաստանի համար «տրանզիտային կայարան է»՝ Գլոբալ հարավի հետ բոլոր բնույթի և որակի կապերն իրականացնելու համար: Գործնականում, իհարկե, խոսքը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մեկ ճյուղավորման մասին է, մյուսն անցնում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան լոգիստիկայով, բայց դա «տեխնիկական խնդիր է»: Աշխարհաքաղաքական առումով Ադրբեջանը սպասարկում է Ռուսաստանի շահերը:
«Իսլամական ութնյակին» Բաքվի անդամակցության հարցը, երևի, Կահիրեի գագաթաժողովում ֆորմալ լուծում չի ստանա, բայց, ինչպես Գորբաչովը կասեր, «գործընթացն սկսված է»: Ադրբեջանն իրեն դասում է զարգացող տնտեսության երկրների շարքին, անդամակցում է Իսլամական համերաշխության կազմակերպությանը, և Ասադովի Կահիրե գործողումը միանգամայն տրամաբանական է:
«Իսլամական ութնյակի» գագաթաժողովի քաղաքական մոդերատորի դերում, ինչպես կարելի է եզրակացնել մամուլի արձագանքներից, հանդես է գալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սիրիայում տեղի ունեցող իրադարաձությունների ֆոնին դա ինչ-որ առումով օրինաչափ է թվում: Բայց Էրդողանը մասնակից երկրների առջեւ դրել է չափազանց բարդ և քաղաքական առումով խնդրահարույց «պահանջ»՝ դադարեցնել Իսրայելի հետ առեւտրա-տնտեսական կապերը, հասնել նրա դեմ սպառազինությունների վաճառքի էմբարգոյի և միջազգային մեկուսացման:
Էրդողանը նույնիսկ թույլ է տվել խնդիրը ձևակերպել իսլամի և հուդայականության միջև պայքարի իմաստով և իր խոսքում մի քանի անգամ շեշտել, էր ՄԱԿ-ի կողմից «հրեական պետություն ստեղծվել է պատմական Պաղեստինի հողերի վրա»: Թուրքիայի նախագահն Իսրայելի դեմ նման հռետորաբանություն առաջին անգամ է օգտագործում: Ի՞նչ զարգացում է նա կանխատեսում կամ կանխածրագրում՝ պարզ կլինի, երևի, ԱՄՆ –ում Դոնալդ Թրամփի կառավարության ձևավորումից հետո:
Կահիրեում կայացել է Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպումը: Կողմերը համակարծիք են, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, երկիրն՝ ազատ լինի ահաբեկչությունից: Ներկա դրությամբ Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություններ դրսևորում է միայն Իսրայելը:
Ադրբեջանի նախագահը չափազանց զգուշավոր է, որպեսզի այս իրավիճակում «իսլամական ութնյակին» անդամակցության հայտ ներկայացնի՝ չունենալով երաշխիքներ, որ դա բացասական հետևանքներ չի ունենա: Բայց Ադրբեջանի առևտրատնտեսական կարեւոր գործընկերներից մեկն Իսրայելն է, որի հետ Բաքուն նաև ռազմական, ռազմա-տեխնոլոգիական համագործակցության ծրագրեր ունի:
«Իսլամական ութնյակն», ինչ խոսք, Թուրքիայի նախագահի «պահանջի» դիմաց «զինվորական շարք չի կանգնելու»: Ոչ էլ Էրդողանն է լիովին խզել Իսրայելի հետ կապերը: Ադրբեջանն էլ իր փաստարկները և հիմնավորումները կունենա: Այդուհանդերձ, «իսլամական ութնյակին» Ադրբեջանի անդամակցությունը կարող է այդ երկրի համար ուղենշային դառնալ: Ըստ երևույթին, առկա է ավելի խորքային հաշվարկ: Ադրբեջանը պատրաստվում է կամ նրան նախապատրաստում են «քաղաքակրթական պատերազմի՞»:
Բաց մի թողեք
Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ անվամբ, պահանջոմ է հրապարակել բոլոր փաստաթղթերը, Նիկոլ Փաշինյանը կլսի՞ նրանց կոչը
Բեմադրելով Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությունը՝ իշխանությունները կարծես թե վճռական են իրենց համար ռազմավար ապահովելու հարցում․ Le Parisien
Ճապոնիայում գռեհկացված պրակտիկան չի անցնի, այնտեղ հանրային կարծիքը կայուն է, Հայաստանում՝ հեղհեղուկ