Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը թեպետ ամեն հնարավոր առիթով հայտարարում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ կարեւորվում են մարդու իրավունքները, սակայն տարբեր առիթներով մենք տեսնում ենք ճիշտ հակառակը:
Հրապարակ թերթը գրել է․ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Հրապարակի» այն հարցին, թե 2024 թվականն ինչպիսի տարի էր մարդու իրավունքների պաշտպանության եւ հիմնարար ազատության տեսանկյունից, նշեց. «Մենք վերադառնում ենք այն նույն տրամաբանության մեջ, որը մերժել էինք 2018 թվականին: Հայաստանը բազմաթիվ չափորոշիչներով այլեւս իրավական պետություն համարվել չի կարող, որովհետեւ համակարգային կոռուպցիան այլեւս ակնհայտ է անգամ այն մարդկանց համար, ովքեր սկզբունքորեն չեն ուզում տեսնել դա, դրա ամենավառ ապացույցը տարբեր՝ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով նշանակումներն են, SMS-ի միջոցով մարդկանց աշխատանքից հեռացնելը, դատական համակարգի աշխատանքին միջամտելը, ըստ նպատակահարմարության քրեական գործեր հարուցելը, յուրայիններին արդարացնելը եւ այլն: Ցանկն անսպառ է: Հայաստանում մարդու իրավունքները լուրջ հետընթաց են ապրում, ինչը չի կարող բխել Հայաստանի Հանրապետության շահերից, ի վերջո՝ ժողովրդավար պետությունը մեր երաշխիքներից է, որ կարող ենք ունենալ անվտանգ պետություն»:
Բայց Նիկոլ Փաշինյանը նաեւ տարբեր կանանց բարձր պաշտոններ է վստահում, այդկերպ փորձ է անում դեմոկրատ երեւալ, հաճոյանալ Արեւմուտքին։ «Կանանց զուտ ֆիզիկական իմաստով այդ պաշտոններում նշանակելը չի նշանակում, որ նույն այդ կանանց իրավունքները պաշտպանված են, դրանք զուտ ձեւական փաթեթավորման տեսանկյունից են ներկայացվում մեզ, Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայանալ ժողովրդավար մեկը, որը հետաքրքրված է նաեւ կանանց իրավունքներով: Բայց եթե նույն այդ կանանցից ինչ-որ մեկը համարձակվի հակադրվել Փաշինյանին, նույն այդ կանանց անձնական տվյալները կդառնան քննարկման առարկա, ինչպես եղավ Հովիկ Աղազարյանի պարագայում: Կլինի կին, թե տղամարդ, եթե Փաշինյանի կողմից ստանում է պաշտոն, պետք է ինքն իրեն հաշիվ տա, թե ինչ ճակատագրի կարող է արժանանալ: Այս իշխանության հետ ժողովրդավարություն ակնկալելու շանսը բացթողնված է, այդ ամենը տեղի ունեցավ ոչ թե իշխանության, այլ քաղհասարակության մեղքով, երբ քաղհասարակությունը չի լինում հետեւողական եւ պահանջատեր, երբ չի ուզում տեսնել կամ համակերպվում է ինչ-ինչ անընդունելի երեւույթների հետ, երբ բաց ես թողնում խնդիրները բարձրաձայնելու ժամանակը, դառնում ես ավտորիտար պետություն, նպաստում ես, որ իշխանությունը գնա դեպի դիկտատուրա:
Քաղհասարակությունը երբեք չպետք է հարմարվի իշխանությանը: Խոսքն այն բոլոր հասարակական կազմակերպությունների մասին է, որոնք նախկինում համաչափ ու ողջամիտ աշխատանք էին տանում, մեծ հեղինակություն էին վայելում միջազգային գործընկերների շրջանում, ունեն մեծ ճանապարհ, որ անցել են պատվով, բայց այսօր սկզբունքորեն չեն ուզում տեսնել այս իշխանության արածները, չեն ուզում նույնանման գնահատականներ տալ Փաշինյանի իշխանությանը», – եզրափակեց իրավապաշտպանը:
Բաց մի թողեք
Բանակցություններով Սյունիքը զիջելն ավելի վտանգավոր է, քան՝ ռազմականը․ Փորձագետ
Նույն գործարքն իրականացրած մեկի գործը կարճել են, մյուսինը՝ ոչ․ Լուսանկար
Տիգրան Ավինյանից դժգոհությունը հասել է պիկին, իմպիչմենթ կնախաձեռնեն