Հակակոռուպցիոն կոմիտեում մի շարք քրեական գործեր են քննվում ՊՆ-ին առնչվող։ Դրանցից մեկը վերաբերում է 10 ձնագնացների ձեռքբերմանը։ Բանն այն է, որ ՊՆ-ն եվրոպական արտադրության ձնագնացներ է գնել շուկայական արժեքից մի քանի անգամ թանկ գնով։
«Հրապարակը» գրում է․ Նույն ձնագնացներից, բայց անհամեմատ ավելի ցածր գնով և փոքր քանակությամբ՝ ընդամենը 2 հատ, ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ձնագնացների ձեռքբերման հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել։ Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանին, որը համակարգում է մատակարարումների ոլորտը, հարցրեցինք ձնագնացների մասին, քանի որ սա ամենակարճ ճանապարհն էր տեղեկությունները ճշտելու։
Սակայն նա շնորհավորեց մեր բանակի տոնը և հորդորեց իրեն նամակ գրել, խոստանալով, որ կպատասխանի բոլոր հարցերին, եթե դրանք գաղտնիք չեն պարունակում։ Հակակոռուպցիոն կոմիտեի մեր աղբյուրը հաստատեց՝ այո, նման վարույթ կա, բայց այն հարուցվել է ոչ թե վերջերս, այլ 2024 թվականին։
Վարույթներից երկրորդն առնչվում է Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացում տեղի գտած թերացումներին։ Այս գործով 7 մեղադրյալ կա, որոնց մեծ մասը կալանքի տակ են։ Պարզվում է, մեծ չարաշահումներ են եղել` կապված բետոնապատման աշխատանքների հետ։
Շրջանառվում է ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանի անունը, որը սերտորեն աշխատել է կապիտալ շինարարության վարչության նախկին պետի՝ Վահագն Ստեփանյանի հետ։ Ստեփանյանը համակարգում նախարար Պապիկյանի մարդկանցից էր համարվում, վերջերս ազատվել է աշխատանքից։
Մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան այս գործից։ Պարզվում է, Ջերմուկի հատվածում մի մասնավոր շինարարական կազմակերպություն, որի անունը ճշտվում է, բանակի պատվերով ճանապարհ է սարքել, և ԳՇ պետի տեղակալ Գրիգորյանը պահանջել է N զորամասի հրամանատարությունից թղթեր ստորագրել և ընդունել շինարարությունը։
Թիկունքի պետն ու նրա տեղակալը հրաժարվել են ընդունել շինարարների աշխատանքը, ասելով, որ այդ ճանապարհը խայտառակություն է և կատարված աշխատանքը չի համապատասխանում այն գումարներին, որոնք դրա դիմաց վճարվել են։ Բնականաբար, սա դուր չի եկել բանակի ղեկավարությանը։
Թիկունքի պետն անմիջապես անցանկալիների դասն է անցել, իսկ նրա տեղակալին ազատել են աշխատանքից, պատճառաբանելով, թե լրացել է նրա պայմանագրի ժամկետը։ Ավելի ուշ պարզեցինք, որ ազատվածը Գրենիկ Պապոյանն է։
Այսինքն, շինարարներն ու մատակարարները պաշտպանության նախարար Պապիկյանի համար ավելի են արժեւորվում, քան զինվորականները, և նրանց խաթրին կպչելը հղի է ծանր հետևանքներով։
Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նմանատիպ միջադեպ եղել է նաև Երկրորդ բանակային կորպուսի հատվածում։ Երկրորդ բանակայինի հրամանատար Գարեգին Պողոսյանը եւս հրաժարվել է անօրակ շինարարություն ընդունել, սակայն միջադեպը հետագայում հարթվել է։
Տեղեկություն ունենք նաև, որ անորակ շինարարության մասին լուրերը հասել են Փաշինյանին և առնվազն երկու կառույց՝ Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱԱԾ-ն այժմ «նստած են ՊՆ-ի վրա»` ինտենսիվ ստուգումներ են իրականացվում, սակայն մեծ խախտումներ չեն գտնում, քանի որ թե մատակարարները, թե պատիրատուն շատ «գրագետ» են աշխատել։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները