Դատական համակարգի մեր աղբյուրները հայտնում են, որ արդարադատության նախարարի կողմից դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, եւ այն այժմ Բարձրագույն դատական խորհրդում է՝ քննության։
Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք, որ Նաիրա Հովսեփյանը պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մայրն է: Բայց նրա արտոնյալ կարգավիճակը, երբ վարույթները հարուցվում են եւ կարճվում, ոչ թե որդու հերոսությամբ է պայմանավորված, այլ նրանով, որ Աննա Հակոբյանի ընկերուհին է:
Նշենք, որ կարգապահական վարույթի համար հիմք է հանդիսացել փաստաբան Գոռ Մարգարյանի դիմումը։ Մենք փորձեցինք ճշտել` Բարձրագույն դատական խորհուրդը ստացե՞լ է այս վարույթը։ Մեզ պատասխանեցին․ «Կարգապահական վարույթների մասին տեղեկատվությունը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի «Կարգապահական վարույթներ, նիստերի ժամանակացույց» բաժնում, որը նաեւ երեւում է «Նորություններ» բաժնում։ Այս պահին նման տեղեկություն հրապարակված չէ, հետեւաբար, այլ տեղեկատվություն առկա չէ»։
Մինչ ԲԴԽ-ից ստանում ենք այս կցկտուր եւ անհոդաբաշխ տեքստը, որը ոչ այլ ինչ է, քան լրագրողից վախենալու եւ պաշտոնական կայքի ետեւում թաքնվելու փորձ, ԲԴԽ մեր աղբյուրները հավաստիացնում են, որ ստացել են համապատասխան փաստաթուղթը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դատավորը փորձում է օգտագործել անձնական կապերը՝ վարույթը ԲԴԽ-ում վիժեցնելու համար, սակայն նրան հասկացրել են, որ դա ավելի կվատթարացնի իր վիճակը:
Մանավանդ՝ մեկ անգամ արդեն նրա որդու հանգամանքը դեր է խաղացել․ գոնե այդպես հայտարարեցին, եւ նույն կարգապահական խախտումը, որի համար այլ դատավորների լիազորություններ էին դադարեցվել, նրա պարագայում պատժի չարժանացավ` ասացին, որ դատավորը վատ հոգեվիճակում է եղել, ուստի դատական ակտերի ուշացման հանգամանքն այս անգամ հաշվի չենք առնում:
Սակայն բոլորին պարզ էր, որ նրա նկատմամբ այդ ներողամիտ վերաբերմունքի պատճառը ոչ թե հերոս որդին է, այլ այն, որ նա Աննա Հակոբյանի անմիջական հովանավորությունն է վայելում։ Այդ մտերմության շնորհիվ էլ Հովսեփյանը կարիերային աճ է ունեցել` դարձել է ԲԴԽ անդամ, ապա՝ նախորդ տարվա մայիսին թողել է ԲԴԽ անդամի պաշտոնը, 3 ամիս անց ընտրվել դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ։
Այդ ժամանակ էլ դատական համակարգում նրա հետ կապված լուրջ դժգոհություններ կային եւ անգամ՝ տհաճ խոսակցություններ, թե ինչպես է քաղաքացիների իրավունքները ոտնահարող դատավորն ընտրվել էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ։
Բազմաթիվ դատավորների, նմանատիպ նորմերի խախտումների համար, ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել, օրինակ՝ դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցրել են՝ գործը ողջամիտ ժամկետում չքննելու պատճառաբանությամբ։ Հիմա տեսնենք, թե այս անգամ ինչպես կվարվի Բարձրագույն դատական խորհուրդը՝ Փաշինյանի համերկրացի Արթուր Աթաբեկյանի գլխավորությամբ: Արդյո՞ք ԲԴԽ նոր նախագահը կհամարձակվի պատժել անպատժելի եւ արտոնյալ Նաիրա Հովսեփյանին։
Հիշեցնենք նաեւ, որ փաստաբանն իր դիմումում նշել է, որ դատավոր Նաիրա Հովսեփյանի վարույթում քննվել է քաղաքացիական գործ՝ ըստ հայցի «Քլասիս Լայթինգ» ՍՊԸ-ի՝ ընդդեմ Մինիոնա Դեմիերր-Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջով։ Գործը, ըստ էության, լուծելու արդյունքում կայացվել է վճիռ, որը պետք է հրապարակվեր «Դատալեքս» տեղեկատվական համակարգում, 2023 թվականի մայիսի 31-ին, սակայն մինչ օրս այն չի հրապարակվել։
Բացի այդ, վճիռը պետք է ուղարկվեր հայցվորին` ոչ ուշ, քան վճռի հրապարակման հաջորդ օրը, այն է՝ 2023-ի հունիսի 1-ին, սակայն մինչ օրս այն ոչ միայն հրապարակված չէ Դատալեքսում, այլ նաեւ ուղարկված չէ հայցվորին։
Բաց մի թողեք
Ինչպե՞ս են իշխանությունները մեր «փոքր նավը» ենթարկում ալեկոծության վտանգին
Որ միջոցառման համար է հատկացվել 8 միլիոն դրամ
16։30-ին դադարեցրել են աշխատանքները, որ աշխատակիցները նորմալ տուն հասնեն