Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակարանային աջակցության ժամանակավոր՝ 40+10 հազար դրամի ծրագիրը վերանայելու համատեքստում կառավարությունը նախատեսում է ներդնել նոր լրացուցիչ ծրագիր, որը կուղղվի սոցիալապես առավել խոցելի ընտանիքների կարիքների հասցեագրմանը։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնելով այս մասին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանել է, որ հասցեական ծրագիրը նպատակ ունի մեղմել այն ընտանիքների սոցիալական վիճակը, որոնք բնակարանային աջակցության պայմանների փոփոխությունից հետո կարող են հայտնվել դժվարին իրավիճակում:
«Մենք հասկանում ենք, որ այս փոփոխության արդյունքում կարող են լինել ընտանիքներ, որոնք չեն կարողանալու հոգալ իրենց բնակվարձի հարցը։ Եվ կառավարությունն արդեն իսկ որոշել է այս փոփոխված ծրագրին զուգահեռ մեկ լրացուցիչ աջակցության ծրագիր ներդնել, որը արդեն ընտանիքի եկամուտները կհաշվի և կորոշի՝ լրացուցիչ գումար հատկացնելու կարիք կա՞, թե՞ չկա»,- մանրամասնել է փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ աջակցությունը կտրվի այն ընտանիքներին, որոնց եկամուտը մեկ անձի հաշվով 55 հազար դրամից ցածր կլինի՝ ներառյալ աշխատանքային եկամուտները։
Այդ դեպքում ընտանիքին կհատկացվի 40 հազար դրամ՝ մեկ անդամի պարագայում, և հավելյալ 10 հազար դրամ՝ յուրաքանչյուր հաջորդ անդամի հաշվով։
«Օրինակ, եթե չորս անդամ ունեցող ընտանիքի ընդհանուր եկամուտը մեկ անձի հաշվով 55 հազարից պակաս լինի, ապա այդ ընտանիքը կստանա լրացուցիչ ևս 70 հազար դրամ», -նշել է Խաչատրյանը:
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակվարձի փոխհատուցման ծրագիրը ոչ թե հանվել կամ դադարեցվել է, այլ որոշակի փոփոխությունների ենթարկվել, որի մասին հայտարարվել է դեռ ամիսներ առաջ:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արցախցիները բողոքներ և հանրահավաքներ են կազմակերպում բնակվարձի փոխհատուցման ծրագրի դադարեցման պատճառով:
«Իրականում ծրագիրը չի հանվել: Մենք ընդամենը ամիսներ առաջ՝ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, պայմաններում փոփոխություններ ենք կատարել: Որպեսզի հիմա ես կարողանամ ճիշտ բացատրել իրավիճակը, պետք է մի քիչ նախապատմությունը հիշեցնեմ. այս ծրագիրը կա դեռևս 2023 թվականի հոկտեմբեր ամսից, սկզբից կառավարությունը այն հաստատել էր վեց ամսով, որպես իրականում ժամանակավոր միջոցառում, որովհետև մենք նախատեսում էինք երկարաժամկետ բնակարանային ապահովության կամ աջակցության ծրագիրն անել։ Այնուհետև մենք շարունակեցինք մինչև 2024 թվականի տարեվերջ՝ հաշվի առնելով, որ բնակարանային ապահովության զուգայնակաբար գործարկված ծրագիրը դեռևս մեկնարկել է, և ժամանակ կպահանջվի, որ մարդիկ դիմեն և դառնան այդ ծրագրի շահառու, հետո նախորդ տարվա նոյեմբերին հայտարարեցինք, որ այս ծրագրի պայմանները վերանայվելու են, ինչու՞, ուզում եմ բացատրել։
Կա այսպիսի ընթացք. պարզ բառերով՝ 50 հազարական դրամներ էինք հատկացնում յուրաքանչյուր մարդու, ընտանիքի ամեն անդամի՝ անկախ այն հանգամանքից, այդ անդամը երեխա է, թոշակառու է, աշխատանքային տարիքի մարդ, աշխատանք ունի՞, թե՞ ոչ։ Իմաստն այն է, որ մարդիկ վճարեն տան վարձը։ Այո՛, և մենք լավ հասկանում էինք, որ մեր աջակցությունն ավելին է, քան տան վարձը, ես դա ուզում եմ պարզ ասել, որովհետև մենք դա գիտեինք, հասկանում էինք, որ այդ միջոցների մի մասը մարզերում բնակվողները հատկապես կարող են նաև օգտագործել իրենց առօրյա կենցաղային ծախսերը հոգալու համար, ինչին դեմ չենք եղել, որովհետև որևէ դեպքում մենք չենք պահանջել նաև կամ պայման չենք սահմանել, որ բերեն բնակարանային վարձի վճարումը հաստատող փաստաթղթեր, բայց դա ժամանակի ընթացքում ընկալվեց որպես սոցիալական օգնություն։
Եվ ավելին ասեմ, մենք ունենք կարծիք, որ այս սոցիալական օգնության տպավորություն թողնող միջոցառումը ժամանակի ընթացքում դարձավ գործոն, որով մարդիկ նախընտրում են այդ ծրագրի աջակցությունից օգտվել, բայց չդիմել երկարաժամկետ բնակարանային ապահովության ծրագրին, որտեղ մենք ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3, 4 կամ 5 միլիոն դրամ աջակցություն ենք ցուցաբերելու, որպեսզի մարդիկ վերջնականապես որոշեն իրենց բնակության վայրը և տեղը»,- նշել է փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ հասկանալով, որ ժամանակավոր սոցիալական բնույթ ունեցող բնակարանային վարձի աջակցության ծրագիրը դարձել է խանգարող գործոն երկարաժամկետ աջակցության ծրագիրը իրականացնելու հարցում, կառավարությունը 2024-ի նոյեմբերին կայացրել է որոշում և նշել, որ 2025 թվականի ապրիլից աջակցությունը կնվազի, սակայն դա կլինի փուլային և կպահպանվի որոշ խմբերի համար:
Փոխվարչապետի վստահեցմամբ՝ ապրիլից մինչև տարեվերջ աշխատանքային տարիքի մարդկանց համար այդ աջակցությունն այլևս չի գործի, կգործի երեխաների, կենսաթոշակային տարիքի անձանց համար, հաշմանդամություն ունեցողների՝ առաջին և երկրորդ խմբի և կերակրողին կորցրած ընտանիքների համար։
«Այսինքն՝ այն ընտանիքները, որոնք իրականում խոցելի են, մենք նրանց շարունակում ենք պահել մինչև տարվա վերջ շահառու, մեկ մարդու հաշվով աջակցության չափը 50,000-ի փոխարեն սահմանելով սկզբից 3 ամիս 40,000, հետո հուլիսից մինչև տարեվերջ 30,000 դրամ, որպեսզի մարդիկ այս ժամանակավորությունը, այս աջակցությունը ևս մեկ անգամ վերագնահատեն և մտածեն բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու և իրենց տները կառուցելու կամ ձեռք բերելու մասին»,- նշել է փոխվարչապետը:
Նա կրկնել է, որ եթե բնակվարձերի փոխհատուցման ծրագիրը մնար ու պահպանվեր, մարդիկ չէին դիմի բնակապահովման ծրագրի համար:
«Մեր աջակցությունը հենց նպատակ ուներ այս ժամանակահատվածում, քանի դեռ նրանք բնակարանի սեփականություն չունեն, չունեն իրենց մշտական բնակվելու տեղը, ապահովել բնակարանային վարձը վճարելու հնարավորություն։ Երբ որ կառավարության աջակցության ծրագրով մի ընտանիք ձեռք է բերում իր բնակարանը, էլ ինչպե՞ս անվանենք այն լրացուցիչ դրամական հատկացումը, որ այդ ընտանիքը պետք է շարունակի ստանալ«- ասել է Խաչատրյանը:
Խոսելով գումարի՝ քիչ լինելու մասին՝ փոխվարչապետը նշել է, որ համաձայն չէ կարծիքին, թե բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագրով նախատեսված միջոցները բավարար չեն:
Ըստ նրա կատարած ուսումնասիրությունների ու հաշվարկների՝ այդ միջոցները բավարար են մարզերում բնակարանների ձեռքբերման համար, օրինակ՝ Վանաձորում, Հրազդանում կամ Արմավիրում:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 900 ընտանիք ապրիլի 7-ի դրությամբ ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ 900 ընտանիքից 100-ն է իրացրել սերտիֆիկատը, մնացածները որոշումների մեջ են։
Խաչատրյանը մանրամասնել է, որ 900 ընտանիքը նշանակում է՝ ընդհանուր առմամբ 3800 անձ ստացել է սերտիֆիկատ։
Անդրադառնալով դիտարկմանը, թե արցախցիները բնակարապահովման ծրագրին չեն դիմում, քանի որ առաջարկվող գումարը քիչ է, փոխվարչապետը նշել է, որ բնակարանային աջակցության ծրագրով առաջարկվող միջոցները բավարար են։
Նա հիշեցրել է, որ ծրագրի փոփոխություններով ընդլայնվել է բնակավայրերի ցանկը, որտեղ բնակարան ձեռք բերելու համար ընտանիքի յուրաքանչյուր անդամի հատկացվելու է 4 մլն դրամ։ Ըստ փոխվարչապետի՝ 3 հոգանոց ընտանիքը հանգիստ կարող է Վանաձորում կամ Արմավիրում 12 մլն դրամով բնակարան ձեռք բերել։
«Մենք բնակարակային ապահովության ծրագրի շահառուներին որոշելու որոշակի հերթականություն ենք սահմանել։ 5 հոգանոց ընտանիքի համար բավարար է»,- ասել է նա։
Փոխվարչապետի խոսքով՝ բնակարանային վարձի աջակցության ծրագիրը խանգարում էր երկարաժամկետ աջակցության ծրագիրն իրականացնելու հարցում։
«2024 թվականին կայացրինք որոշում, որով ասել էինք, որ 2025 թվականի ապրիլից աջակցությունը կնվազի։ Այն չի գործի աշխատանքային տարիքի մարդկանց համար, կգործի երեխաների, կենսաթոշակային տարիքի անձանց, հաշմանդամություն ունեցող և կերակրողին կորցրած ընտանիքների համար»,- ասել է նա։
Խաչատրյանի խոսքով՝ խոցելի ընտանիքները մինչև տարեվերջ կմնան ծրագրի շահառու։
«Որպեսզի մարդիկ վերագնահատեն աջակցության ժամանակավորությունը և մտածեն բնակարային աջակցության ծրագրից օգտվելու մասին»,- հավելել է նա։
Փոխվարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը խոցելի 3000 ընտանիքների համար մշակել է աջակցության ծրագիր, որով 4 հոգանոց ընտանիքը ամսական կստանա 70 հազար դրամ։
Հայտնելով թվային տվյալներ՝ Խաչատրյանը նշել է, որ 22 հազար արցախցի աշխատանք ունի, 4500 բռնի տեղահանված մարդ ինքնազբաղված է, իսկ ֆինանսական աջակցությունն անժամկետ չի կարող լինել, և ձևաչափերը, բնականաբար, պիտի փոխվեն։
2023 թվականի հոկտեմբերից ԼՂ-ից տեղահանվածներին աջակցության տարբեր ծրագրերով հատկացվել է ավելի քան 115 մլրդ դրամ, որի մոտ 90 տոկոսը ծախսվել է կառավարության բյուջետային միջոցների հաշվին։
Բաց մի թողեք
Ֆրանսիան 20 տոննա սերմացու է տրամադրել Խաչիկ գյուղի հարյուր ընտանիքի համար. Լուսանկար
Երևանում կնոջ դի է հայտնաբերվել. իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը
Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. Լուսանկարներ