24/04/2025

ՌԴ հատուկ ծառայությունների մակարդակով ռուս-ադրբեջանական համագործակցությունը նաև «հայկական ուղղությո՞ւն ունի»

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինն ապրիլի 17-18-ին գտնվել է Բաքվում, որտեղ մասնակցել է «Աֆղանստան. տարածաշրջանային փոխկապակցվածություն, անվտանգություն և զարգացում» անվանված խորհրդաժողովին, ինչպես նաև բանակցություններ վարել Ադրբեջանի Արտաքին հետախուզության և Պետական անվտանգության ծառայության, այլ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ:

Խոսելով Աֆղանստանի մասին՝ Նարիշկինն ընդգծել է այդ երկրի կարևորությունը և հայտնել, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Քաբուլի իշխանությունների հետ հարաբերությունների օրենսդրական հիմքեր ստեղծելու ուղղությամբ:

Նախօրեին հայտնի է դարձել, որ ՌԴ Գերագույն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը և որոշել, որ Ռուսաստանի կառավարությունը կարող է «Թալիբան» շարժումը բացառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկից:

Ըստ երևույթին՝ Նարիշկինը նկատի է ունեցել այդ որոշումը, որ վերացնում է Քաբուլի իշխանությունների օրինականությունը Մոսկվայի կողմից ճանաչելու իրավական խոչընդոտը:

Ըստ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրենի՝ արևմտյան հատուկ ծառայություններն Աֆղանստանում աջակցում են հակակառավարական ուժերին, որպեսզի իշխանափոխություն իրականացնեն: Նա հատուկ ընդգծել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դերակատարությունը:

Նարիշկինը հատուկ շնորհակալություն է հայտնել Ղազախստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայություններին, որոնց հետ սերտ համագործակցության շնորհիվ հաջողվել է «չեզոքացնել ինչպես ահաբեկչական մի քանի խմբավորումներ, այնպես էլ կանխել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից աֆղանական ուղղությամբ ձեռնարկած քայլերը»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Նարիշկինն արձանագրել է, որ հատուկ ծառայությունների ձևաչափով համագործակցությունը դինամիկ զարգանում է և նպաստում երկու երկրների պետական և ազգային շահերի պաշտպանությանը:

Այլ մանրամասնություններ ՏԱՍՍ-ը չի փոխանցել, իսկ ադրբեջանական կողմը Նարիշկինի Բաքվում գտնվելու մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածել: Իշխանամերձ մամուլն այդ թեմային անդրադարձել է ՏԱՍՍ-ի վրա հղումով:

Որքանով հասկացվում է, Նարիշկինը Բաքվում խորհրդակցության է հրավիրել նաև Կենտրոնական Ասիայի երկրների հատուկ ծառայությունների ղեկավարներին, և քննարկումները հիմնականում վերաբերել են Կասպյան-կենտրոնասիական տարածաշրջանում անվտանգային խնդիրների փոխկապակցվածությանը:

Բայց դրանից չի հետևում, թե Ադրբեջանի երկու հայտնի և այլ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ քննարկումներում Նարիշկինը չի շոշափել Հարավային Կովկասում կողմերի համագործակցությունը խորացնելու և կատարելագործելու հեռանկարը:

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հետախուզական տեղեկությունների փոխանակման, տեղեկատվական անվտանգության փոխադարձ պահպանման մասին համաձայնագիր ստորագրվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Պատրուշևի Բաքու այցի արդյունքում:

Առկա իրավիճակում հատուկ ծառայության մակարդակով նպաստել Ադրբեջանի ազգային-պետական շահի ապահովմանը, նշանակում է գործել Հայաստանի դեմ: Եվ եթե նման տեղեկություն հրապարակայնացվում է պետական լրատվական գործակալության խողովակներով, ապա պետք է ենթադրել, որ Նարիշկինն ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է հարցեր, որ Հայաստանի համար առնվազն զգայուն են:

Ընդ որում՝ Նարիշկինի Բաքու այցի մասին տեղեկությունը հաջորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի հայտարարությանը, որտեղ նա Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը «հարևան բոլոր երկրների դեմ լրտեսություն» է վերագրում:

Նարիշկինը, ինչ խոսք, առաջնորդվում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարության, անձամբ Վլադիմիր Պուտինի ցուցումով: Ըստ այդմ՝ Մոսկվան Քաբուլը Բաքվից «գրոհելու» որոշում է ընդունել:

Այստեղ, ամենայն հավանականությամբ, դեր է ունեցել այն, որ Ադրբեջանը «Թալիբանի» կառավարության հետ շփումների փորձ ունի: Խնդիր է, թե հատուկ ծառայությունների մակարդակով ռուս-ադրբեջանական համագործակցությունը նաև «հայկական ուղղությու՞ն ունի»: