Նախորդ շաբաթ Ազգային Ժողովում ներկայացվել է օրենքի մի նախագիծ, որը, իհարկե, չի դիմանում «լրահոսային էպատաժի» հավակնություն ունեցող թեմաների մրցակցությանը, բայց թերևս իր կարևորությամբ կամ չի զիջում դրանց, կամ նույնիսկ գերազանցում է որոշներին:
ԶՈՒ-ում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի՝ Գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոններ ու դրանց վարձատրության գործակիցները:
Այդ քայլերը նախատեսում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ներկայացվել է խորհրդարանին:
«Արևմտյան պետությունների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի բանակային ուղղությունների և շտաբային սերժանտների առկայություն, որով նաև ապահովվում է սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը»,- պարզաբանել է օրենքի նախագիծը ներկայացնող պաշտպանության փոխնախարարը:
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի զինուժի վերափոխման հրամայականը կասկած չի հարուցում որևէ մեկի մոտ: Այն մոդելը, որով ձևավորվել ու կենսագործել է զինուժը մինչ այդ, ակնհայտորեն չի բավարարում առկա մարտահրավերներին ու դրանց, իսկ վերափոխման դինամիկային:
Սակայն գլխավոր հարցն այն է, թե ինչ բովանդակություն պետք է ունենա հայկական զինուժի վերափոխումը: Եթե փոքր-ինչ կոպիտ բնորոշենք իրավիճակը, ապա արդյո՞ք հայկական զինուժի վերափոխում ասվածը նշանակելու է այսպես ասած խորհրդառուսական բանակային մոդելից անցում արևմտյան մոդելի:
Եթե մինչ այդ մենք հիմք ենք ընդունել և, ըստ էության, վերարտադրել խորհրդառուսական մոդելը, ապա հիմա էլ անցնում ենք արևմտյանի՞ վերարտադրման: Որևէ վերարտադրություն հազիվ թե հնարավոր է համարել արդյունավետ վերափոխում, առավել ևս այնպիսի առանձնահատուկ, զգայուն համակարգի պարագայում, ինչպիսին զինված ուժերն է:
Հայաստանը, անշուշտ, պետք է ուսումնասիրի միջազգային լավագույն փորձը, բայց բոլորովին ոչ այն պարզապես վերարտադրելու նկատառումով, այլ տեղայնացնելու: Իսկ դրա համար, իհարկե, անհրաժեշտ է շատ ավելի խորքային ու համալիր աշխատանք՝ լավագույն փորձը, որ առկա է աշխարհում, տեղայնացնել «վերամշակելու» միջոցով՝ հաշվի առնելով Հայաստանի թե՛ միջավայրային, թե՛ մենթալ առանձնահատկությունները:
Լավագույնի արտապատկերումը կամ վերարտադրումը չի նշանակում նաեւ այդ փոևձառության արդյունքի համարժեք արտապատկերում: Եթե մի բան լավ է աշխատել արևմտյան մոդելում՝ ՆԱՏՕ համակարգում, ամենևին չի նշանակում, որ դա ինքնաբերաբար լավ է աշխատելու ցանկացած տեղ: Երբ խոսվում է գործակցության, գործընկերության մասին, հենց այդտեղ է թերևս մեխը:
Գործընկերությունը ենթադրում է մոդելների տեղայնացման հարցում սերտ աշխատանք: Հակառակը, գործընկերություն չէ, այլ կրկնօրինակում: Ավելորդ է խոսել, որ Հայաստանի համար հույժ կարևոր է հենց գործընկերությունը, այլ ոչ թե կրկնօրինակումը, որպեսզի հայկական բանակի վերափոխումը ունենա բովանդակություն, այլ ոչ միայն ձև՝ ինչպես ուժային բլոկի այլ ինստիտուտների պարագայում:
Բաց մի թողեք
Իրադարձությունների հետագա ընթացքից և ընդհանրապես իրականությունից կտրված չմնալու համար
Վաղուց հայտնի է, որ ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկում է մոդուլային ատոմակայանների կառուցում …
Ժողովուրդը թամաշա կսիրե, ԱԺ-ում այսօր ծեծռտուքի տեսքով ապահովվեց