ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, անդրադառնալով Կրեմլում ապրիլին ՌԴ նախագահ Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆի հերթական հանդիպմանը, ասել է, որ հանդիպումը թույլ է տվել մերձեցնել դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլ միջազգային այլ կարևոր նշանակության հարցերի շուրջ:
Ուիթոֆը Թրամփի պաշտոնամուտից ի վեր Ռուսաստան է այցելում արդեն չորրորդ անգամ: Ուշակովի հայտարարությունը վկայում է այն գնահատականը, որ հնչեցրել եմ վաղուց, որ ամերիկա-ռուսական բանակցային պրոցեսը մեկնարկել է Ուկրաինայի առիթով, սակայն միայն Ուկրաինայի մասին չէ: Սակայն հետաքրքիր է, թե միջազգային ինչ այլ հարցերի շուրջ են կողմերը մերձեցրել դիրքորոշումները:
Առաջինը, իհարկե, կարող է լինել Իրանի միջուկային գործարքի հարցը: Սակայն, ըստ ամենայնի, շրջանակը չի սահմանափակվում դրանով: Կարևոր հարցերը, որ կլինեն ամերիկա-ռուսական բանակցային սեղանին, իհարկե, շատ են:
Արձանագրումը, որ կողմերը մերձեցրել են դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև միջազգային այլ հարցերի առումով, թերևս նշանակում է, որ ընդլայնվել է ամերիկա-ռուսական համաձայնեցված հարցերի կամ կետերի շրջանակը: Մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչպես ընթանում էր հայ-ադրբեջանական պայմանագրի շուրջ աշխատանքը, երբ նշվում էր տարբեր թվաբանական կոմբինացիա ՝ համաձայնեցված և չհամաձայնեցված հարցերի:
Հիմա տոկոսային ինչ հարաբերություն է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի գործարքի փաթեթում, որն իր կառուցվածքով, բովանդակությամբ և ծավալով, իհարկե, կլինի չափազանց ընդգրկուն և, իհարկե, այդ իմաստով որևէ կերպ համեմատելի չի կարող լինել հայ-ադրբեջանական պրոցեսի հետ:
Միևնույն ժամանակ, անկասկած է թերևս, որ հայ-ադրբեջանական հարցը ուղղակի, թե անուղղակի, լինելու է ամերիկա-ռուսական այդ հարցերի շրջանակում: Հատկապես ի՞նչ տեղում, ո՞ր կիսադաշտում է՝ համաձայնեցվա՞ծ, թե՞ չհամաձայնեցված հարցերի, դժվար է ասել:
Չի բացառվում, որ անդրադարձը հայ-ադրբեջանական հարցին լինի, այդուհանդերձ, անուղղակի և տեղավորվի Իրանի շուրջ համաձայնության շրջանակում: Համենայն դեպս, առայժմ նկատելի է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կովկասի հանդեպ չի ցուցաբերում նկատելի ուշադրություն:
Փոխարենն այդ ուշադրությունն ակտիվացնում են Եվրամիությունը, և Չինաստանը: Կովկասում կարող է փոխվել աշխարհաքաղաքական դիմակայության «պարադիգմը», ինչը, այդուհանդերձ, կպարունակի տուրբուլենտության բարձրացման ռիսկեր, չնայած այն ընդհանուր տպավորությանը կամ սպասմանը, որ ամերիկա-ռուսական գործարքը Կովկասի համար կլինի կայունության ամրագրման իրողություն:
Բաց մի թողեք
Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի ենթադրում Հարավային Կովկասից Ռուսաստանի արտամղում
Եվրամիության պատկերացումները Հայաստանի վերաբերյալ՝ փշերը Երևանի համար լուրջ խնդիր են
Իրական լարվածությու՞ն է, թե՝ «մեծ խաղի նախերգա՞նք», ինչ պետք է անի Հայաստանը