03/07/2025

Ժաննա Անդրեասյանը՝ Մխչյանի և Մերձավանի դպրոցներում դեպքերի մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով քաղաքացիների տեսահարցերին, անդրադարձավ Մխչյանի և Մերձավանի դպրոցների հայտնի դեպքերին:

«Ես այցելել եմ երկու դպրոց, առանց տեսախցիկների հանդիպել եմ աշխատակիցների հետ: Մխչյանի պարագայում փորձել եմ բազմաշերտ նաև հասկանալ իրավիճակը, և մենք այստեղ բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք, և նշել եմ, որ մեր դիրքորոշումն է, որ դպրոցի կողմից թերացումները հետևանքներ են ունենալու: Արդեն իսկ տնօրենը աշխատանքից ազատված է, մնացած բոլոր հարցերով էլ, համապատասխան ուսումնասիրությունների արդյունքներով, կարծում եմ՝ որոշումներ կլինեն:

Ինչ վերաբերում է Մերձավանին, այստեղ շատ մեծ աշխատանք ունենք անելու, որպեսզի սեպտեմբերից դպրոցում աշխատանքային մթնոլորտը լինի՝ կրթական գործունեությանը նպաստող: Այստեղ էլ ունենք պաշտոնակատարի փոփոխություն, և անհրաժեշտ բոլոր քայլերը իրականացվելու են: Մեկ բան ակնհայտ է. այն, ինչ տեղի է ունեցել, չպետք է կրկնվի»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմում է մի շարք բարեփոխումների, որոնք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հնարավորություն կտան ինտեգրվել այն միջավայրում, որում սովորում են։ Այդ նպատակով 2023 թվականից գործում է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը, որի մասին հիշեցրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Մայիսի 26-ին պատասխանելով ՀՀ քաղաքացիների տեսահարցերին՝ նախարարն ասաց, որ դպրոցների ֆինանսավորման նոր կարգով ամբողջությամբ փոխել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կրթության գործընթացի ֆինանսավորումը, և դա բաժանել են երեք մասի։

«Առանձին ֆինանսավորում է հատկացվում առանձին միջավայրային հարմարեցումների համար։ Օրինակ՝ եթե որևէ դպրոց չունի թեքահարթակ, սանհանգույցը հարմարեցված չէ և այլն։ Խնդիրը լուծվում է դպրոցի տարեկան ֆինանսավորման շրջանակում։ Ֆինանսավորման երկրորդ մասն ուղղված է երեխաների՝ կրթական գործընթացում ներառման անհատական լուծումներին։ Դրանք «խելամիտ հարմարեցումներ»-ն են։ Առիթ ունեցել եմ հետևելու՝ ինչպես են այս հարմարեցումները կիրառվում դպրոցներում։ Սա վերաբերում է նրան, թե կոնկրետ երեխային ինչ է անհրաժեշտ, որ կրթության պրոցեսում նրա համար աշխատանքն ավելի արդյունավետ լինի։ Գուցե տեսողության խնդիր ունեցող երեխա է և լրացուցիչ լամպի կարիք ունի և այլն։ Ականատես եմ եղել դեպքերի, երբ հենաշարժական խնդիր ունեցող երեխաների համար սեղանն է առանձնահատուկ հարմարեցված»,-նշեց նախարարն ու հավելեց՝ ֆինանսավորման երրորդ մասն ուղղվում է այն ծառայություններին, որոնց կարիքը երեխան ունի։ Այդ ծառայությունները տրամադրվում են թե՛ դպրոցի մակարդակով, թե՛ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների։

Անդրեասյանի խոսքով՝ դեռ բազմաթիվ խնդիրներ կան, որովհետև ներառականությունը հեշտ չէ, դա ոչ միայն օրենսդրություն է և ֆինանսավորում, այլև արժեքներ, դիրքորոշում, կարողություններ և հմտություններ։

«Մենք բոլորս պետք է համոզված լինենք, որ ներառականությունն այլընտրանք չունի»,-շեշտեց նա։

Անդրեասյանը եղել է բազմաթիվ դպրոցներում, որտեղ միջոցառումների ժամանակ բեմում եղել են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնք ինտեգրված են եղել այդ միջավայրում և ո՛չ նրանց դասընկերների, ո՛չ ներկա որևէ անձի կողմից նախարարը չի նկատել վերաբերմունք, որը ցույց կտա, որ այդտեղ որևէ խնդիր կա։

Նա շեշտեց՝ ներառականության հետ կապված բազմաթիվ հարցեր կան, բայց շատ դպրոցներ մեծ աշխատանք են տանում այդ ուղղությամբ, և շատ երեխաներ հարմար են զգում այն միջավայրում, որում սովորում են։