ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա մեկնելու մասին լուրերին։
«Ակնհայտ է իր կապը։ Նույնիսկ իր հարցազրույցում նա հետաքրքիր բան է անում։ Ասում են՝ Միութենական պետության մասին ինչ եք կարծում, ասում է՝ դե նմանատիպ բան չեմ ասել, և սկսում է բոլոր հնարավոր ձևերով ապացուցել ու ներկայացնել Միութենական պետությունը՝ սխալ զուգահեռներ անցկացնելով ԵՄ հետ»,- ասել է նա։
«Քաղաքացիական պայմանագրի» թիմում հակասություն չկա։ Հարցին՝ ինչպես է ինքը կոշտ արտահայտվում Ռուսաստանի հանդեպ, իսկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ոչ, Սիմոնյանը շեշտեց․ «Պարոն Միրզոյանը ԱԳ նախարարն է և դիվանագիտության պատասխանատուն և կարող է լինել շատ ավելի զսպված, ես քաղաքական մարմնի ղեկավարն եմ, պատգամավոր եմ, ազատ եմ քաղաքական հայտարարություններ անել, իմ բնավորությանը բնորոշ կտրուկ եմ, հակասություն չի կարող լինել»։
«Մատվիենկոյին անպայման գնալու եմ դիմավորեմ։ Ես իրեն անձամբ խոստացել եմ։ Նա ասաց՝ բա ո՞նց էիք տիկին Փելոսիին դիմավորել օդանավակայանում, ես ասացի՝ երբ Դուք գաք, ես մեծ հաճույքով Ձեզ ևս կդիմավորեմ։ Նաև Աննիտա Դիմիդրեվային եմ դիմավորել, որովհետև կին էր, իմ լավ ընկերը, և տիկին Մատվիենկոյին էլ նույնպես դիմավորելու եմ»,- նշեց նա՝ շեշտելով, որ դրանք բացառիկ դեպքեր են։
Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Երևան՝ հայ-ռուսական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար։
Վերջինիս այցը Հայաստան նախատեսված է հունիսի 5-6-ը։
Հայաստանը լավ հարաբերություններ ունի թե՛ Արևմուտքի երկրների հետ, թե՛ փորձելու է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ. «Մենք ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ ռուսամետ ենք, մենք հայամետ ենք և Հայաստանի օրակարգն ենք սպասարկում: Չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ընկնել: Այն խնդիրը, այն հարցերը, հարցադրումները, որ կան մեր ռուս գործընկերների նկատմամբ, օրակարգից դուրս չեն եկել. այնուամենայնիվ, ո՞րն է ՀԱՊԿ–ի սահմանը, ինչո՞ւ է ՀԱՊԿ-ն նույնիսկ քաղաքական մակարդակով իրեն հեռու պահել…էլի շատ ու շատ հարցեր դուրս չեն եկել»:
Նա ընդգծեց՝ լավ չէ երկիրն ամբողջությամբ մեկ խողովակից կախելն ու մեկ ճանապարհով երկրի անվտանգությունն ապահովելը: Եվ կարևոր չէ, թե դա որ ճանապարհն է: Սիմոնյանը շեշտեց՝ չի կարելի լինել միայն արևմտամետ, չի կարելի միայն ռուսամետ, պետք է քո երկրի շահերն ունենաս. «Ռուսամետները գալու են, ասեն՝ ոչ, միայն Ռուսաստան, եվրոպամետները գալու են, ասեն՝ ոչ միայն Եվրոպա, իսկ Հայաստանն այդ ընթացքում պետք է այդ ծանր երկու, երեք կամ չորս բևեռների մեջ իր շահը տանի: Կարո՞ղ եք ասել աշխարհում գոյություն ունեցող մի երկիր, որն ամբողջությամբ մի քաղաքական գիծ է վարում: Այդպիսի երկրները դադարում են գոյություն ունենալ: Քաղաքական առումով այդ երկրները դառնում են ծայրագավառներ և դադարում են գոյություն ունենալ: Հայաստանը լավ, բարի հարաբերություններ ունի Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, փորձելու է իր հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ։ Բայց դա չի նշանակում, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ որևիցե մեկը պետք է փորձեն իրենց դրածոներին այստեղ իշխանություն սարքել, հայկական տնտեսությունն իրենցով անել»:
Նա դրա համար կարևորեց հարաբերությունները բալանսավորելն ու որևիցե ծայրահեղության մեջ չընկնելը:
Բաց մի թողեք
Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան, բայց՝ Ամենայն հայոց կաթողիկոսի. վարչապետ
ՔՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ. Կոնջորյան
ՀԷՑ-ի՝ քաղաքական խարդավանքներով զբաղվող աշխատողները կազատվեն, հավաքների գնալ պարտադրողները՝ կդատվեն. վարչապետ