Հայաստանում օր օրի սնկի պես «աճում» են իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող «8/8» սուպերմարկետները։ Որոշ դեպքերում դրանք բացվում են այլ խանութների տեղում` նախկինը փակվում է, բացվում է «8/8»-ի հերթական մասնաճյուղը, որոշ դեպքերում կառուցվում են զրոյից, եւ այս նորերի կողքի փոքր խանութներն են փակվում։
Հրապարակ թերթը գրել է․ Փոքր բիզնեսը ոչ թե մեռնում է, այլ սատկում է՝ ասում է Աշոտ Հայրապետյանը, որն օրերս փակել է «Գլենդել հիլզ» թաղամասում գտնվող իր «Կարմա» խանութը։ 11 տարվա պատմությունը մի օրում հօդս ցնդեց․ «Կարմայի» ուղիղ դեմդիմաց «8/8» սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղն է բացվում։
«Գլենդել հիլզ» թաղամասի բնակիչները շատ են ցավում՝ Աշոտի փոքր կրպակը թաղի կոլորիտային խանութներից էր, իրենք սիրով օգտվում էին։ Ինչո՞ւ է փակվում Աշոտի «Կարման», ո՞ւմ էր այն խանգարում։ Սեփականատերը շատ բան խոսել չցանկացավ՝ սրտնեղած է, սակայն հասկացրեց, որ «զգուշացրել են»։ Ինքն էլ բիզնեսից հասկացող մարդ է, ասում է՝ մեծը որ բացվեց, փոքրին կխժռի։ «Իրենք սկսել են շինարարությունը, մենք փակել ենք խանութը։ Կողք-կողքի չէր լինի, անիմաստ է։ Երբ տվյալ մարդիկ ընտրվում էին, ասում էին՝ սուպերմարկետները փակենք, որ մանր եւ միջին բիզնեսն աշխատի, բայց հակառակն արեցին։ Իր նախընտրական խոստումներն էին»,- Աշոտ Հայրապետյանը հիշեցնում է Փաշինյանի նախկին ելույթները։
Ավելի համարձակ է հարեւանուհիներից մեկը, ասում է․ իրենք ենթադրում են՝ սեփականատիրոջը ստիպել են, որ այն փակի։ «Մի խանութի հաշվին մյուսը չեն բացում, շատ լավ աշխատող խանութ էր, ինչո՞ւ փակեցին։ Սեփականատիրոջը երեւի ստիպել են, որ փակել է, այլ պատճառ ես չգիտեմ։ Մեր բնակիչները շատ են դժգոհում, որ այսպես եղավ: Ինչի՞ համար, մարդն աշխատում էր, լավ մարդիկ էին»։
Իսկ իշխանությունը վախեցնելու բազմաթիվ մեթոդներ ունի՝ տուգանքներ, հարկեր, «կեղտ» բռնել, կոմպրոմատներ։ Այս ամենից խուսափելու համար է Աշոտը որոշել փակել խանութը, որը մեր նկարահանման պահին արդեն կիսադատարկ էր։
Իսկ 2018-ին գալով իշխանության՝ Փաշինյանը խոստացել էր՝ Հայաստանը կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը կփոքրանա, այլ փոքրը կդառնա միջին, միջինը՝ խոշոր։ Տարիներ անց Հարկային օրենսգրքում այնպիսի փոփոխություններ արվեցին, որ փոքր բիզնեսը ոչ թե մեծանա, այլ՝ առհասարակ փակվի, գոյություն չունենա։
«Հայաստանում խոշոր բիզնեսի իմիջը եւ ընկալումը փոխելու անհրաժեշտություն կա: Պետք է խոստովանենք, որ խոշոր բիզնես ասելով՝ մինչեւ հիմա Հայաստանում հասկանում ենք վատ բան, սակայն իրականում այդ փոփոխությունը հիմա տեղի է ունենում, մարդիկ սկսում են հասկանալ, որ այն այդքան էլ վատ բան չէ: Խոշոր բիզնեսը պետք է կատարի առաջնորդող դեր: Ցավոք, մինչեւ հիմա փոքր եւ միջին բիզնեսի մասին խոսում ենք «յոլա գնալու» տրամաբանությամբ, սակայն փոքրը նրա համար է, որ դառնա միջին, միջինը` խոշոր, իսկ վերջինս՝ գլոբալ բիզնես: Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի կամաց-կամաց հանրությունը խոշորին չընկալի որպես գիշատիչ մի բան, որը հոշոտում է ամեն ինչ: Փոքր եւ միջին բիզնեսին պետք է կարողանանք պաշտպանել, բայց դա չի նշանակում, որ պետք է խոշորի հնարավորությունները սահմանափակենք»,- ասել է Փաշինյանը 2019թ․ հոկտեմբերի 12-ին՝ «Իմ քայլը` հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ։
Իր փոքր բիզնեսը ոչ միայն չխոշորացավ, այլեւ խոշորը խժռեց փոքրին՝ ասում է խանութի տերը։ Նշենք նաեւ, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի բարձրացվեց՝ ի վնաս փոքր եւ միջին բիզնես ունեցողների, նրանք արդեն շրջանառության 10 տոկոսի չափով են հարկ վճարում։ Շատերն ուղղակի փակում են իրենց խանութները, քանի որ չեն կարողանում այդ հարկային բեռը տանել եւ չեն դիմանում խոշորների հետ մրցակցությանը՝ դրան գումարած հարկայինի անկանխատեսելի ճնշումներն ու տուգանքները։
Բաց մի թողեք
Ոչ մի աղոթք՝ բանակում, խաչերը՝ հանել
ՔՊ-ականները նեղսրտել են, որ ռուս գեներալը զանգահարել է փոխքաղաքապետին
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը