«Հրապարակ»-ի զրուցակիցը ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն է:
– Իհարկե, տնտեսական վիճակին կանդրադառնանք՝ զրույցի երկրորդ մասում, բայց սկսենք ընթացիկ զարգացումներից. Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ: Ձեզ հասկանալի՞ է, թե ինչ են անում նրանք:
– Որեւէ կերպ չեմ ուզում գնահատել, որովհետեւ շղթայական անհեթեթությունների օղակներից է սա: Տվայտանքի մեջ են, չեն կարողանում ո՛չ իրենց տեղը գտնել, ո՛չ իրենց պատկերացումները լիարժեք դրսեւորել: Ինչից որ սկսեցին, ճիշտ հակառակն են անում, հիշո՞ւմ եք սիրո, համերաշխության կարգախոսները: Շատերը դրան հավատացին, եւ սպասումներ առաջացան, բայց անհաջողությունները, որ իշխանության եկածներն ունեցել են, իմ կարծիքով, մեջները չարության պես դրսեւորումներ են առաջացրել: Լավ, եթե միակ դրսեւորումը սա լիներ, գուցե լուրջ խոսեինք, բայց անընդհատ նման դրսեւորումներ են՝ չարության, լկտիության, տգիտության՝ անցյալի, ներկայի, անգամ այլակարծության վերաբերյալ: Կարծում եմ՝ սա է հիմնական նպատակը՝ անհաջողությունները բարդել ինչ-որ երեւույթների վրա, ինչը, իհարկե, որեւէ ապագա ունեցող չէ: Սա հասարակության մեջ պառակտում կարող է մտցնել, պետություն-իշխանություն-հասարակություն կոնֆլիկտ կարող է առաջացնել, որից տուժողը լինելու են բոլորը:
– Տպավորություն է, որ Փաշինյանի նպատակն էլ հենց այդ կոնֆլիկտը թեժացնելն է, անգամ՝ քաղաքացիական բախումներ հրահրելը: Նա կոչ է անում համախմբվել ու, ինչպես ինքն է ասում՝ Վեհարանն ազատել:
– Ինքն իր մեջ արդեն հակասությունների այն աստիճանին է հասել, որ ամեն առիթով կոնֆլիկտի է դրդում, հավանաբար, ենթադրում է, որ եթե կոնֆլիկտներ լինեն, կօգտագործի ճնշող մեքենան եւ իր իշխանությունն ավելի ամուր կդարձնի: Տգիտության շղթա է, որից Հայաստանը երբեք չի կարող շահած դուրս գալ: Ցավով եմ ասում, բայց, հավանաբար, կրթության ու դաստիարակության պակասն է խոսում կոնկրետ այդ անձի եւ նրա շրջապատի մեջ: Իսկապես, չեմ ուզում խոսել, որովհետեւ արժանի չեն ինչ-որ վերաբերմունքի, ու կարծում եմ՝ պետք է արտահայտվեն պատկան մարմինները՝ ՄԻՊ-ը, դատախազությունը։ Անպայման պետք է արյուն թափվի, նո՞ր արձագանքեն։
– Պարոն Ասատրյան, այս օրերին առաջին նախագահն էլ հայտնվեց Փաշինյանի թիրախում: Փաշինյանը, որը 2008-ին Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամն էր, իսկ 2012-ին պատգամավոր դարձավ ՀԱԿ-ի ցուցակով, հայտարարեց, թե Լեւոն-Տեր Պետրոսյանն է Հայաստանում ընտրակեղծարարության պրակտիկայի հիմնադիրը, այն բանից հետո, երբ նախագահն այցելեց Մայր Աթոռ ու սատարում հայտնեց եկեղեցուն:
– Ցավում եմ, որ այսօրվա իշխողները մեր պատմության նորագույն շրջանից միայն դա են քաղել՝ մոռանալով, որ ընդհանրապես անցումը տոտալիտար համակարգից ժողովրդավարականի հենց այդ շրջանում է իրականացվել։ Իսկ եթե խոսենք ընտրակարգի մասին՝ մեր երկրում տարիների ընթացքում ինչ-որ բան հաջողվել է, ինչ-որ բան չի հաջողվել, նստեք՝ խորացեք, օրինական ընտրությունները դարձրեք մեր կյանքի մասը, փարատեք ամեն ընտրությունից առաջ մեր հասարակության մեջ իշխող այն մտայնությունը, թե այս անգամ ինչպիսի կեղծարարության է գնալու իշխանությունը:
– Փաշինյանն էլ այդ թիմի անդամ էր, ստացվում է, որ ինքն է՞լ է այդ երեւույթի մասնակիցը եղել, ինչից խոսում է:
– Թիմի անդամ է եղել ավելի ուշ: Գիտե՞ք, ես զայրանում եմ, էլի, մարդիկ կան, որ եղել են թիմի անդամ: Դուք թիմի մեջ եք եղել, ամեն ինչ կարող էիք անել հանուն նրա, որ ընտրություններն ավելի օրինական լինեին: Տարիներ են անցել, եւ անցյալի վրա այդ ցեխ լցնելը երբեք եւ ոչ մի խմբի լավ տեղ չի տարել, ապագան այդպես չի կառուցվում։ Մարդիկ եթե անցյալից միայն վատն են տեսնում, չեն կարող քիչ թե շատ նորմալ ապագա կառուցել: Այո, եղել են բազմաթիվ բացեր ու պրոբլեմներ, սակայն շտկեք, լուծեք: Չի կարելի, ըստ իրավիճակի՝ մե՛կ գովերգել, մե՛կ փնովել: Սրանք իշխանությանը ոչ սազական դրսեւորումներ են, էդպիսի իշխանություն չի կարող լինել, հաստատ՝ էդպիսի իշխանությունն ապագա չի կարող ունենալ: Անցյալի հետ այդպես չի կարելի խոսել, անցյալի հանդեպ պետք է լինել նրբանկատ:
– Դուք ստեղծված իրավիճակը պայմանավորեցիք գործող իշխանությունների անգրագիտությամբ, անդաստիարակությամբ, բայց տեղի ունեցողի մեջ պատվեր չե՞ք տեսնում: Հայ Առաքելական Եկեղեցին միակ կառույցն է, որն Արցախի մասին խոսում է ինստիտուցիոնալ մակարդակում:
– Տեսնում եմ նման դրսեւորումներ, բայց չեմ կարծում: Ո՞ւմ ենք մենք պետք, եթե ոչ միայն մեզ: Իշխանությունների անհաջողության մասին երբ խոսում է եկեղեցին, գուցե այդ անձանց գրգռում է, բայց արտաքին պատվե՞ր…
– Բայց Ադրբեջանն իր հավակնությունների մասին շատ բաց ու թափանցիկ է խոսում․ այսպես կոչված՝ ադրբեջանցիների վերաբնակեցում, Արեւմտյան Ադրբեջան…
– Ադրբեջանն անում է այն, ինչ պետք է անի: Դրանք առավելապես ներքին օգտագործման համար ինչ-որ հայտարարություններ են։ Ի վերջո, եթե մի քիչ ավելի լայն խոսենք, Ադրբեջանում, որը տարբեր ոլորտներում, նաեւ՝ տնտեսության մեջ, առաջընթաց ունի, կյանքի որակը, սոցիալական վիճակը բարձր չեն, կենսաթոշակը Հայաստանի մակարդակին է, հարուստ այդ երկրում ժողովուրդը լավ չի ապրում, դժգոհությունը զսպելու ձեւերից է նուրբ զգացմունքային ազգայնական կարգախոսներով կամ նոր արտաքին սպառնալիքներով հանդես գալը:
– Բայց, ցավոք, կյանքը ցույց է տալիս, որ մեզ ուղղված բոլոր սպառնալիքները գետնի վրա իրականություն են դառնում:
– Իհարկե, Հայաստանը լավագույն վիճակում չէ, մենք անգամ պաշտպանվելու տեսանկյունից չենք փորձում արձագանքել, բայց դրա համար պետություն է պետք, իշխանություն է պետք, ցավոք, մեր իշխանությունները նախապատվությունը տալիս են ներքին խժդժություններին: Ես՝ իբրեւ քաղաքացի, ամենայն անկեղծությամբ, ամաչում եմ, որ երկրի ղեկավարը նման դրսեւորումով կարող է հանդես գալ, բայց նաեւ պահանջում եմ, որ խելքը գլուխները հավաքեն, ափսոս է մեր երկիրը:
Բաց մի թողեք
Ոչ մի աղոթք՝ բանակում, խաչերը՝ հանել
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը
Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին