Հայաստանում կրթությունը վաղուց դադարել է միայն դասասենյակի չորս պատերի մեջ լինել։ Այժմ սովորել հնարավոր է ամենուր՝ դասարանում, սրճարանում, առցանց, կամ նույնիսկ ճամփորդության ժամանակ։
Բայց ի վերջո, ի՞նչ տարբերություն կա ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթության միջև։ Եվ այդ սահմանը այսօր հստա՞կ է արդյոք։
Երբ ասում ենք «կրթություն», առաջին միտքը՝ դպրոցն է։ Հետո՝ համալսարան, դիպլոմ, գնահատականներ։ Սա է ֆորմալ կրթությունը։ Հայաստանում այն սկսվում է նախակրթարանից ու հասնում բուհական համակարգ՝ հստակ ծրագրերով ու պետական վերահսկմամբ։
Հայաստանի կրթության մասին օրենքում ամրագրված է՝ ֆորմալ կրթությունը հանգեցնում է պետականորեն ճանաչված որակավորման։ Այսինքն՝ վերջում դու ձեռք ես բերում «պաշտոնական» գիտելիք։
Ի՞նչ անել, եթե ուզում ես սովորել՝ առանց քննությունների ու դիպլոմի։ Այստեղ է մուտք գործում ոչ ֆորմալ կրթությունը։ Սա ավելի ազատ, ստեղծագործ ու գործնական ոլորտ է։ Օրինակ՝ մասնակցել մեդիա դասընթացի կամ ծրագրավորման դասի՝ Zoom-ով։
Այս ձևը հատկապես տարածված է երիտասարդների շրջանում։ Նրանք ուզում են սովորել արագ, ժամանակակից, կիրառելի բաներ՝ առանց պարտադրանքի։
2023-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է․ «Պետք է կապել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ոլորտները, ձևավորել սովորողի շուրջ մի ամբողջական կրթական միջավայր»։
Այս մոտեցումը նշանակում է, որ արդեն անցել են այն ժամանակները, երբ կրթությունը միայն դասագրքի մեջ էր։ Հիմա սովորելու ճանապարհը կառուցվում է ինքդ քեզ ճանաչելով՝ անկախ տարիքից ու կարգավիճակից։
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ մեծահասակների 14%-ը Հայաստանում մասնակցել է ոչ ֆորմալ ուսուցման։ Նրանց մի մասն ուզում է առաջխաղացում աշխատանքում, մյուսները՝ նոր մասնագիտություն սովորել կամ պարզապես ժամանակն արդյունավետ օգտագործել։
Դիպլոմները ևս կարևոր են, սակայն երբեմն լինում են դեպքեր, որ առանց դիպլոմի ստացած փորձն է դառնում կյանքի իրական վկայականը։
Այսօր կրթությունն ամեն տեղ է՝ որքան ժամանակ, էներգիա ու ցանկություն ունես սովորելու, այդքան քեզ շրջապատում է։
Բաց մի թողեք
Ձեր ամենաճղճիմ և ուժեղ զենքը ծաղրել-հայհոյել-վիրավորելն է, մեր նպատակը՝ միջավայրը գլխիվայր փոխելը. Հակոբյան
Հայտագրվել է 15 հազար 970 դիմորդ
Իտալացի մասնագետները տպավորված են հայաստանյան հյուրընկալությամբ. Լուսանկարներ