Հայաստանն առանձնահատուկ տեղ ունի Օսիպ Մանդելշտամի կյանքում եւ թողած ստեղծագործական ժառանգության մեջ։ Այդ մասին կարեւոր վկայություններ թողել է ոչ միայն պոետը, այլ նաեւ նրա կինը՝ Նադեժդա Մանդելշտամը (1899-1980), որն իր կյանքը նվիրել է ամուսնու գրական ժառանգության պահպանմանը։
Մանդելշտամ ամուսինները Հայաստանում եւ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում անցկացրել են 1930 թվականի մայիսից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը։ Դա, ըստ Նադեժդա Յակովլեւնայի, շրջադարձային նշանակություն է ունեցել բանաստեղծի համար։
Տեւական ստեղծագործական լռությունից հետո նրա վերագտել է իր ներշնչանքը։ Հայաստանն այնքան խոր ազդեցություն է թողել բանաստեղծի աշխարհընկալման վրա, որ հետագայում բանաստեղծի պոեզիայում եղած հարավային սյուժետային պատկերներից դուրս է մղել Ղրիմը՝ գրավելով առաջնային տեղ։ Նադեժդա Մանդելշտամը գրել է, որ ամուսինը Միջերկրականի ավազանը, Կովկասն ու Ղրիմն ընկալել է ոչ միայն որպես աշխարհագրական տարածքներ, այլեւ պատմական եւ մշակութային շարք։ Հայաստանը նրա համար յուրօրինակ քրիստոնեական ամրոց էր` կանգնած տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկին։ Պոետը տպավորված է եղել Հայաստանի պատմությամբ, բնությամբ, անցյալի եղերական էջերով։
Նրա բանաստեղծություններում, որոնք նվիրված են Հայաստանին, ի հայտ էին գալիս պատմական հիշողությունների, դատապարտվածության եւ ցավի մոտիվները։ Օսիպ Մանդելշտամի համար առանձնահատուկ էր հանդիպումը Եղիշե Չարենցի հետ, որը տեղի է ունեցել Թիֆլիսում՝ Հայաստանից հեռանալուց հետո։ Իմանալով Մանդելշտամի նոր բանաստեղծությունների մասին՝ Չարենցը նկատում է, որ դրանք կարող են վերածվել մեկ ամբողջական գրքի։ Այդ գնահատականն ուրախացնում է պոետին եւ հուսավառում։
1932 թվականին նա գրում է «Ճամփորդություն դեպի Հայաստան» ակնարկը, որը հրատարակվում է մեկ տարի անց։ Սակայն հրատարակությունը բուռն քննադատությունների առիթ է դառնում խորհրդային մամուլում, մասնավորապես՝ «Պրավդա» թերթում։
Նադեժդա Յակովլեւնայի հիշողությունների համաձայն, բանաստեղծին հորդորում էին հրապարակայնորեն հրաժարվել այդ ստեղծագործությունից։ Նա դա համարում է ամուսնու վրա ճնշումների գործադրման փուլերից մեկը։ Հետագա տարիներին ճնշումներն ավելանում են, դառնում հալածանքներ։ Օսիպ Մանդելշտամը ձերբակալվում է 1934 թվականին, ավելի ուշ՝ մահանում պատժիչ ճամբարում։ Նադեժդա Մանդելշտամը, սակայն, չի կոտրվում։ Նա ապրում է մինչեւ 1980 թվականն ու մնացած կյանքը նվիրում ամուսնու մասին հիշողության, նրա թողած ժառանգության պահպանմանն ու արծարծմանը։



Բաց մի թողեք
Ես փորձում էի պարզել Կերկիրայում որտեղ է ապրել Կոստան Զարյանը․ Լուսանկարներ․ Տիգրան Մկրտչյան
Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլևը հանդես կգա Երևանում և մարզերում․ Լուսանկար
Սպենդիարյանի 155 ամյակն ու երաժշտական ներկայությունը՝ Հայկ Մելիքյանի փայլուն մենահամերգը. Լուսանկարներ