23/07/2025

Նվաստացման «մուռը հանում» է իր երկրից ու ժողովրդից

Մի հետաքրքիր օրինաչափություն են նկատել մեր քաղաքացիներից ոմանք․ երբ Նիկոլ Փաշինյանը գնում է արտերկիր` Ալիեւի կամ Էրդողանի հետ հանդիպման, որտեղ ստիպված է խոնարհ հարսի պես պահել իրեն, համաձայնել բոլոր հակահայկական առաջարկներին եւ անգամ սուրճ առաջարկել մեր գիշատիչ հարեւաններին, որոնք ամեն կերպ ստորացնում են նրան, վերադառնալով` այդ նվաստացման «մուռը հանում» է իր երկրից ու ժողովրդից:

Հրապարակ թերթը գրել է․ Անթույլատրելի, գռեհիկ լեքսիկոն, խայտառակ քրեական-քաղաքական հետապնդումներ, Եկեղեցու դեմ արշավ, եկեղեցականների անկողին մտնել, ընդդիմադիրներին ուղղված սպառնալիքներ, ՀՀ նախկին նախագահներին ուղղված վիրավորանքներ ու ոչ կոռեկտ արտահայտություններ, դեմոկրատական արժեքներից իսպառ հրաժարում:

Այս ամենը հոգեբանները բացատրում են դրսում իրեն ուղղված նվաստացումը կոմպենսացնելու ձգտումով, երբ իրենից ավելի ուժեղի առաջ խեղճանում է, իսկ իրենից ավելի թույլերի, իրենից կախում ունեցող մարդկանց վրա ինքնահաստատվում:

Եվ այդ ամենն արվում է մահապարտի հուսահատությամբ, իր երկրի հանդեպ մեծ ատելությամբ, իր հետ չհամաձայնողների նկատմամբ վրեժի անհագ զգացումով, ամեն ինչ ջնջելու, ոչնչացնելու խելահեղ եռանդով: Ես չգիտեմ` իր կողքին արդյոք մնացե՞լ է առողջ մտածող 1-2 մարդ, որոնք զգուշացնեն, հետ պահեն այդ ծայրահեղ քայլերից:

Մնացել են, բայց ինքը չի՞ լսում, թե՞ ուղղակի ոչնչացրել է բոլորին եւ իրեն շրջապատել է իր ամենավտանգավոր քայլերին անգամ ծափահարող ստրուկների բազմությամբ: Ի վերջո, այսօր բոլորին մի հարց է հուզում` այս մարդն ու իր շրջապատը կորցրե՞լ են ադեկվատության վերջին նշույլները, թե՞ սա մեր թշնամիների կաբինետներում մշակված կուռ ծրագիր է, որը ստանձնել է իրականացնել իր հայրենիքին դավաճանած մարդկանց այս փոքրիկ խմբակը: