Հուլիսի 20-ից dimord.am կայքում մեկնարկել է բուհերի ընդունելության թափուր տեղերի մրցույթին մասնակցելու դիմում-հայտերի ընդունման գործընթացը։
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նախ հիշեցնում է, որ այս տարի, կառավարության որոշմամբ, բուհերի ընդունելության տեղերը կրճատվեցին մոտ 3 հազարով. այս տարի հատկացվել էր 12 հազար 126 տեղ, որից 2 հազար 142-ը՝ անվճար, իսկ 9 հազար 984-ը՝ վճարովի, մինչդեռ հայտագրված դիմորդների թիվը եղել է 16 հազար 11 հոգի:
Հուլիսի 18-ին` հիմնական մրցույթի ամփոփումից հետո պարզվել է, որ 2 հազար 355 թափուր տեղ է մնացել, որից 1867-ը՝ պետական եւ 488-ը՝ ոչ պետական բուհերում: Ինչ վերաբերում է անվճար եւ վճարովի տեղերին, ինչքա՞ն են դրանք կազմում, Նասիբյանը տեղեկացրեց, որ 2 հազար 355 թափուր տեղից 265-ն անվճար է, պետպատվերով, 2 հազար 90-ը՝ վճարովի:
Հարցին, թե որ բուհերում եւ ինչ մասնագիտությունների գծով են թափուր տեղերը, ԳԹԿ փոխտնօրենը նշում է, որ բոլոր բուհերում էլ կան թափուր տեղեր, բացառությամբ մի քանի մասնագիտությունների. «Օրինակ, Բժշկական համալսարանում «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա» մասնագիտություններով թափուր տեղեր չկան, բայց տարիների փորձը ցույց տվեց, որ «Ֆարմացիա» մասնագիտությունից թափուր տեղեր մնում են, եւ այս տարի եւս այս մասնագիտությունից մնացել է 15 թափուր տեղ, որին, օրինակ, «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների մրցույթից դուրս մնացածներն իրենց դրական միավորներով կարող են դիմել ու մասնակցել»: Իսկ ԵՊՀ-ում թափուր մնացած տեղերը վճարովի են՝ 135 տեղ, ամենաշատը` «Ֆիզիկա» եւ «Ֆարմացիա» բաժիններում: «Ֆարմացիա» մասնագիտությունից դարձյալ չլրացված 15 տեղ կա:
Ինչ վերաբերում է մյուս բուհերին, ապա Պոլիտեխնիկում 63 անվճար թափուր տեղ կա, 237 տեղ՝ վճարովի, ամենաշատը «Տնտեսագիտություն» մասնագիտությունից են թափուր տեղեր մնացել՝ 71, թափուր տեղեր կան «Լոգիստիկա» մասնագիտությամբ՝ 15 տեղ: Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանում 2 անվճար, 133 վճարովի տեղ կա թափուր: Ամենաշատը «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտությունից են թափուր տեղերը՝ 24 տեղ: Տնտեսագիտականում 21 վճարովի թափուր տեղ կա, որից 17-ը՝ «Բնապահպանություն եւ բնօգտագործում» մասնագիտությամբ, Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում՝ 22 անվճար, 208 վճարովի թափուր տեղ, ամենաշատ թափուր տեղերը «Պատմություն» մասնագիտության գծով են՝ 33: Բրյուսովի անվան համալսարանում ամենաշատ թափուր տեղերը «Սերվիս» մասնագիտությամբ են, ընդհանուր առմամբ՝ 2 անվճար, 280 վճարովի տեղ:
Մարզային բուհերում եւս բազմաթիվ թափուր տեղեր կան՝ Շիրակի, Վանաձորի պետական համալսարաններում, Գավառում: Ամենաշատ թափուր տեղերը Գավառում «Անգլերեն լեզու» եւ «Գրականություն» մասնագիտության գծով են՝ 7 տեղ: Սակայն ամենաշատ թափուր տեղերը Ագրարային համալսարանում են՝ 85 անվճար եւ 226 վճարովի (ամենաշատը՝ «Սննդամթերքի անվտանգություն», «Պարենամթերքի տեխնոլոգիա», «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» բաժիններում` 23-ական տեղերով): Ու սա՝ այն պարագայում, որ ագրարային որոշ մասնագիտությունների համար ուսանողական կրթաթոշակ է սահմանված, բայց, չնայած դրան, 85 անվճար տեղ թափուր է:
Հայ-Ռուսական համալսարանում առկա է 88 վճարովի թափուր տեղ, ամենաշատը՝ 14 տեղ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բաժնում: Եվրոպական համալսարանում՝ 100 վճարովի, ամենաշատը՝ 9 տեղ «Միջազգային հարաբերություններ»-ում: Երեւանի «Գլաձոր» համալսարանում՝ 2 անվճար, 28 վճարովի, Երեւանի «Հայբուսակ» համալսարանում՝ 66 վճարովի, ամենաշատը՝ 19 տեղ «Ստոմատոլոգիա» բաժնում: Երեւանի Հյուսիսային համալսարանում առկա է 2 անվճար, 29 վճարովի տեղ։ «Եվրասիա» միջազգային համալսարանում՝ 33 վճարովի տեղ:
Նասիբյանն անդրադարձավ նաեւ բուհերի ընդունելության լրացուցիչ փուլին, որի հայտագրումը կավարտվի հուլիսի 26-ին։ Հուլիսի 25-ի դրությամբ հայտագրվել է 1420 դիմորդ: Այս փուլում դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչեւ 6 մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, եւ ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից դիմորդն ունի դրական միավորներ։
«Այս փուլում դեր է խաղալու դրական միավորը, ոչ թե հայտագրված մասնագիտությունների հերթականությունը: Ամեն դեպքում, ես խորհուրդ կտայի մեր դիմորդներին՝ սկսել նախընտրելի մասնագիտությունից, որովհետեւ, եթե առաջին տողում գրում են ոչ նախընտրելի մասնագիտությունը, ընդունվելուց հետո չեն կարող 2-րդ, 3-րդ եւ մինչեւ 6-րդին մասնակցել»:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական 16 մասնագիտություններում այս տարի ընդունվել են ընդամենը 29 դիմորդներ: 8 մասնագիտություններում ընդհանրապես ուսանող չի ընդունվել, իսկ 2-ում՝ մեկական ուսանող: Դրանք կարևորագույն մասնագիտություններ են երկրի համար՝ «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա», «Պարենամթերքի տեխնոլոգիա» և այլն:
Նման խայտառակ պատկեր ագրարային համալսարանում արձանագրվում է արդեն 6 տարի:
Լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական մրցույթը չհաղթահարած դիմորդները, այնպես էլ հիմնական փուլում բուհ եւ մասնագիտություն չհայտագրածները։ «Այս տարի եւս թույլատրվեց, որ մասնակցեն նրանք, ովքեր ունեն դրական գնահատականներ, բայց չեն հայտագրվել»,- նշեց Նասիբյանը։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:
Բաց մի թողեք
Սահմանվել են նոր պայմաններ լիցենզիա ստանալու համար
Վերին Արտաշատի մշակույթի տունն է, որտեղ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարզային հերթական համերգն անցկացրեց․ ԿԳՄՍ նախարարը լուսանկարներ է հրապարակել
Փոփոխություններ քոլեջների լիցենզավորման կարգում․ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նոր կարգավորումները